200 տարվա վաղեմության հուշարձանը կանգնեցված է 1950 թվականին
Ադրբեջանցիները Նախիջևանում 218 վանք, եկեղեցի և մատուռ են ոչնչացրել
«Սա ծանոթ քաղաքականություն է. նախահարձակ լինելով` փորձում են կոծկել իրենց իրական և բոլորովին այլ ծավալներ ունեցող հանցագործությունները: Այսինքն` մինչև 1000 տարվա վաղեմության հնավայր կարող են բուլդոզերներով մաքրել և բանակի ուժի գործադրմամբ` խճազանգվածի վերածել, բայց հետո կարող են խորհրդային շրջանի ինչ-որ մի (այն էլ` անվնաս) գերեզմանոցի լուսանկարները, առանց ամաչելու, ցուցադրել և մեզ` մեր հայրենիքը ազատագրած հայերիս, «օկուպանտ» անվանել և մեղադրանք հարուցել: Ծանոթ ձեռագիր է»:
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսպես մեկնաբանեց ադրբեջանական day.az կայքի, այնուհետև Ադրբեջանի արտգործնախարարության տարածած ապատեղեկատվությունը, թե Արցախում, իբր, «հայերը ադրբեջանական հուշարձաններ են ոչնչացնում»:
Ապատեղեկատվության տեքստի հետ լուսանկարներ են եղել: Լուսանկարներում ներկայացված է Տիգրանակերտին (նախկին Աղդամ) հարակից գյուղերից մեկի գերեզմանոցը: Ադրբեջանական լրատվամիջոցի ցուցադրված տապանաքարերից ամենահինը կանգնեցված է 1950 թ., ամենանորը` 1971 թ.: Միաժամանակ այդ նույն լրատվամիջոցը գրել է, թե իբր «ոչնչացվող հուշարձանները 200 տարվա հնություն ունեն»:
Անդրադառնալով նրան, որ կայքում ներկայացված գերեզմանաքարերից երկուսը կոտրված են` Սամվել Կարապետյանն ասաց, որ հսկայական թվով գերեզմանաքարեր ունեցող ցանկացած գերեզմանոցում էլ 1-2 տապանաքար կարող է ինքն իրեն ընկնել և կոտրվել: Օրինակ` Երևանի գերեզմանոցներում տասնյակ վայր ընկած և տեղաշարժված քարեր կան: «Իրականում գործ ունենք խորհրդային տարիների մի գերեզմանոցի հետ` անվնաս, միանգամայն կանգուն: Գոնե 3-4 լուսանկարներում, որ ներկայացնում էին ընդհանուր տեսարաններ, հարյուրավոր կանգուն շիրմաքարեր էին երևում»,- նշեց հուշարձանագետը:
Նրա խոսքերով` թշնամու տարածած ապատեղեկատվությունը չի կարելի անտարբերության մատնել: «Եթե կեղծ տեղեկություններ են շրջանառվում, անպայման պետք է պատասխան տալ: Իրենք այս կեղծարարությունը բարձրացրին, հասցրին արտգործնախարարության մակարդակ: Սա ենթադրում է անշուշտ համարժեք մակարդակից համապատասխան պատասխան»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Արցախի տարածքում իսլամական մշակույթի շատ հուշարձաններ կան` սկսած թուրքմենական շրջանի` Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու ցեղերի մշակույթի հուշարձաններից, պարսկական հուշարձաններից և վերջացրած կովկասյան թաթարների հուշարձաններով:
«Այդ ժառանգությունը մեր հողի վրա է, մեր հայրենիքում է. մենք չենք կարող անտարբեր լինել: Ադրբեջանական կողմը ոչ մեկ գիտական շահ չի հետապնդում` գիտությանը նպաստ բերելու իմաստով. զուտ քաղաքական շահի հետևից են ընկած և անընդհատ կեղծում են: Ուստի, եթե իրենք կեղծում են նաև իսլամական մշակութային ժառանգության պատմությունը, ինքնաբերաբար հուշարձանների այս շերտը ևս ուսումնասիրելը ընկնում է մեր ուսերին: Մենք պարտավոր ենք ճանաչել բոլոր այն մշակութային շերտերը, որոնք գոյություն ունեն մեր հայրենիքում»,- ասաց հուշարձանագետը:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ վիճակում են Ադրբեջանի հայկական գերեզմանոցները` Սամվել Կարապետյանն ասաց, որ Նախիջևանի և Ադրբեջանի կազմի մեջ մտնող մյուս տարածքների հայկական հուշարձանների մասին տեղեկություններ հայթայթելը շատ բարդ է. հայերը մուտք չունեն այն վայրեր, որոնք չկարողացան ազատագրել, և այդ վայրերի հուշարձանների մասին կցկտուր տեղեկություններ են հասնում:
Սակայն եվրոպացիները լուսանկարներ են տրամադրել Հյուսիսային Արցախի Գետաշեն, Միրզիկ, Ոսկանապատ, հարևան Ազատ, Կամո գյուղերի վերաբերյալ: Ըստ այդմ` Ոսկանապատի` խորհրդային շրջանի գերեզմանոցում ոչ մի կանգուն շիրմաքար գոյություն չունի. բոլորը ջարդուփշուր են արվել: Սամվել Կարապետյանն ասաց, որ համեմատության համար` Ոսկանապատի ոչնչացված հուշարձանների լուսանկարները կարելի է դնել day.az-ում զետեղված լուսանկարների կողքին: Ընդ որում` Ոսկանապատը պատերազմական գործողություններից շատ հեռու է եղել` ի տարբերություն Տիգրանակերտի, որի խորհրդային գերեզմանոցը կանգուն է` չնայած շրջանը պատերազմական գործողությունների մեջ էր:
Սամվել Կարապետյանի խոսքերով` Ադրբեջանի բանակի կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի պարագայում վերջին արարն էր: Գուղայի մասին տեղեկություններ կան, քանի որ այն երևում է իրանական կողմից: Սակայն ամբողջ Նախիջևանում 218 վանք, եկեղեցի և մատուռ ունեինք, որոնք բոլորը ադրբեջանցիները ոչնչացրել են. դրանք ոչ միայն կանգուն չեն, այլև դրանց տեղն իսկ գոյություն չունի:
«Այսինքն` իրականում մենք ուղղակի լուր չենք ունեցել` ինչ են արել մինչև Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումը: Արել են այն, ինչ արել են Ջուղայի հետ: Ոչ մի տարբերություն: Ամբողջ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը (և ես ենթադրում եմ` սա տարածվել է արդեն Ադրբեջանի ուրիշ շրջաններում նույնպես) ուղղակի ձերբազատել են հայ մշակույթի անխոս վկաներից»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել