Գոտիներն առայժմ չեն ձգել
Կրթության և գիտության նախարարության կազմի մեջ մտնող Կրթության ազգային ինստիտուտը, տնօրեն Ն.Ղուկասյանի խոսքերով, «իր միջոցներով» ձեռք է բերել Volsvagen touareg ջիպը և հետո, նույն աղբյուրի պնդմամբ, այն «փոխանցել է» իր վերադասին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որը և օգտվում է Ազգային ինտիտուտի առատաձեռն «փոխանցումից»:

Թե ինչպես է բյուջետային հիմնարկը ձեռք բերել 70 հզ. ԱՄՆ դոլար արժեղությամբ այս շքեղ` հրասայլ հիշեցնող ավտոմեքենան (հուշենք ամենահարմար պատասխանը` «նվիրել է ազգային բարերարներից մեկը` կրթությունը զարգացնելու նպատակով»), ինստիտուտի ինչի՞ն էր պետք այդ ջիպը և արդյոք պարոն Աշոտյանը չի՞ կարող ծառայել հայրենի կրթությանը` երթևեկելով ավելի համեստ մեքենայով` այդ հարցերի պատասխանները, հավանաբար, կտրվեն:
Բայց որ վարչապետի հանձնարարականը` «գոտները ձգելու մասին», առայժմ չի կատարվում` կարծես թե ակնհայտ է:
Բարի ճանապարհ, «ցանցառ»
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ թերթի իշխանական աղբյուրների` Պետրոսյանի առջև մի շարք հարցեր են դրվել` այդ թվում նաև իր ղեկավարած գերատեսչության վերաբերյալ, որոնց նա այդպես էլ չի կարողացել պատասխանել:
Նույն աղբյուրներից տեղեկացանք նաև, որ նախարարին առաջադրված հարցերից մեկը և գուցե որպես առաջնային հարց ներկայացվել է Գևորգ Պետրոսյանի եղբոր պահվածքը, որն իր հայրական տան համարից զանգահարել էր «ՉԻ» խմբագրություն և սեռական բնույթի հայհոյանքներ տվել լրագրողներին, որոնք նախարարի մասին «փիս» հոդված էին գրել:
Այսպիսով, մեր կողմից «ցանցառ նախարար» որակված Գևորգ Պետրոսյանի նախարարական կարիերան անփառունակ վախճան ունեցավ: ԵՊՀ դասախոսն այդպես էլ չկարողացավ արդարացնել իրեն նախարար դարձրած մարդկանց հույսերը` նմանվելով ՕԵԿ-ական նախկին նախարար Թամարա Պողոսյանին, որի մասին խոսելիս ևս նրան ճանաչողները միայն ժպտում էին:
Ինչ վերաբերում է հաջորդ թեկնածուին, ապա նա լինելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը, քանի որ այդ նախարարությունը ԲՀԿ-ին տրված քվոտաներից է:
Հայաստանում աղքաները թիվն ավելացել է 90 հազարով
Ճգնաժամի հետևանքով ավելացել է նաև ծայրահեղ աղքատների թիվը
Այս տվյալները հրապարակվեցին երեկ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` «Հայաստան. աղքատությունը և համաշխահային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցի հեղինակ, ՀԲ ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն նշեց, որ Հայաստանը համաշխարհային տնտեսական ճգնաժամից առավել տուժած երկրներից է:
Տնային տնտեսությունների հետազոտությունների հիման վրա պատրաստված ուսումնասիրության մեջ նշվում է, որ համախառն ներքին արդյունքի անկման հետ վատթարացել են նաև աղքատության ցուցանիշները: Ինչպես հայտնեց Լիրե Էրսադոն, 2008 թ. երկրորդ եռամսյակին արձանագրված 25,6 տոկոս ընդհանուր աղքատության ցուցանիշը 2009-ի երկրորդ եռամսյակին հասել է 28,4 տոկոսի: Այսինքն` աղքատությունն ավելացել է գրեթե 3 տոկոսով կամ 90 հզ. մարդով:
ՀԲ ավագ տնտեսագետը, մատնանշելով, որ մինչև ճգնաժամը, շնորհիվ մի քանի տարվա տնտեսական երկնիշ աճի, Հայաստանը լուրջ առաջընթաց էր արձանագրել ծայրահեղ աղքատության կրճաման հարցում, ասաց, որ այժմ այդ ցուցանիշը նույնպես վատթարացել է: Դարձյալ 2008 թ. երկրորդ եռամսյակի համեմատ` 2009-ի երկրորդ եռամսյակին ծայրահեղ աղքատության ցուցանիշը կրկնապատկվել է` 3,6 տոկոսից հասնելով 6,9 տոկոսի: Ինչը նշանակում է, որ ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է 107 հազարով:
Գողանում են նույնիսկ հուշարձանները
Գեղարքունիքի մարզի Նորատուս վարչական տարածքից` Սևան-Մարտունի ավտոմայրուղու հյուսիսային հատվածում, Նորատուսի ասֆալտի գործարանի մոտ գտնվող հնարավայր-դամբարանից անհետացել է պատմական բացառիկ արժեք ներկայացնող հուշարձան` արաբատառ արձանագրությամբ, քարի երկու կողմերում առյուծի և վագրի պատկերներով, ինչի համար ժողովրդի հիշողության մեջ այն մնացել է «Ասլան և ղափլան» անունով:
Երեք մետր երկարությամբ և մոտ 1,5 մետր բարձրությամբ տապանաքարը մեկն էր այն 3 պատկերազարդ տապանաքարերից, որոնք զարդարում էին հնավայրը:
Անհետացած հուշարձանը, որի արձանագրությունը վերծանված և հրատարակված է, պատկանում է 14-րդ դարին և պատմական ու գեղագիտական մեծ արժեք ունի:
Պարգևները` բանկերում
ՀԴՄ կտրոններով բոնուս ստացողների հերթերը սպասարկելու համար հարկային տեսուչների թվաքանակը բավարար չէ, և 2010 թվականի ապրիլի 1-ից այդ գործառույթը փոխանցվելու է բանկերին: Այս մասին տեղեկացրել է պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նա վստահեցնում է, որ այս դեպքում հերթերն էապես կնվազեն, քանի որ հարկային մարմինների գրասենյակներն ընդամենը 39-ն են, մինչդեռ ՀՀ-ում կա մոտ 400 բանկային բաժանմունք, որտեղ հնարավոր կլինի ձևակերպել և ստանալ դրամական պարգևները:
Ճնշումներ ճնշման դիմաց
Մոտ 10 օր է` գազալցակայաններում արտակարգ իրավիճակ է: Օրերս մայրաքաղաքից դուրս գտնվող գազալցակայաններից մեկում 200 աստիճան ճնշումից ավելի լիցքավորելու համար (հնարավոր է մինչը 260-280) աշխատակցի հետ դաժան հաշվեհարդար էին տեսել: Պատճառը, ըստ լուրերի, կապված է այն պայմանավորվածության հետ, որ շուրջ մեկ տարի առաջ ձեռք է բերվել գազի լիցքավորման բոլոր կետերի միջև, որ ճնշումը 200-ից ավելի չպետք է լինի:
Գազալցակայաններից մեկի տնօրենը պատմեց, որ Գագիկ Ծառուկյանի հրահանգով մեկ տարուց ավել է` մայրաքաղաքի բոլոր գազալցակայանները 200 աստիճան ճնշմամբ են լիցքավորվում: «Դա, նախ, անվտանգ է, քանի որ մինչև 260-280 հասցվող ճնշումը կարող է պայթյունի պատճառ դառնալ»,- ասում է զրուցակիցս` շրջանցելով հավելյալ եկամտի հարցը:
«Հատկապես Երևանում այդ կանոնը խիստ էր պահպանվում, քանի որ կար զգուշացում, թե պայմանը խախտելու դեպքում կիջեցնեն 1 խմ գազի արժեքը ու կխփեն անհնազանդների բիզնեսին: Դե, նրա ասածն արած է, մանավանդ որ ինքը կարող է գազը վաճառել այնպիսի գնով, որ ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ: Բայց եղան մարդիկ, որոնք կլիենտներ փախցնելու նպատակով խախտեցին պայմանը:
Հիմա «տեցի կռուգի» հատվածում գտնվող` Ծառուկյանին պատկանող գազալցակայաններն աշխատում են` գազի 1 խմ-ն վաճառելով ընդունված 180-ի փոխարեն 130 դրամով: Դեռ 10 օր է` գինն իջել է, արդեն զգալի են մյուս գազալցակայանների եկամուտների նվազումն ու կլիենտների կորուստը: Բայց ո՞վ դուխ ունի գինն իջեցնելու: Չնայած «տեցի կռուգը» քաղաքի ծայրամասում է` բայց մարդիկ ավտոմեքենաները լիցքավորելու համար գնում-հասնում են այնտեղ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Աղվանին կհանի՞
Նախագահական նստավայրից ստացած մեր տեղեկությունների համաձայն` առաջիկայում ՀՀ ուժային կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու: Մասնավորապես, փոխվելու են ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում փոխարինելու է Պետական պահպանության ծառայության ներկայիս ղեկավար Հայկ Հարությունյանը: Թե ով է ոստիկանության պետի պաշտոնում փոխարինելու Ալիկ Սարգսյանին, առայժմ չի հաջողվել պարզել: Ըստ այդ աղբյուրների` հասունացել է նաև Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը: Ըստ այդմ, այս իրադարձությունը տեղի է ունենալու առաջիկայում, և այդ պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը:
Կադրային այս փոփոխությունները, ըստ նույն աղբյուրի, տեղի են ունենալու մինչև Նոր տարի, սակայն, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ ամեն պահի: Նշենք, որ եթե W Աղվանը համարձակություն ունենա և չստորագրի հրաժարականի դիմումը, ապա նրա պաշտոնանկության հարցը, ըստ գործող օրենսդրության, Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի Ազգային ժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել