Կոչ են անում ակտիվորեն մասնակցել դրամահավաքին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգային հանգանակության կազմակերպման հանրապետական շտաբն այսօր հանդես է եկել դիմումով, որում մասնավորապես նշվում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ 2009 թ. նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած հերթական հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակված գումարները կնպատակաուղղվեն հայոց պատմական Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը:
Դժվար չէ ենթադրել ակնկալվող ծրագրի ռազմավարական, տնտեսական ու քաղաքական նշանակությունը, որի իրագործումն, անկասկած, կնպաստի ոչ միայն Շուշիի բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, այլեւ նորովի կարժեորի ազգային վերածնության գաղափարը:
Նախորդ տարիների օրինակով դրամահավաքին իր մասնակցությունը կբերի աշխարհի համայն հայությունը, այդ թվում` Հայաստանի եւ Արցախի բնակչությունը: Նոյեմբերի 18-ից հանրապետությունում սկսված է հանգանակությունը: Հատկանշական է, որ արդեն բազմաթիվ կազմակերպություններ, ձեռնարկություններ, համայնքներ, ուսումնական հաստատություններ, հարյուրավոր մարդիկ պատրաստակամություն են հայտնել դրամահավաքին իրենց անձնական զգալի նպաստը բերելու համար: Համոզված ենք, որ ինչպես անցած տարիներին, այս անգամ եւս արցախահայությունը` մեծ թե փոքր, քաջ գիտակցելով ծրագրի կարեւորությունը, պարտքի խոր զգացումով կմասնակցի հերթական հանգանակությանը, որի հաջող ընթացքով է նաեւ պայմանավորված Արցախի հետագա բարգավաճումն ու ծաղկուն ապագան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազգային հանգանակության կազմակերպման հանրապետական շտաբը կոչ է անում բոլոր արցախցիներին` ըմբռնումով մոտենալ խնդրին եւ ակտիվորեն մասնակցել դրամահավաքին: Չմոռանանք, որ դրանով մենք մեզ ենք օգնում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել