HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը բավարարեց Իջևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Հետքի»

Այսօր «Հետքի» խմբագրությունը ստացավ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, համաձայն որի` նոյեմբերի 13-ի նիստում դատարանը (նախագահող դատավոր Կ. Հակոբյան) որոշել է բավարարել  Իջևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»: Վերաքննիչը բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել հետ` նոր քննության:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի 2008 թ. մայիսի 5-ի համարում տպագրվել է թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը` «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը»: Նույն հոդվածը տպագրվել է նաև «Ազգ» օրաթերթի 2008 թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր քաղաքապետի անունը: (Մանրամասները տես` Իջևանի քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների». գործը կլսվի Վերաքննիչում) Հունիսի 19-ին քաղաքապետը հայց էր ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին նույն զանգվածային լրատվամիջոցներով, որով տարածվել էր հոդվածը, «հերքել Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներից», որպես վնասի փոխհատուցում` բռնագանձել փաստաբանական ծախսերը` 930. 000 դրամ գումարի չափով: Այս տարվա հուլիսի 10-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, մերժեց Իջևանի քաղաքապետարանի` ի դեմս քաղաքապետի, հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»` փաստելով, որ հոդվածում Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը արատավորող որևէ տեղեկություն չի տարածվել, ուստի` բացակայում է տարածված տեղեկության հերքում պահանջելու հիմքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter