
Բնակիչները կանխել են ծառի ամբողջական հատումը
Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի երրորդ եւ չորրորդ շենքերի անկյունում կառուցվող խանութի տերն այսօր փորձ է արել իր խանութն անկյունից մի փոքր ստվերող հերթական ծառը կտրել:
Երբ կացինն արդեն հասել էր ծառի բնի կեսին, բնակիչները, բարեբախտաբար. միջամտել են, եւ վեճից հետո ծառը հանգիստ է թողնվել, սակայն բնակիչները համոզված են, որ ծառն արդեն այնպես է վնասվել, որ այն շուտով չորանալու է եւ խանութի տերն այսպես, թե այնպես` կտրելու է այն: Կողքի շենքի բնակիչ տիկին Իրինան պնդում է, որ սա առաջին ծառը չէ, որ հատվել է այս խանութի պատճառով. «Այս խանութը տարիներով կիսակառույց է եղել: Վերջերս սկսեցին կառուցել եւ աստիճանաբար խանութի կողքի բոլոր ծառերը վերացան: Մնացել էր այս մեկը, բայց սրա հախից էլ եկան»: Բնակիչները պնդում են, որ վերջին շրջանում Դավիթաշենում ծառահատումներն ավելացել են եւ «դրանց դեմ առնող չկա», իսկ իրենք չեն կարող ամեն ծառի կողքին կանգնել: Այս ամենի հետ կապված «Հետք»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Վերջինս ասաց, որ ինքը քաղաքում չէ, և խոստացավ, որ անպայման մասնագետներ կուղարկի դեպքի վայր, ովքեր կփորձեն կանխել ծառի հետագա փտումը:
Մեկնաբանել