HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կարեն Վարդանյան. «10 տարի հետո մարդիկ նախանձելու են, որ Հայաստանում ապրեն»

«Արդեն բավականին ժամանակ է, մենք կառավարությունից թուղթ չենք ստացել, ինչպես նաև իրենց թուղթ չենք ուղարկել. միայն էլեկտրոնային փաստաթղթերով ենք իրար հետ շփվում, նաև այն նախարարությունների հետ, որտեղ արդեն ներդրված է համակարգը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆորմացիոն տեխնոլոգիաների տվյալների բազաների և կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանը:

Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մարզերում զարգացնելու աշխատանքները 4 ուղղությամբ են ընթանում: Նախ, նախարարություններում ներդրվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ: Այժմ աշխատանքներ են կատարվում համակարգը մարզպետարաններում ներդնելու ուղղությամբ: Համակարգը գործում է ինտերներտի միջավայրում և թույլ է տալիս տեղեկատվություն փոխանակել: «Ներկայումս ընթանում է ուսուցման պրոցեսը: Առաջին հոսքը (Շիրակ, Լոռի, Արագածոտն, Արմավիր, Կոտայք) ավարտվեց նոյեմբերի 16-ին: Ամսի 16-ից սկսվել է 2-րդ հոսքը (Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Արարատ, նորից Կոտայք): Մենք փորձնական կարգով մի քիչ ավելի շուտ արդեն այդ համակարգը ներդրել էինք Կոտայքի մարզպետարանում, և ամեն հոսքի հետ մի-մի հոգի հրավիրել ենք նաև Կոտայքի մարզպետարանից, որպեսզի փորձի փոխանակման առումով այդ աշխատանքներն ավելի լավ հիմքերի վրա դրվեն»,- ասաց Սուրեն Կոշեցյանը: Նա նշեց, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկան (2 սերվեր, հոսանքի անխափան մատակարարման 1 սարք և 1 սկաներ) արդեն ստացվել և բաժանվել է 5 մարզպետարանի: Տեխնիկան շուտուվ կտրամադրվի ևս 5 մարզպետարանի: Մարզպետարանները համակարգչային տեխնիկայով համալրելու խնդիր կա, և առայժմ մի քանի աշխատող ստիպված կլինի օգտվել մեկ համակարգչից: Երկրորդ ուղղությունը համայնքային կառավարման տեղեկատվական համակարգն է, որն արդեն ներդրված է Հայաստանի 225 համայքում և ներառում է մի շարք բաղադրիչներ` ընտրություններ, իրավաբանական և ֆիզիկական անձանց ռեգիստր, նաև փաստաթղթաշրջանառություն: Այժմ աշխատանքներ են ընթանում մոդուլի ծրագրավորման, որը հնարավորություն կտա ունենալ ցանց, որի միջոցով փաստաթղթային փոխանակումը կկատարվի էլեկտրոնային ձևով: «Համայնքների կառավարման տեղեկատվական համակարգը հիմնականում աշխատում է ինտրավերտ, այսինքն` իրենց ներսում: Բայց երբ սկսի աշխատել ինտերնետ միջավայրում, արդեն այդ համակարգը կարող է լինել տվյալ համայնքի ինտերնետային կայք: Արդեն մի քանի համայնքներում դա աշխատում է (խոսքս համակարգի մասին չէ. համակարգը աշխատում է 225 համայնքում, այլ դա` որպես ինտերնետային կայք): Դրանք հետևյալ համայնքներն են` Արտաշատ, Արարատ, Ջերմուկ, Հրազդան, Քաջարան, Արամուս և Հայանիստ»,- ասաց Սուրեն Կոշեցյանը: Երրորդ ուղղությունը գույքահարկի և հողի հարկի հավաքագրման և հաշվառման էլեկտրոնային համակարգն է: Համայնքներում այն արդեն ներդրված է, բայց լոկալ բնույթ է կրում: Մշակվել է համակարգ, որը հնարավորություն կտա այն ներդնել նաև մարզպետարաններում, որտեղ համայնքներից տեղեկատվությունը կստացվի ավելի ագրեգացված ձևով: Համակարգն արդեն ներդրվել է 3 մարզպետարանում (Գեղարքունիք, Լոռի և Տավուշ): Այն շուտով կներդրվի ևս 3 (Արմավիր, Կոտայք և Շիրակ), իսկ 2010 թ.` մնացած 4 մարզպետարանում: Այս տարի այդ համակարգը կներդրվի նաև Տարածքային կառավարման նախարարությունում, ինչի շնորհիվ կլինի եռամակարդակ համակարգ` համայնքներ, մարզպետարաններ և նախարարություն: Անդրադառնալով 4-րդ ուղղությանը` Սուրեն Կոշեցյանն ասաց, որ նախարարությունն ու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համագործակցում են շարժական ցուցահանդեսներ կազմակերպելու հարցում: Կա մտադրություն «Դիջիթեքի» նման տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներ կազմակերպել մարզերում: «Արդեն այցելություն է կատարվել 5 քաղաքներ (Չարենցավան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Իջևան), և քաղաքապետարանների հետ ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարի կազմակերպվի այդ ցուցահանդեսը: Իսկ ընդհանուր առմամբ, մշակված է 9 երթուղի, որոնցով պետք է այդ ցուցահանդեսները կազմակերպվեն: Դա կլինի արդեն մյուս տարի»,- ասաց Սուրեն Կոշեցյանը: «Այս ամենը բավականին ուշացած չէ՞»,- հարց ուղղվեց Սուրեն Կոշեցյանին և ասուլիսի մյուս բանախոսին` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: Բանախոսները հարցին պատասխանեցին ասացվածքներով. «Ուշ լինի, նուշ լինի», և «Լավ է ուշ, քան երբեք»: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք հատկապես մարզերի բնակչության ծանր սոցիալական վիճակը չի՞ խանգարի վերոնշյալ ծրագրերի իրականացմանը: Կարեն Վարդանյանը նշեց, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տեսլականն է ամբողջ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր ոչ միայն արտադրության, այլև օգտագործման առումով, այսինքն` որ, օրինակ, գյուղացին իր առօրյա խնդիրները լուծի տեխնոլոգիական ճանապարհներով:

Չորս հասանելիության խնդիրը

«Ասե՞նք. «Ծանր է վիճակը. եկեք գործ չանենք»: Հիմա մենք հակառակ տրամաբանությամբ ենք գնում. եկեք գործը անենք, որպեսզի սոցիալական ծանր վիճակը վերանա, որովհետև սա սոցիալական ծանր վիճակը վերացնելու ճանապարհներից մեկն է: Եթե գյուղում կա, ենթադրենք, մեկը, որը այսօր ուզում է գործ անել, բայց ինֆորմացիա չունի, նա կարող է ինտերնետից ձեռք բերել ինֆորմացիա` պարարտանյութի, ջրելու, հումուս սարքելու, նմանատիպ բիզնեսի, փորձի մասին: Ասենք, ինչ որ վարակ է եղել: Եթե առաջ ինքը պետք է փնտրեր, ագրոնոմին գտներ, Պողոսին գտներ, Պետրոսին հարցներ և այլն, ապա հիմա երեխային ցույց է տալիս տերևը և ասում. «Բալա ջան, նայիր` այս վնասվածքը ո՞ր հիվանդությունից է, ի՞նչ անենք»: Երեխան էլ արագ մուտքագրում է, ենթադրենք, «ծառերի հիվանդություններ», նայում է նկարով և ասում. «Հայրիկ, այսինչ հիվանդությունն է, այսպիսի բան կարող ենք անել»»,- ասաց Կարեն Վարդանյանը: Միաժամանակ նա նշեց, որ վերոնշյալն իրականություն դարձնելու համար պետք է 4 հասանելիության խնդիրը լուծել: Առաջինը ֆիզիկական հասանելիության խնդիրն է. որքանո՞վ է տվյալ տունն ապահովված ինտերնետով: Երկրորդը տնտեսական հասանելիության խնդիրն է. մարդը կարո՞ղ է վճարել ինտերնետի համար: Երրորդը տվյալ անձի գիտելիքի, հմտությունների, տեխնոլոգիայից օգտվելու կարողությունների, իսկ 4-րդը` ինտերնետում հայալեզու բովանդակության խնդիրն է: «Այսինքն` հիմա մեր համագործակցության խնդիրը այդ 4 հասանելիության հարցերը լուծելն է: Դրա համար անիվների վրա ցուցահանդեսի առաջին 9 ուղղությունը հիմնականում քաղաքներն են: Երկրորդ փուլում կլինեն մեծ գյուղերը, 3-րդում` ավելի փոքր գյուղերը: Այսինքն` մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ «սա համակարգչային տեխնիկան է. դուք կարող եք սա օգտագործել այս, այս ճանապարհով»: Ցուցահանդեսին կից` անցկացվելու են վարժանքներ` բարձր տեխնոլոգիաների ձեռներեցության գծով, տեխնիկան օգտագործելու գիտելիքի գծով: Այսինքն` մարդիկ սկսելու են դրան սովորել, տեսնել` ինչքանով է իրենց օգտակար»,- ասաց Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով` անցյալ տարի Գյումրիում արդեն անցկացվել են փորձնական վարժանքներ, և 3 ամիս անց արդեն քաղաքում տեխնոլոգիական 2 ձեռնարկություն էր աշխատում: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ապահովվելու այս 4 հասանելիությունից առաջին 2-ը` Կարեն Վարդանյանն ասաց, որ առանց հանրապետության համակարգչայնացման էական բարձրացման` ոչինչ չի լինի, և հույս հայտնեց, որ կառավարության նախագծած «Համակարգիչ` բոլորի համար» ծրագիրը կլուծի խնդիրը: «Մյուս խնդիրը ինտերնետի հասանելիությունն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգում հստակորեն նշված է ազգային համացանցի ստեղծման հարցը: Եթե չեմ սխալվում, 2010 թ.-ից ուժի մեջ են մտնելու ծրագրեր` մասնավորապես էլեկտրոնային կառավարման բնագավառից, որոնք նախատեսում են հենց համայնքային կենտրոններում հասանելիության կետերի կառուցումը: Դրանք անպայման պետք է միացված լինեն լայնաշերտ ինտերնետով, որպեսզի բնակչությունը կարողանա գալ, ենթադրենք, իր թոշակը ստանալ, վարձերը մուծել»,- ասաց Կարեն Վարադանյանը: Անդրադառնալով այն տարակուսանքին, թե այդ ամենը երկար տարիներ հետո կլինի` Կարեն Վարդանյանն ասաց, որ այդ ամենը կլինի ընդամենը 2-3 տարի անց: «Դուք չեք նկատելու` ինչքան արագ է դա լինելու: Իսկ 10 տարի հետո մարդիկ նախանձելու են, որ Հայաստանում ապրեն: Ես նկատի ունեմ` զանգվածային, որովհետև հիմա էլ կան մարդիկ, որոնք նախանձում են»,- ասաց նա:

Սինգապուրը և Հայաստանը

Լրագրողներից մեկն ասաց, որ վարչապետը բազմիցս հայտարարել է Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու մասին, և հարցրեց, թե արդյոք իրատեսակա՞ն է այս ծրագիրը, և ի՞նչ ռեսուրսներով դա պետք է արվի: Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ դա կարող է լինել միայն մարդկային ռեսուրսի շնորհիվ, ընդ որում` ինքը նկատի չունի ծրագրավորման, գծագրելու, ինժեներական հմտությունները, քանի որ դրանք երկրորդական են: «Դրանք գալիս են առաջին հմտությունից հետո: Ցանկացած երկրում, որն այդ ճանապարհը անցել է, առաջին որոշումը, առաջին հիմքը ծնվում է մարդկանց գլուխում. որ նրանք որոշում են արժանապատիվ և լավ ապրել»,- ասաց նա: Կարեն Վարդանյանը հիշեցրեց, որ վերջերս Հայաստանում էր Սինգապուրի ավագ նախարար և երկրի բարեփոխումների գլխավոր հեղինակներից Լի Կուան Յուն, ով ասաց, որ իրենք` սինգապուրցիները, որոշեցին ավելի լավ ապրել, քան եվրոպացիներն ու ամերիկացիները: «Բայց հիմք չունեին. իրենք ձկնորսական ավան էին: Այսինքն` սկզբից մարդիկ սկսում են իրենք իրենց ուժերին հավատալ, որից հետո` ճանապարհները դիտարկելիս, իրենք որոշեցին, որ ամենալավը տեխնոլոգիական զարգացման ճանապարհն է, և սկսեցին մարդկանց արտասահման ուղարկել` ուսուցման: Տեղում համալսարանական համակարգը հասցրին աշխարհի ամենաբարձր համակարգերին: Այսօր իրենք մի քանի համալսարան ունեն, որոնք, ի տարբերություն մեզ, մտնում են աշխարհի լավագույն 50 համալսարանների մեջ»,- Սինգապուրի ձեռքբերումների մասին էր պատմում Կարեն Վարդանյանը: Նրա համոզմամբ` Հայաստանը ևս պետք է նույն ճանապարհով գնա, և եթե բարեփոխումների սինգապուրյան տրամադրվածությունը լինի նաև Հայաստանում, մնացած հարցերը կլուծվեն ինքնաբերաբար: «Այսինքն` վարչապետը չի էլ հասցնի այդ ուղղությամբ բան ասել, որովհետև տակից այնպիսի հոսանք կլինի, որ վարչապետին կամ նախագահին կմնա միայն արձանագրել հաջողությունները: Մենք սովորաբար հակառակն ենք մտածում. սպասում ենք, ասում ենք. «Վայ, Աստված, էս վարչապետը բան չարեց», կամ «էս նախարարությունը բան չարեց»: Եթե մենք տրամադրվում ենք, սկսում ենք գործել, իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter