HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախորդ տարի Վարչական դատարան է մուտքագրվել 9569 հայցադիմում

20_11-qnnarkum«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի PR ասոցիացիայի և USAID-ի կողմից, և դրա նպատակն է հանրությանը հասանելի դարձել մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շահերի պաշտպանության հաջողված դեպքերը: Գործարարները, կոռուպցիոն ռիսկերի հետ առնչվելիս, հաճախ դիմել են դատական ատյաններ և դատական կարգով լուծել իրենց խնդիրները: Քննարկման շրջանակներում ՀՀ Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Վարչական դատարանի դերը փոքր և միջին բիզնեսի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Վերջինի խոսքով` պետական կառավարման ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը կարևորագույն գործոնն է երկրի ժողովրդավարացման ճանապարհին: «Վարչական արդարադատությունն անհայտ էր խորհրդային իրականությանը: Վերջին տարիներին Հայաստանում ամրագրվեց վարչական արդարադատության հիմնադրման անհրաժեշտությունը: Նախ` 2005-ին ընդունվեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը, որը հանդիսանում էր հիմնական օրենքը, այլ կերպ ասած` «չինովնիկների սահմանադրությունը», քանի որ այդ օրենքով էին սահմանվում վարչարարության հիմնական սկզբունքները: Այդ օրենքն էր, որ տալիս էր ամբողջ վարույթի ընթացակարգը»,- ասաց նա: Վարչական վարույթի օրենքի ընդունումից հետո Հայաստանում խնդիր էր առաջացել ստեղծել վարչական դատարան` որպես ինքնուրույն մասնագիտացված դատարան: Այս դատարանը տարբերվելու էր նրանով, որ պետք է քններ բացառապես այն վեճերը, որոնք վերաբերում էին հանրային իրավունքի բնագավառին: «Դատարանի երկորդ առանձնահատկությունն ապացուցման բեռի բաշխման խնդիրն է: Վարչական մարմինն է կրում այն փաստական հանգամանքների ապացուցման բեռը, որոնք հիմք են հանդիսացել` տվյալ վարչական ակտը կայացնելու համար: Օրինակ, Քաղաքացիական դատարանում կողմերից յուրաքանչյուրն ինքն է ներկայացնում իր փաստարկները և փորձում իր կողմից ներկայացվող ապացույցների միջոցով հիմնավորել իր ներկայացրածը»,- ասաց Տ. Մուկուչյանը: Վարչական դատարանը Հայաստանում սկսել է գործել 2008թ. հունվարի 1-ից: Տ. Մուկուչյանը նշեց, որ 2008թ.-ի ընթացքում Վարչական դատարան մուտքագրվել է 9569 հայցադիմում, որոնցից վարույթ է ընդունվել 8232-ը: 2008-ի ընթացքում վարչական դատարանում քննվել և ավարտվել է 4872 գործ: Դրանց դեմ ներկայացվել է 136 վճռաբեկ բողոք, որոնցից բեկանվել է 26 դատական ակտ, մասնակի բեկանվել է` 32 ակտ: «Կողմերը, դիմելով դատարան և տեղյակ լինելով առկա նախադեպերին, արդեն կարող են գոնե որոշակի առումով պատկերացնել, թե ինչպիսի հնարավորություններ ունեն: Վարչական դատարանի գոյության 1,5 տարվա ընթացքում կայացվել են բազմաթիվ դատական ակտեր, որոնք վերաբերել են ամենատարբեր վարչական մարմինների, որոնցով պայմանավորված` որոշակի միասնական աշխատելաոճ է ձևավորվում նաև վարչական մարմիններում: Հաճախ վարչական մարմինները, դիմելով դատարան և ստանալով դատարանի կողմից տրված մեկնաբանումները, իրենց համար այն դարձնում են աշխատելաոճ»,- ասաց նա: 20_11-H-TovmasyanՍահմանադրագետ Հրայր Թովմասյանն էլ նշեց քաղաքացիական և վարչական վեճերի մի քանի տարբերություններ: Քաղաքացիական վեճերը մասնավոր են, իսկ հանրային վեճեր կան, որոնց ազդեցությունը տարածվում է լայն շրջանակների վրա: «Երբ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին, երբ գործը քննվում է ընդհանուր քաղաքացիական դատավարության սկզբունքներով, այնտեղ կոռուպցիոն ռիսկերը բավական մեծ են այն առումով, որ վարչական մարմինը կգա, բերանը ջուր առած կնստի, դատավորին անելու ոչինչ չի մնա: Վարչական դատավարության սկզբունքներն էականորեն տարբերվում են, և այստեղ Վարչական դատարանին տրված է հանրային շահի պաշտպանության խնդիրը: Այս առումով եթե նախկինում կոռուպցիոն ռիսկերի համար պարարտ հող էր ստեղծում այն, որ դատավորն ասում էր` «դա իմ գործը չի, այս կողմն ինչ որ ապացույցներ է բերել, այն կողմն էլ համաձայնվել է», ապա Վարչական դատարանում դատավորն ինքն իր նախաձեռնությամբ պետք է գործողություններ անի, որպեսզի վեր հանի այն փաստերը, որոնք հիմք կարող են հանդիսանալ` այս գործով վճիռ կայացնելու համար»,- ասաց Հ. Թովմասյանը: Վերջինի խոսքով` եթե դիտարկենք արդարադատության որակին ուղղված գնահատականները, ապա Վարչական դատարանի գնահատականն առավել դրական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter