Ա. Աշոտյան. «Միջազգային վարկանիշ ունեցող միակ հայկական բուհը ԵՊՀ-ն է»
Այսօր տեղի է ունեցել Կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Նիստը վարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչպես տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության կայքէջը, նախարարն ասել է, որ այս փաստաթղթի նախագծի քննարկումը փորձ է պատասխան գտնել բոլորին միավորող և հուզող խնդիրներին:
«Խնդիրներն ակնհայտ են: Խնդրի լուծումների մեջ մենք տարբեր տեսակետների տեր ենք, բայց մտահոգությունների մեջ` նույնական: Հապաղելը կարող է ճակատագրական լինել մեզ համար, որովհետև ֆորմալ մոտեցումներն այս բնագավառում, ինչպես նաև իրական արդյունքի բացակայությունը ստվերում են ոչ միայն գիտության զարգացման հեռանկարները, այլև լուրջ խոչընդոտ են հանդիսանում բուհական գիտության համար»,- ասել է նա:
Նախարարի խոսքով` միակ հայկական բուհը, որը ներառված է որևէ միջազգային վարկանիշային ցանկում, Երևանի պետական համալսարանն է: Իսկ ռուսական վարկանիշային սանդղակում պետհամալսարանի դիրքերն ավելի ուժեղ կլինեին, եթե լուծված լինեին երկու հիմնական` բուհի ֆինանսավորման և գիտության հիմնախնդիրները:
Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն որակավորման հանձնաժողով /ԲՈՀ/ գործակալության նախագահ Ա. Թոչունյանը:
Ս. Հարությունյանը անդրադարձել է գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակին, որն է ժամանակակից գիտության պահանջներին համապատասխան գիտական աստիճանաշնորհման արդյունավետ համակարգի ձևավորումը: Նա իր ելույթում նախանշել է համակարգի զարգացման նպատակակետերը և մարտավարությունը, որոնք հիմնականում ներառում են` գիտական աստիճանաշնորհման համակարգի գործառույթների, դրանց իրականացման մեխանիզմների և պատասխանատու մարմինների իրավասությունների հստակեցում, մասնագիտական խորհուրդների ձևավորման չափանիշների և մեխանիզմների արդիականացում, դրանց պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև ատենախոսություններին առաջադրվող պահանջների արդիականացում:
ԲՈՀ-ի նախագահ Ա. Թոչունյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի հիմնական դիտողություններն ու առաջարկությունները հայեցակարգի նախագծի վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում կոլեգիայի անդամներն առաջարկել են նախարարին հայեցակարգային այս փաստաթուղթն ընդունել որպես հիմք` հետագա աշխատանքների համար, քանի որ առկա է տեսակետների տարամիտում, և փաստաթուղթը դեռևս չի կարող հավակնել ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ դառնալ: Նիստի ավարտին մասնակիցները կոլեգիայի նախագահ Ա. Աշոտյանին առաջարկել են.
ա. համապատասխան հիմնավորումներով դիմել վարչապետին` «ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 15 որոշման մեջ փոփոխություն կատարելու, 150-րդ կետով հաստատված ««Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը հանելու առաջարկով:
բ. ձևավորել աշխատանքային խումբ և հանձնարարել վերջինիս մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը մշակել «ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված «ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 8-ի հ.327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
գ. հետևողական լինել համակարգում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, հակառակ պարագայում` գերատեսչությունը չի կարող պաշտպանել ոլորտի շահերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել