HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

3 օր է` գյումրեցի անօթեւանները սթրեսի մեջ են փաստաթղթերի կրկնակի ստուգումներից

19_11-Gyumri«Քուր ջան, կարող է ընձի էլ հետդ ներս տանիս, էլ չեմ կրնա կանգնի, ոտքս կցավա, արդեն 3 ժամ է կանգնած եմ ու չիդեմ էլ, թե հերթս երբ կհասնի»,- հուսահատված խնդրում էր Սուսաննա Բագրատյան ներկայացած կինը: Նեղլիկ միջանցքում դռան մոտ խմբված մարդիկ սպասում էին, թե երբ են մտնելու բաղձալի սենյակը, որտեղ 3-4 մարդուց կազմված հանձնաժողովը ստուգում էր առաջիկայում հանձնվելիք շենքերի ապագա բնակիչների փաստաթղթերը: Տեղական հեռուստատեսություններով հայտարարվել էր, որ երկրաշարժին 1,2,3 սենյականոց բնակարան կորցրած բնակիչները համապատասխան փասթաթղթերով ներկայանան Գորկու փողքոցի 62 շենք, 5-րդ սենյակ:

19_11-J-Harutyunjan«Աղջի´կ ջան, ես 67 տարեկան կնիկ եմ, եղավ ժամ` դակումենտները ձեռս կանգնած եմ, բայց հեչ չիդեմ, որ ներս մտա արդյոք սաղ պառյատկի՞ բդի էղնի ու հանկարծ ընձի նորի՞ց չղրկեն քաղաքապետարան,- հուսահատված հարցնում էր Ժենյա Հարությունյանը,- ես էս սաղ թղթերը ամիսմ առաջ ներկայացրել եմ քաղաքապետարանի բնակբաշխման բաժին, բայց ներսից դուրս էկողը կըսե` թուղթ է պակաս, մարդիկ կերթան, էլի գուկան, ըբը վերջն ի՞նչ պիտի էղնի, կարո՞ղ է ներս մտնիս մի բան իմանաս, մեզի ըսես»: Մինչեւ բաղձալի դռանը հասնելը, ինձ մոտեցան սպասողներից էլի մի քանիսը եւ մտածելով, թե լրագրողն ամենազոր է, իրենց հուզող հարցերն ինձ էին թելադրում: «Հըլը որ ներս մտար, մի հատ հարցրու, թե որ պիտի իրանց ըսելով դեկտեմբերի 7-ին 100 հոգու տուն հատկացնեն, ինչի՞ են 500 հոգու կանչել, լցրել իրար գլխի կջարդեն, թող մնացածին էլ հունվարից հետո կանչեին,- իրեն հուզող հարցը թելադրեց 68-ամյա Լյովա Էլամիրյանը,- բալիկ ջան, առավոտվանից սոված-ծարավ ըստեղ եմ, հըլը ներս չեմ մտել. չիդենք էլ, թե մինչեւ ժամը քանի՞սը պիտի աշխատին, եկուց էլ վերջի օրն է թղթերն ընդունելու»: 19_11-Gyumri2Ի վերջո, հաջողվեց ներս մտնել: Դռան դիմաց խմբված մարդիկ տեղեկանալով, որ առաջացողը լրագրող է, պատրաստակամ բացեցին շղթան: Փոքրիկ մի սենյակում 5 սեղան էր դրված ու հանձնաժողովի 4 անդամներ համբերությամբ բացատրում էին, թե ով ինչ պակաս թուղթ է բերել: Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը` Եվգենիա Աթայանը, հրաժարվեց տեղեկություններ տրամադրել, թեպետ ներկայացա ինչպես որ հարկն է եւ խնդրեցի պատասխանել մի քանի հարցի: «Ես լիազորված չեմ հարցերի պատասխանել»,- պարզաբանեց տիկինը: «Բայց դուք երկու օր առաջ տեղական հեռուստատեսության ներկայացուցչի հարցերի պատասխանում էիք»,-հակադարձեցի ես: «Դե դրանից հետո նախարարը զանգեց, ասաց, որ այլեւս լիազորված չեմ պարզաբանումներ տալու, սպասեք, վաղը ինքը կգա, ձեզ հուզող հարցերը տվեք նախարարին»,- խորհուրդ տվեց տիկին Աթայանը: Իսկ դռան մոտ հավաքված կանայք փորձում էին ճշտել, թե «էն բերետով կնիկը պրծավ, թե հըլը նստած է»: Պարզվեց` տարեց կինն արդեն երկու ժամ է` ներսում է: Իմ ներսում գտնվելու ընթացքում ճշտվեց, որ տան բերետով կնոջ ընտանիքի անդամներից մեկի ամուսնալուծության վկայականի պատճեն բացակայում է, ու հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց գնալ, վաղը նորից գալ, այս անգամ պակասող փաստաթղթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter