Ինտերնետ կապի որակից դժգոհ են
Դեկտեմբերի 1-ից Ղարաբաղում Dial-Up կապով (հաստատուն հեռախոսագծով) ինտերնետից օգտվողները գիշերվա ժամը 1.00-ից մինչեւ առավոտյան 9.00-ն 1 րոպեի համար կվճարեն արդեն ոչ թե 1 դրամ, այլ` 0,5 դրամ: Այս փոփոխությունը հաստատվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի վերջերս կայացած նիստում, որի ընթացքում հարց բարձրացվեց նաեւ ինտերնետ կապի որակի մասին:
Հարցի շուրջ հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի նախաձեռնությամբ քննարկում տեղի ունեցավ իրենց գրասենյակում, որին մասնակցում էին նաեւ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության մասնագետները:
Նրանց բացատրությունները` կապված վերջին 1.5 ամսում ինտերնետի սակագների փոփոխությանը զուգահեռ ինտերնետի որակի ցածրացման հետ, չբավարարեցին ներկաներին, քանի որ մասնագետները պնդում էին, որ կապի որակը չի փոխվել:
Ինտերնետ կապի որակից սակայն Ղարաբաղում շատերն են բողոքում, թե պետական հիմնարկների աշխատողներ, թե մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, ընդ որում ոչ միայն Dial-Up կապից օգտվողները, այլ նաեւ` DSL:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահը քննարկման ժամանակ խոստացավ ուսումնասիրել հնչեցված հարցերը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել