Նոր սակագին` հունվարի 1-ից
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական և «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության առավելագույն սակագինը սահմանելու մասին հարցը:
Դեռ ս.թ. հոկտեմբերի 14-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիշյալ ընկերություններին միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում ճանաչել է գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ, որից հետո էլ նախաձեռնել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:
Արդյունքում, քննարկելով վերը նշված հարցը, հանձնաժողովը որոշել է սահմանել «ԱրմենՏել» և «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը, որը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձևի հիման վրա` կախված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունից:
Ըստ հանձնաժողովի մամլո ծառայության` ներկա փոխարժեքի պարագայում միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է մոտ 174 հազար դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ), որը շուրջ 2 անգամ ցածր է 2009 թ. 1-ին կիսամյակում վերոհիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել