HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Ալեքսանդր Քոչարյան. «Այսօր հեռուստատեսությունը նմանվում է մարմնավաճառության»

19_11-Qocharyan-XosroevԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը խոսեց թատերական իրականության մասին: Բանախոսը հատկապես դժգոհ է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործունեությունից: «Ես այդպիսի մշակույթի նախարար երբեւէ չեմ տեսել: Միանգամից երկու մեծ ակադեմիական թատրոններ` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը եւ Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնը, զրկված են գլխավոր ռեժիսորներից: Ես զարմանում եմ նրա քաղաքականության վրա»: Մյուս բանախոսը` դերասան Ռազմիկ Խոսրոեւը, կարծում է, որ այսօր սերիալներն անհրաժեշտ են մեր հասարակությանը. մարդիկ կարիք ունեն նման հերոսներին էկրաններից տեսնելու, քանի որ «Հովոները» սերիալում լուծում են այնպիսի հարցեր, որոնք իրականում անլուծելի են, այդ պատճառով արդեն ունենք մի հասարակություն, որն ուզում է մտնել էկրանի մեջ եւ իր խնդիրները լուծել «Հովոների» օգնությամբ: Իսկ սերիալների գռեհկությունը երկու սերիալներում խաղացող, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրնի դերասանին չի անհանգստացնում, ավելին. «Ես կարծում եմ, որ այդ սերիալների հիման վրա մի լավ սերունդ կձեւավորվի: Այդ սերիալները հրաշալի երեւույթ կտան: Տեսեք, օրինակ, խորոված անելով եւ «սեղանիկ» պահելով հարստացած մարդիկ այսօր իրենց երեխաներին լավ կրթության են տալիս, այսինքն` չպետք է չափել նրանց ծնողներով»: Ալեքսանդր Քոչարյանի այն հարցին, թե այդ ի՞նչ է պատահել մեր թատրոնին, որ բոլոր դերասանները, մոռանալով արվեստի մասին, խաղում են սերիալներում, Սունդուկյան թատրոնի դերասանը պատասխանեց. «Թատրոնին ոչինչ էլ չի պատահել: Պարզապես այն, ինչ ապրելու իրավունք ունի, ապրում է: Եթե այսօր սերիալն ունի պահանջարկ, այն կապրի: Քանի որ այն հասարակ մարդկանց, միջին եւ ցածր խավի մասին է եւ նրանց համար»: Ալեքսանդր Քոչարյանը հակադարձեց. «Հիմա մեզնից ո՞ւմ ծնողն է մաֆիոզ: Ոչ մեկի: Այսինքն` դա չէ իրականությունը: Երբ խոսում են գռեհիկ, ծուռ բերանով, ամեն վայրկյան ասելով` արա´, արա´… Հասկանում եք` դա արվում է մի քանի թափթփուկների համար, նրանց կյանքից վերցված դրվագներով: Այսօր հեռուստատեսությունը նմանվում է մարմնավաճառության` «ամեն ինչ փողով», «ամեն ինչ վաճառելու համար» սկզբունքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter