
«Գլենդել Հիլզ»-ի ու «Ժամանակ» օրաթերթի դատական վեճը շարունակվում է. քննարկվում է «ինքնափլուզումը»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դատական նիստը: Հայցվոր կողմի փաստաբան Անահիտ Սարդարյանը հրապարակեց հայցապահանջը` նշելով, որ պատասխանող կողմը հրապարակել և տարածել է «Գլենդել Հիլզի» գործարար համբավը զրպարտող տեղեկություն՝ առանց ստուգելու դրա համապատասխանությունը իրականությանը:
Թերթը տեղեկություն էր տպագրել Գյումրի քաղաքում երկրաշարժից տուժած ընտանիքների համար «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից կառուցված Մուշ-2 թաղամասի շենքերի ոչ որակյալ շինարարության մասին` հղում կատարելով բնակիչների բողոքներին: Այս դեպքում «Ժամանակ» օրաթերթը ոչ թե ընդունել և հերքել է իր օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, այլ հրապարակել է հայցվորի կողմից հերքում պահանջելու գրությունը:
Ավելին, ըստ փաստաբան Անահիտ Սարդարյանի, հրապարակված հերքումի հաջորդ էջում օրաթերթն ուղղակի շարունակել է անվանարկել հայցվորի գործարար համբավը և անդրադարձել է հայցվորի հերքմանը վերաբերող պահանջին՝ նշելով, որ «հայցվոր կողմի սանձարձակությունը սահմաններ չունի, հայցվորը վերջերս համարձակվել է մառազմատիկ ցնդաբանությամբ կամ հոգեկան հիվանդի բարբաջանքի նմանվող» տեքստ ուղարկել թերթի խմբագրություն և պահանջել, որ հերքման անվան տակ օրաթերթը տպագրի այն:
«Ժամանակը» հրապարակել է դա՝ նշելով, որ տպագրում է այդ հերքումը միայն այն պատճառով, որ ոչ թե պարտավոր է, այլ իր ընթերցողներին ցույց է տալիս «Գլենդել Հիլզ» ընկերության իրական դեմքը:
Հայցապահանջում «Գլենդել Հիլզ»-ի ներկայացուցիչը պնդում է, որ թերթում տեղ գտած «ինքնափլուզում» եզրը կարծիք է ստեղծում, թե շենքը քանդվում է, մինչդեռ ընդամենը ծեփանյութն է թափվել: Ընկերությունը նաև պահանջում է հերքել այն տեղեկությունը, թե թերությունների մասին լռելու համար հայցվորը բնակիչներին 1000 դոլար գումար է առաջարկել: Փաստաբանը պնդում է, որ վերը նշվածը մտացածին է, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է՝ ուղղված «Գլենդել Հիլզ»-ի գործարար համբավն արատավորելուն:
Վերոնշյալի հիման վրա «Գլենդել Հիլզ»-ի ներկայացուցիչը դատարանին խնդրեց պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթին` տպագրել հայցին կից ներկայացված հերքման տեքստը, վճարել ՀՀ քաղ.օր.-ի 1087.1 հոդվածով սահմանված փոխհատուցումը` 2 մլն դրամ և դատական ծախսերը` 500 000 դրամ:
Փոխհատուցման վերաբերյալ հայցապահանջը լսելուց հետո պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ գումարի վերաբերյալ գրավոր հայցապահանջ նա չի ստացել, այլ ստացել է հայցապահանջի լրացում ուրիշ բովանդակությամբ, ոչ թե փոխհատուցման գումարի վերաբերյալ: Անահիտ Սարդարյանը պատասխանողին տեղեկացրեց, որ իր հայցադիմումում նշված է, որ 1087.1 հոդվածը սահմանում է փոխհատուցումը (8-րդ կետը)` ավելացնելով, որ նախնական նիստերի ժամանակ հայցվորը մասնավորեցրել է, թե որքան է հայցվորի կողմից պահանջվող գումարի չափը: Փաստաբանը նաև նշեց, որ որևէ օրենսդրական դրույթ չի նախատեսում, որ հայցվորը պատասխանողին գրավոր ներկայացնի փոխհատուցման չափը:
Կողմերի միջև այս հարցի շուրջ վիճաբանությունը բավականին երկար տևեց: Հիմնական խնդիրը այն էր, որ պատասխանողը վիճարկում էր հարցը, թե ինչու հայցվորը իրեն գրավոր չի ներկայացրել փոխհատուցման չափը: Դրան ի պատասխան՝ փաստաբան Սարդարյանը տեղեկացրեց պատասխանողին, որ 2,5 մլն դրամի մասին բազմիցս բանավոր ասվել է, իսկ եթե պատասխանողը որևէ առարկություն է ունեցել, ապա պետք է ներկայացներ դա հայցվորին: Ն. Բաղդասարյանն էլ ասաց, որ նրան թվացել է, թե վերջին նիստի ժամանակ հայցվորի ձեռքի թուղթը, որը վերջինս հանձնել է դատավորին, եղել է հայցապահանջը, որն ինքը պետք է ստանար, և զարմանում էր, թե ինչու այն իրեն չի հասել: Սակայն հայցվորը նշեց, որ դա ամենևին էլ հայցապահանջը չի եղել, այլ Եվրադատարանի նախադեպային որոշումների ցուցակը:
Այնուամենայնիվ, կողմերի միջև վեճը դեռ 30 րոպե շարունակվեց, մինչև դատավորն այն դադարեցրեց՝ պատասխանողին տեղեկացնելով, որ իր դիրքորոշումը հայտնի այն ժամանակ, երբ դրա ժամանակը գա:
Դատական նիստում քննարկվող մյուս հարցը «ինքնափլուզում» բառն էր, դրա զրպարտչական լինելու բնույթը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ «Ժամանակ» օրաթերթը «ինքնափլուզում» բառը վերցրել է «7օր.am» կայքից, սակայն հղում չի կատարել կայքին: Փաստաբանը զարմանում է, թե ինչո՞ւ «Գլենդել Հիլզը» «7օր.am կայքին դատի չի տալիս: Անահիտ Սարդարյանը պատասխանեց, որ խոսքը ոչ թե «ինքնափլուզում» բառի մասին է, այլ հոդվածի բովանդակությանը, և որ «Ժամանակ» օրաթերթի հոդվածը ինքնին զրպարտիչ բնույթ է կրում:
Անահիտ Սարդարյանը նաև նշեց, որ Հրաչյա Աճառյանի բառարանում «ինքնափլուզում» բառ չկա, իսկ նույն բառարանում «փլուզել» նշանակում է «ավերել», «քանդել», ինչից կարդացողը կարող է հետևություն անել, որ բնակարանը ամբողջովին փլվել է, մինչդեռ իրականում ծեփն է թափել:
Փաստաբան Ն. Բաղդասարյանը զարմացավ, որ եթե լրագրողը չի տիրապետում լեզվին, դրա համար պետք է իրեն դատի տան, իսկ Անահիտ Սարդարյանն ավելացրեց, որ լեզվին չտիրապետելու համար պարտավոր է կրել պատասխանատվություն, որովհետև նման ապատեղեկատվության պատճառով արատավորվել է «Գլենդել Հիլզ»-ի նման խոշոր ընկերության գործարար համբավը: Սակայն Բաղդասարյանը այս հարցի շուրջ ևս երկար քննարկում ծավալեց, որը կրկին դատավորի միջամտությամբ ավարտվեց: Քանի որ ժամանակը չբավարարեց, դատավորը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 19-ը:
Հ. Գ. Երբ սկսվում էր վերոշարադրյալ գործով նիստը, միջանցքից լսվում էին Մարգարիտա Խաչատրյանի բղավոցները: Մյուս դահլիճում ընթանում էր Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցով դատական նիստը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել