HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Չգաս` կբռնենք Երեկ, ինչպես հայտնի է, վարչապետը չմեկնեց Իսրայել, ինչը պաշտոնապես բացատրվեց նրա ունեցած առողջական խնդիրներով: Կառավարության կուլիսներում, սակայն, այլ կերպ են բացատրում Տիգրան Սարգսյանի` Իսրայել չմեկնելը: Դա, ըստ կառավարությունում համառորեն շրջվող լուրերի, պայմանավորված է նրա նախկին գործունեությամբ, երբ Տ. Սարգսյանը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն էր, մի քանի երկրների հատուկ ծառայություններ արձանագրել էին, որ 2002-2005թթ.-ին ՀՀ բանկային համակարգով մեծ ծավալների «կեղտոտ փողեր» դուրս են շրջանառվել, և այդ փողերի որոշ մասի «թելերը» ձգվում են դեպի արաբական երկրներ, և տեսականորեն կարող էին օգտագործվել միջազգային ահաբեկչության ֆինանսավորման համար: Այդ տեղեկատվությանը տիրապետում են նաև Իսրայելի հատուկ ծառայությունները: Եվ ահա, Տ. Սարգսյանի այցից առաջ այդ մասին հայտնի է դարձել նաև ՀՀ իշխանություններին, և վարչապետին խորհուրդ են տվել մի որևէ պատրվակով չմեկնել Իսրայել, քանի որ նա այնտեղ կարող է ձերբակալվել: Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում թերթը կփորձի ճշտել առաջիկայում: Ալիկ Սերգեյիչը հերքո՞ւմ է տեղի ունեցածը Անցյալ շաբաթ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից լրագրողները փորձել են ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, համաձայն որի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) աշխատակիցները թմրանյութեր պահելու և տարածելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբորը: Ի պատասխան ոստիկանապետն ասել է, թե այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և առհասարակ նման բան չկա: Մինչդեռ հենց ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները շարունակում են պնդել, ավելին` ապացույցներ ներկայացնել, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը: Ըստ այդմ` ԱԱԾ-ի նշված պաշտոնյան Սամվել Սարգիսյանն է, որի եղբայրը` Ռոման Սերգեյի Սարգիսյանը, ով բնակվում է Աերացիա թաղամասում, բերման է ենթարկվել 6-րդ վարչություն թմրանյութեր պահելու և տարածելու համար: Ավելին` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի որոշմամբ` վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Կոպիտ սխալներից մեկը «Կարծում եմ` լոնդոնյան ելույթում տեղ գտած կոպիտ սխալներից մեկն էլ խորհրդարանի փոխարեն խոստումներ տալն է: Իհարկե, թե Հայաստանում, թե Թուրքիայում ու Միացյալ Նահանգներում բոլորն էլ հասկանում են, որ Երևանում քվեարկությունը լինելու է թելադրանքով: Բայց ըստ մեր Սահմանադրության` «պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Հետևաբար, գոնե հարգելով երկրի Սահմանադրությունը, պետք չէր ոտնահարել խորհրդարանը ու նման խոստումներ տալ: Ցավոք, այս առումով Էրդողանին խորհուրդ տվողները ավելի հասուն են, քան Հայաստանի նախագահին»,- թերթի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Ձերբակալված գնդապետը հրաժարվել է փաստաբաններից ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը երեկ հրաժարվել է իր պաշտպաններից երկուսի` փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Տիգրան Աթանեսյանի ծառայությունից: Նա իր երրորդ պաշտպանի` Հովիկ Արսենյանի միջոցով տարածել է հայտարարություն, որում նշել է, որ 2010թ. փետրվարի 12-ին Արթուր Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը հարցազրույց են տվել «Ազատություն» ռ/կ-ին և իր անունից հայտնել կարծիքներ, որոնք եղել են ոչ թե իր, այլ փաստաբանների ենթադրությունները: «Նկատի ունենալով, որ փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը, գերազանցելով իրենց լիազորությունները, տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք կրում են զրպարտչական բնույթ, ես ոչ միայն հերքում եմ այդ ամենը, այլև հայտարարում, որ այն բոլոր պաշտոնատար անձանց անունները, որ այդ փաստաբանները նշել են, իմ զինակից ընկերներն են ու մնում են այդպիսին: Այդ իսկ պատճառով ես հրաժարվում եմ նշված անձանց ծառայություններից»,- հայտարարել է գնդապետ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, Նոր տարվա տոներից առաջ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը (դեկտեմբերի 15-ին) հրապարակեց 2008թ-ի փետրվարի 23-ին ՊՆ Միքայել Հարությունյանի արձակած հրամանի քաղվածքը, համաձայն որի` նախագահի ընտրություններից 4 օր անց ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է անցնել զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում և առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվամբ նոր կառույց: Ընտրություն` ըստ «Intermob»-ի և Հ1-ի Երեկ Ազատության հրապարակի մոտ տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան մրցույթի մասնակիցներ Էմմիի և Միհրանի մի քանի տասնյակ երկրպագուների բողոքի ակցիան: Նրանք բողոքում էին, որ Էմմիի և Միհրանի օգտին ուղարկված sms-ները տեղ չեն հասել: Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը, երեկ ասել է, որ մտադիր են պահանջել sms քվեարկությունների վերծանությունները: Չի բացառվում, որ նրանք դիմեն դատարան` բողոքարկելով արդյունքները: «Եվրատեսիլին» հայաստանյան համակարգող Դիանա Մնացականյանը երեկ հայտնել է, որ sms քվեարկությունն իրականացրել է «Intermob» ընկերությունը բջջային բոլոր օպերատորների մասնակցնությամբ: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավարը երեկ թերթի թղթակցին ասել է. «Ըստ պայմանագրի` «Intermob»-ը պետք է ընդուներ բաժանորդների կողմից ուղարկված sms-ները, դրանք հաշվարկեր ու ներկայացներ: «ԱրմենՏելի» ցանցն ի վիճակի է ընդունել օրական 2 մլն sms-ից ավելի հաղորդագրություն: Քվեարկության ընթացքում մեր ցանցով անցել է ընդամենը 25 536 sms: Սրանք անխափան անցել են ինտերնետ ՍՊԸ-ի սերվերներ, իսկ թե ինչո՞ւ չեն հաշվառվել այն sms-ները, որոնք անցել են մեր ցանցով, այդ հարցին պետք է պատասխանի «Intermob»-ը: Մենք տեխնիկապես ի վիճակի չենք տեսնել կամ sms-ների պարունակությունը ֆիլտրել: Դա երևում է միայն ընդունող կողմին, այսինքն` «Intermob»-ին»: Ավելի ուշ Հ1-ով ասվել է, որ ընդհանուր առմամբ ստացվել է 43.187 sms հաղորդագրություն, որից Եվա Ռիվասը ստացել է 11.342, Ռազմիկ Ամյանը` 10.622, Էմմին և Միհրանը` 10.145: Այն դեպքում, երբ մրցույթի օրվա ամբողջ sms-ների քանակը միասին կազմում էր 9550: Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ Բրիտանիայի խորհրդի ստորին` Համայնքների պալատում ցեղասպանության դատապարտման կողմնակիցների թիվը հասել է 254-ի: Ընդ որում` 646 պատգամավորներից միայն 495 կարող են քվեարկել այս հարցի վերաբերյալ: Ընդունված փաստաթղթում (N 287) նշված է. «Համայնքների պալատը դատապարտում է այն քաղաքականությունը, որով մերժվում է Հոլոքոստում, ինչպես նաև 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի և ասորիների ցեղասպանությունը: Համայնքների պալատը դապատարտում է այն ատելությունը, որը և բերել է այդ իրադարձություններին և կոչ է անում Բրիտանական խորհրդարանի ողջ կազմին` հարգել Հոլոքոստի և 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակը` ապացուցելով, որ դրանք երբեք չեն մոռացվի»: Սրանով, փաստորեն, Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը միացավ Ուելսի, ինչպես նաև Շոտլանդիայի և Իռալանդիայի խորհրդարանի ընդունած ձևակերպումներին: Մեր հավաքականի փայլուն ելույթը Հայաստանի հավաքականը երրորդ տեղը գրավեց Երևանում ավարտված հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում` կրկնելով անցյալ տարի Ֆրանսիայում ցույց տված արդյունքը: Ենթախմբում միևնույն` 7:0 հաշվով ջախջախելով Սկանդինավիայի և Կուբայի հավաքականներին, մերոնք 3:4 հաշվով պարտվեցին մրցաշարի հաղթող Իրանի թիմին: Վերջինս եզրափակիչում հաղթեց Թուրքիայի ընտրանուն, իսկ Հայաստանի հավաքականը երրորդ տեղի համար պայքարում առավելության հասավ ռուսների նկատմամբ: Վճռական միավորը մեր թիմին բերեց գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter