Չի լողում
Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը 6 միլիոն դոլար է վաճառել, որի շնորհիվ միայն` հնարավոր է եղել մեկ դոլարի գինը պահել 387.5 դրամի մակարդակի վրա: Միայն երկու շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արդեն վաճառել է մոտ 43 միլիոն դոլար:
Նույնիսկ իշխանական շրջանակներում լուրեր են շրջում, որ ԿԲ-ն սա անում է ներկրողների համար: Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկումը արհեստականորեն կանխելու եւ նույնիսկ փոքր-ինչ արժեւորելու դրդապատճառն այն է, որ ներկայումս ներկրողները շուկայից դոլար են հավաքում` Ամանորի օրերին առեւտրի համար ներկրումներ ապահովելու նպատակով:
Իսկ ԿԲ-ն նրանց համար ապահովում է էժան դոլար: Ապրանքները ներկրելուց հետո դրամը կարժեզրկվի, ապրանքները կթանկանան, եւ ներկրողները կրկնակի կշահեն մի անգամ` էժան դոլար գնելով, ապա` թանկ ապրանք վաճառելով:
Մինչեւ Նոր տարի
Մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում մեծաթիվ պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում: Արդեն հայտնի է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ սոցապ նախարար ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը: Հաջորդը, մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականը: Իշխանությունները նրանից դժգոհ են հատկապես Վերահսկիչ պալատի հայտնաբերած ահռելի չափերի խախտումների եւ չարաշահումների համար: «Հերթի մեջ է» նաեւ տրանսպորտի եւ կապի ՕԵԿ-ական նախարար Գուրգեն Սարգսյանը:
Մեր տեղեկություններով, քննարկվել է նաեւ Հայաստանը տարատեսակ կենտրոններ դարձնելու եւ ֆանտաստիկ ծրագրերի սիրահար էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանկության հարցը, բայց վերջին պահին այդ հարցը փակվել է` ամենայն հավանականությամբ` նրան հովանավորող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո: Մամուլում հրապարակումներ են լինում նաեւ այն մասին, որ մինչեւ տարեվերջ փոփոխվելու են նաեւ ուժային կառույցների ղեկավարները:
Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում Գորիկ Հակոբյանի փոխարեն հավանական թեկնածու է համարվում վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հետ խնամի դարձած Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` Արզուման Հարությունյանը: Վերջինս ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետն է: Ըստ իշխանական աղբյուրների` Ոստիկանության պետի պաշտոնում Ս.Սարգսյանը ցանկանում է տեսնել ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին էլ փոխարինելու է նույն խորհրդի անդամ, ՀԺԿ նախկին անդամ Ստեփան Զաքարյանը, ով հիմա «Հ1»-ում նաեւ քաղաքական հաղորդում է վարում:
Քլոսն ու Քլոսները
ԱԺ պատգամավորներից թերթը տեղեկացել է, որ խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այս օրերին բավականին հետաքրքիր օրինագիծ է քննարկվում: Պարզվում է, որ օլիգարխների դեմ «կատաղի պայքար» մղող Հայաստանի կառավարությունը նախագիծ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին` Քլոսին, մոնոպոլիստ դարձնելու մասին: Եւ դա արել է անթաքույց: Հայտնի է, որ այսօր մի քանի տարբեր գործարարներ` նույն Ջերմուկի տարածքում «Ջերմուկ» անունով գազավորված ջուր են շշալցնում եւ վաճառում:
Մինչեւ օրս չի եղել որեւէ մեկը, որը «Ջերմուկ» հանքային ջրի բրենդի սեփականատերը լինի: Կան, օրինակ, «Ջերմուկի» մայր, հայր եւ այլ «բարեկամական կապեր» ունեցող գործարաններ: Բայց կառավարությանը դուր չի գալիս, որ «Ջերմուկը» մի քանի գործարաններում է շշալցվում: Նրանք օրենք են ներկայացրել, որպեսզի Աշոտ Արսենյանը կարողանա «Ջերմուկ» անունով ջուր շշալցնել:
Այսինքն` մնացած բոլոր գործարանները պետք է կամ փակվեն, կամ էլ Ջերմուկի հանքերից հանված եւ շշալցված իրենց ջրի անունը փոխեն:
Ասենք, «Ջերմուկի» ջուր արտադրեն, անունը դնեն, ենթադրենք, «Բորժոմ» եւ գովազդեն, որ «Բորժոմ»-ն էլ է լավ «Ջերմուկ»:
Ինչեւէ, հայտնի չէ, թե մարմնի ո՞ր մասով մտածելու արդյունքում է ծնվել այս որոշումը կամ ի՞նչ շահագրգռվածության պայմաններում:
Ինտերպոլը հայտնաբերել է Այվազովսկու կտավը
Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել եւ օրինական տերերին է վերադարձվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մշակութային երկու արժեք: Մեկը Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն էր. այն գողացվել էր Ազգային պատկերասրահից եւ հայտնաբերվեց Մոսկվայում:
Մյուսը 15-րդ դարի Ավետարանն էր` գողացվել էր Արագածոտնի մարզի վարչական տարածքում գտնվող մատուռից, որն էլ հայտնաբերվեց Հայաստանում: Նույն տարածքից գողացված երկու Ավետարանները դեռեւս հետախուզման մեջ են, թերթին տեղեկացրել են Ինտերպոլի գրասենյակից;
Ներկայումս միջազգային հետախուզման մեջ են գտնվում ընդհանուր առմամբ հայկական մշակութային 43 արժեք, հիմնականում կտավներ, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Հակոբյանի եւ այլոց գործեր:
Թուրքիան կրկնակի անհարմարության մեջ է
«Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին` երկրի նախաձեռնողական քաղաքականությունը` ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը դրսեւորված է մասնավորապես այն իրողությամբ, որ գնդակը անընդհատ հայտնվում է Թուրքիայի դաշտում: Եթե ընդունենք, որ Հայաստանի համար ինչ-որ առումով սպասողական վիճակում գտնվելը առաջացնում է «անհարմարություն», ապա Թուրքիան իր նախորդ քաղաքականությամբ առաջացրեց սպասելիք, որ վավերացման գործընթացում շոշափելի քայլը ինքը պիտի կատարի, ինչը «կրկնակի անհարմարություն է»:
Իրականում մենք ձեռքներս ծալած չենք սպասում, եւ իշխանական օղակներում լրջագույն աշխատանքներ են իրականցվում: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների»:
Ազատվել է աշխատանքից
Երկու օր առաջ աշխատանքից ազատվել է կալանավայրերի հսկողությունն իրականացնող վարչության պետ Շահում Տիգրանյանը: Պաշտոնանկությունը, ըստ մեր աղբյուրների, կապված է նույն վարչության դատախազ Լեռնիկ Խաչատրյանի ձերբակալման հետ: Հիշեցնենք, որ նա «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետի հետ միասին կաշառք էր պահանջել կալանավորի հորից եւ բռնվել:
Երկու օր առաջ աշխատանից ազատվել է նաեւ Արաբկիրի դատախազ Հակոբ Բաբայանը, այս պաշտոնանկությունն էլ կապվում է նույն բաժնի քննիչ Մարտոյանի` հացի փռում տեղի ունեցած դեպքը ջրելու համար կաշառք պահանջելու հետ: Երեկ համակարգում նաեւ մեկ փոխատեղում է եղել` Մաշտոցի դատախազին տեղափոխել են Կոտայքի մարզ: Վերջինիս բերելով նրա տեղը: Երեկ որեւէ պաշտոնական հաստատում մենք չկարողացանք ստանալ, ԱԱԾ-ի եւ դատախազության մամլո պատասխանատուների հեռախոսները լռում էին:
Արթուր Բաղդասարյանը չի հավակնում պաշտոնի իջեցման
Օրերս մամուլում, այդ թվում` ադրբեջանական «DAY.az» կայքէջում եւ «Հայկական ժամանակ» օրաթերթում, հրապարակված տեղեկատվությունը, թե առաջիկայում գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իրականությանը չի համապատասխանում:
«Դա անհեթեթ տեղեկատվություն է: Պարոն Բաղդասարյանը, համաձայն ՀՀ օրենսդրության, այսօր զբաղեցնում է Հայաստանի բարձրագույն քաղաքական 4 պաշտոններից մեկը եւ, բնականաբար, չի հավակնում պաշտոնի իջեցման»,-ասել է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել