HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Տարածքը Հակոբ Հակոբյանի՞նն է, թե՞ համայնքինը

19_11-boxoqi-aktsiaԵղեգնուտ գյուղի բնակիչները բողոքում են Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արմավիր մարզի Եղեգնուտ գյուղի 50-ից ավելի բնակիչներ: «Էջմիածնից եկել են, մեր համայնքի սեփականությունն ապօրինի տիրապետում են, 1,2 հեկտար տարածք են զավթել, որի վրա գտնվում է ավազի լվացման արտադրամասը: Ճանապարհները փակել են, գյուղացիներին չեն թողնում` գնան արոտավայրերում կենդանիներ արածեցնեն: Ավտոմատներով պահակներ են բերել, շներով հսկում են, արոտավայրերը քանդում են, տակից ավազ են հանում»,- «Հետքի» հետ զրույցում բողոքում էր Եղեգնուտ գյուղի ավագանու անդամ Վարդան Մարգարյանը: Գյուղացիները վրդովված պատմում են, որ Սուսաննա Հարությունյանը Հակոբ Հակոբյանի (ԱԺ նախկին պատգամավոր, մականունը` Ճոյտ) հովանավորությամբ ապօրինի տիրապետում է ավազի լվացման արտադրամասը: «Ճոյտը չի երեւում, Սուսանին է դեմ տվել մեզ, նրա դեմ ոչ ոք չի կարողանում, որ հետը խոսում ես, ինքն իրա շորերը ճղում ա, ոստիկանություն ա կանչում, շառ ա անում մեր վրա»,- ասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերան Լյուդվիգ Ավետիսյանը: «Գյուղում մի կովը 4-5 մարդ է պահում, արածացնելու տեղ չկա: Այն տարածքը, որ իրանք քանդում են, գյուղի հիմնական արոտավայրն է»,- «Հետքին» հայտնեց Եղեգնուտի անասնապահ Սմոյան Գերմանը: «Մենք պահակային ծառայություն ենք հրավիրել, որովհետեւ պարբերաբար գողություններ են անում մեր մոտից. երեկ գողացել են մեր սվառկայի ապարատը,-  «Հետքին» տված հարցազրույցում ասաց Սուսաննա Հարությունյանը,- գյուղացիները մեղավոր չեն, գյուղապետն է նրանց խեղաթյուրում` եղբայրների հետ միասին: Նրանք եղբայրներով գյուղում բազմաթիվ սեփականություններ ունեն` գազի կալոնկա, փուռ, գործարան, դրա համար վատ են զգում, որ ավազի լվացման արտադրամասն իրենցը չէ: Արտադրամասը 10 տարի իրենք են օգտագործել, բայց այժմ այն պատկանում է «Պետարշին» ՍՊԸ-ին, որը 2006 թվականին արտադրամասը գնել է սեփականատերից»: Սուսաննա Հարությունյանի խոսքով` երեք դատական ատյաններով հաստատվել է, որ արտադրամասը պատկանում է «Պետարշին» ՍՊԸ-ին: Սակայն գյուղացիները վստահեցնում են, որ դատարանը ենթարկվում է Հակոբ Հակոբյանին: «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը Ճոյտի ճորտն է, Ճոյտը ոնց ասի` ինքն այդպես էլ կանեն»,- ասում են գյուղացիները: Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, թե արտադրամասի տարածքը պատկանում է համայնքին. «Մենք այդ սեփականության վկայականը ստացել ենք կառավարության տարբեր թվականների եւ համայնքի ղեկավարների որոշման հիման վրա: Սա բխում է օրենքից: Խաբեբաները Սուսաննան ու Հակոբյան Հակոբն են, իսկ դատավոր Հրաչիկ Սարգսյանը ենթարկվում է Ճոյտին, որովհետեւ եթե չենթարկվի, Ճոյտը ցույց կտա, թե այդ դատավորն ինչ այլանդակություններ է արել իրա ռեստորանում »,- վրդովված ասաց գյուղապետը: Իսկ Սուսաննա Հարությունյանն ասում է, թե համայնքի ղեկավարի ունեցած  սեփականության վկայականը կեղծ է: «Ինքը երկու կեղծ վկայականներ է տվել իր եղբայրներին, որոնց առթիվ հարուցված է քրեական գործ»,- ասաց Սուսաննան: Արմավիրի քննչական ծառայությունից «Հետքին» տեղեկացրին, որ փաստաթղթերը կեղծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն գյուղապետին մեղադրանք առաջադրված չէ. կատարվում է նախաքնություն: Ռազմիկ Մարգարյանն էլ իր հերթին նշում է, որ գյուղապետը համայնքի սեփականության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կեղծելու կարիք չունի: «Այդ տարածքը մեր գյուղացիներինն է, իսկ քրեական գործը Սուսաննայի բողոքների պատճառով են հարուցել. նա արդեն 30 հատ բողոք է տվել իմ դեմ: Սուսաննան վախեցնում է բոլորին` նույնիսկ դատարանի եւ օրգանի աշխատողներին»,- ասում է Եղեգնուտի գյուղապետը: Ինչ վերաբերում է գյուղում բազմաթիվ սեփականություններ ունենալուն, Ռազմիկ Մարգարյանը դա չի թաքցնում, սակայն նշում է, որ իրենց արդար քրտինքով են վաստակել. «Ես բացարձակ ոչինչ չունեմ 4 երեխայից բացի, որոնցից 3-ը համալսարանում են սովորում: Մենք 6 եղբայրներ ենք, որոնցից ամեն մեկը ստեղծել է ինչ-որ բան իր արդար քրտինքով, ոչ ոքի չի թալանել»: Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի եկած Եղեգնուտի բնակիչներին կառավարությունում խոստացել են հանձնաժողով ստեղծել, որը վաղը կայցելի համայնք` տեղում հարցերը պարզելու: Այս պահին գյուղացիներն այցելել են Տարածքային կառավարման նախարարություն` խնդիրը պարզաբանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter