Ծառերը ծաղկել են
Նոյեմբերյանի գյուղերում բարձր ջերմաստիճանի պատճառով ծառերը ծաղկել են: Գյուղատնտեսներն այստեղ ցրտահարություն են կանխատեսում. հունվարին ծաղկած ծառերը դժվար թե այս տարի պտուղ տան: Եվ խնդիրը ոչ թե սպասվելիք ցրտերն են, այլ այն, որ փոշոտում տեղի է ունենում միայն 18-19 աստիճան տաքության դեպքում: Այս երևույթները մասնագետները բացատրում են համաշխարհային էկոլոգիական անոմալիաներով, որոնցից զերծ չէ նաև Հայաստանը:
«Եվրատեսիլ 2010»-ի մասնակիցը հայտնի՞ է
Մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Էմմի-Միհրան զույգը, Ռազմիկ Ամյանը, Հայկ Կասպարովը և Էվա Ռիվասը:
Անկախ մասնակցողների տաղանդից ու ձայնային տվյալներից` արդեն որոշված է, թե ով է ներկայացնելու Հայաստանը: Թերթի տեղեկություններով «Եվատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Էվա Ռիվասը: Նա հայկական ծագում ունի, ապրում է Դոնի Ռոստովում: «Հրապարակի» տեղեկություններով` 20-ամյա երգչուհու «ռասկրուտկայով» զբաղված է անձամբ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը:
Նշենք, որ Էմմին մրցույթին մասնակցելու համար վերջին ամիսներին պատրաստվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Բարձրաստիճան ոստիկանները` օրինախախտ
Իր տարեվերջյան ասուլիսում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը լրագրողներին հավաստիացնում էր, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հատուկ հանձնարարականով իրենք առաջին հերթին պետք է օրենքի ողջ խստությամբ վարչական պատասխանատվության ենթարկեն այն օրինախախտ ոստիկաններին` լինեն նրանք շարքային, թե գեներալ, որոնք կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները:
Հունվարի 13-ին «Առավոտն» ականատես է եղել, թե ինչպես էին Բաղրամյան փողոցի սկզբնամասում` Սահմանադրական դատարանի դիմաց, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան սպաներ, մասնավորապես Երևան քաղաքի վարչության ծառայության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Զարզանդ Եղիազարյանը, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Վլադ Ավագիմյանը, ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի ավագ տեսուչ, փոխգնդապետ Վոլոդյա Հարությունյանը, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փողոցը հատում հետիոտնի համար չնախատեսված վայրում:
Կբողոքարկվի
«ՀԺ» գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները կբողոքարկի ՍԴ: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթևոսյանը:
Իսկ մինչ այդ, երեկ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանը ԿԸՀ-ից պահանջել է վերացնել թիվ 10 ԸԸՀ-ի անգործությունը և պարտավորեցնել, որ ընդունի դիմում-բողոքը: Թիվ 10 ԸԸՀ-ի անգործության դեմ հայց է ներկայացվել նաև Վարչական դատարան:
Հիշեցնենք, որ չընդունված դիմում-բողոքը խնդրո առարկա ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին է: Հովակիմյանի դիմումին ԿԸՀ-ն երեկ չի պատասխանել, բայց նիստ է հրավիրել և որոշել է թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի մանդատը տալ Արա Սիմոնյանին: Նրան պատգամավոր գրանցելու արձանագրությունը չեն ստորագրել ԿԸՀ ընդդիմադիր անդամ Զոյա Թադևոսյանը և ՀՅԴ անդամ Համլետ Աբրահամյանը: Նրանք համարում են, որ քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն:
Ղալմաղալով
«Չեմ բացառում, որ 2010 թ. ԼՂՀ հակամարտության լուծման հարցում դադար տրվի: Ես նույնիսկ կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները կհաստատվեն մի քիչ ղալմաղալով, սահմանը կբացվի, իսկ ԼՂՀ խնդիրը հետ կկանգնի, և նորից բանակցությունների մի նոր փուլ կսկսվի»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության և հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցերին:
«Նախապայմանները, որ դնում է թուրքական կողմը, չեն աշխատի: Իսկ եթե այնուամենայնիվ նրանք դնեն նախապայմանները, ու մինչև ապրիլի կեսերը արձանագրությունները չվավերացնեն, կարծում եմ, որ ԱՄՆ-ը պատրաստ կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ սահմանի բացումը միայն ՀՀ-ին չի անհրաժեշտ, Արևմուտքին էլ է անհրաժեշտ, Արևմուտքին պետք են ճանապարհներ Հայաստանի միջով»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Բենեդիկտոս 16-րդի գովեստները Թուրքիային
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերի համար գովեստի խոսքեր է ասել Թուրքիայի հասցեին` նշելով, որ երկու երկրների մերձեցումն ուրախացնում է իրեն, քանի որ Հարավային Կովկասում մթնոլորտն առավել կառողջանա դրանից: Դա տեղի է ունեցել օտարերկրյա դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ և ամենայն հավանականությամբ այս լուրի աղբյուրը պետք է որ հանդիպմանը ներկա եղած Թուրքիայի դեսպանը լինի:
Երևի պապին չեն տեղեկացնում, թե ինչ են ասում թուրք պաշտոնյաներն այս թեմայով իրենց ներքին լսարանի համար:
Կարևորը հավաքագրումն է
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարել է, թե նույնիսկ ճգնաժամի պայմաններում հանրապետության համայնքները 2009-ին կարողացել են սեփական եկամուտների հավաքագրման աճ ապահովել:
«ՉԻ» - 2009-ին Հայաստանում, ինչպես հայտնի է, մոտ 17 տոկոսանց տնտեսական անկում է արձանագրվել: Հարց է ծագում` «համայնքները» ՀՀ տարածքում չե՞ն, թե՞ տնտեսական անկումը միայն Երևանում է արձանագրվել: Այդ ինչպե՞ս է պատահել, որ ահավոր ճգնաժամի պայմաններում տեղական իշխանիկները կարողացել են ավելի շատ հարկեր և տուրքեր հավաքել: Դա, հասկանալի է, տեղի է ունեցել բացառապես հարկային տեռորի կոշտացման շնորհիվ, ու դեռ հարց է` արժե՞ պարծենալ դրանով, թե՞ ոչ:
Հետաքրքիր է նաև, թե 2009-ին «համայնքներից» քանի՞ հազար ընտանիք է արտագաղթել` «հավաքագրման ցուցանիշների բարելավման միջոցառումների» հետևանքով: Թե՞ տարածքային կառավարման նախարարությանը ոչ թե համայնքներն են հետաքրքրում, այլ «հավաքագրման ցուցանիշները»: Ի դեպ, տնտեսագետների գնահատականների համաձայն` 2010-ին ճգնաժամը Հայաստանում խորանալու է, և եթե այս տարի էլ նման «ցուցանիշների աճ» ապահովվի, մի քանի տարի անց Հայաստանում ընդհանրապես «համայնքներ» չեն մնա:
Մեղավորը ՀԱԿ-ն է
Վահան Շիրխանյանը երեկ հայտարարել է, որ ՍԴՀԿ-ի պառակտման մեջ մեղավորը ՀԱԿ-ն է. «Կուսակցությունը կարող էր ինքն իր ներքին խնդիրները հանգիստ լուծել, եթե չլիներ արտաքին միջամտությունը` Հայ ազգային կոնգրեսի միջամտությունը»:
Ըստ նրա` այն ժամանակ, երբ համահնչակյան կառույցը ճանաչեց դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ համագումարը, կոնգրեսը չպետք է շտապեր հանդես գալ հայտարարությամբ, որ պաշտպանում է Լյուդմիլա Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել