Մարգար Օհանյան. «Եթե տեխնիկան զարգացնենք, անձնակազմի կրճատում էլ կլինի»
2007 թվականից սկսվեց ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագիրը, որից հետո Հայաստան է ներկրվել 370-ից ավելի արտասահմանյան մակնիշի «Տոյոտա-Կորոնա» ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաներով էլ այսօր տեսուչները ծառայություն են իրականացնում:
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Ֆինանսների նախարարության գնումների գործակալությանն արդեն ներկայացրել են, որ ցանկանում են 2010-ին ունենալ ավտոարագաչափեր` ռադարներ: Առաջին տարում Երեւան քաղաքում կլինի դրանցից թվով 25 հատ, որը շարժական է լինելու: Յուրաքանչյուր փողոցում տեղադրված կլինեն 1-2 ավտոարագաչափեր, որոնք միանգամից կնկարեն 5 շարք եւ օնլայն տարբերակով կուղարկեն կառավարման կենտրոն: Այստեղ կարձանագրվի վարորդի խախտումը եւ ավտոմեքենայի համարանիշը: Սուհանդակային եղանակով կամ փոստով խախտման մասին ակտը կուղղարկվի վարորդի տուն եւ գումարը կգանձվի փոստային եղանակով:
«Եթե տեխնիկան զարգացնենք անձնակազմի կրճատում էլ կլինի, քանի որ մարդուն փոխարինելու է տեխնիկան: Եթե արագությունը չափելու է արագաչափը, համակարգիչը հասցեն է հանելու, արձանագրություն է կազմելու եւ ուղարկելու է տիրոջը, պարզ է, որ անձնակազմը կկրճատվի, այդքան պահում ենք ի՞նչ անենք»,- ասաց Մ. Օհանյանը:
Այս տեխնիկական նորամուծությունն, ըստ Մ. Օհանյանի` կգործի սեպտեմբերի 1-ից: «Հույս ունեմ, որ կհասցնենք»,-ավելացրեց ճանապարհային ոստիկանության պետը:
Ճանապարհային ոստիկանության համակարգում կատարված փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն տեխնիկական հագեցվածությանը, այլեւ տեսուչներին: Մ. Օհանյանի ասելով` տեսուչ է ընդունվել աշխատանքի, ով վարորդական իրավունք չի ունեցել եւ հիմա ոստիկանությունն է օգնում, որ մեքենա վարել սովորի ու վարորդական իրավունք ստանա:
«Ամեն երեքշաբթի մեզ մոտ պարապմունք է անցկացվում: Ուշադրություն ենք դարձնում, որ տեսուչն իր պարտականոությունը կատարելիս իր աշխատանքը 100 տոկոսով իմանա: Եկեք մի 5 տարի ետ նայենք ու կտեսնեք, որ փոփոխությունները շատ են եւ դա շարունակական է լինելու»,- վստահ է Մ. Օհանյանը:
2010 թվականից ուշադրություն է դարձվելու նաեւ ճանապարհային ոստիկանների օտար լեզվի եւ հատկապես` անգլերենի իմացությանը: Արդեն 25 տեսուչ տիրապետում է օտար լեզուներին: «Տեսնում եք, որ Հայաստանն ուզում ենք դարձնել տուրիստական գոտի եւ տեսուչների անգլերեն իմանալը անհրաժեշտ է: Գոնե այնքան նախադասություն իմանան ու հասկանան, որքան անհրաժեշտ է տուրիստ-տեսուչ շփման համար: Հաջորդ տարվանից դասընթացներ կլինեն եւ կհրավիրենք բուհերից մասնագետներին, որպեսզի տեսուչներին սովորեցնենք անգլերեն խոսել»,- ավելացրեց Ճանապարհային ոստիկանապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել