Հաստատվել են մի շարք բարեգործական ծրագրեր
Այսօր տեղի է ունեցել Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր։
Քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Լոռու մարզի «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակի վերանորոգման, Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կենտրոնի հիմնանորոգման նախագծման, Տավուշի մարզի Դիտավան գյուղի ջրատարի վերակառուցման ծրագրերը, Կամիլիանների միաբանության «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակը 2010-2012 եռամյակի ընթացքում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի և կից 21 ամբուլատորիաների միջոցով տարածարջանի բնակչությանը առողջապահական ծառայությունների մատուցումն ու կարիքավորներին մարդասիրական օգնության տրամադրումը, գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2010 թվականի ընթացքում երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցություն» ծրագիրը, «Շիրակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Շիրակի մարզի Արփենի և Թորոսգյուղ համայնքների մշակույթի տան տանիքի հիմնանորոգման և թիթեղապատման աշխատանքների ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սևանի Վազգենյան դպրանոցի հին մասնաշենքի նորոգման» ծրագիրը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վերակառուցում» ծրագիրը, «Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վեց համայնքների հզորացում` երկրորդ փուլ» ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել