
Ամբաստանյալներին այդպես էլ Բերդ չհասցրին
2010թ. հուլիսի 27-ին Բերդի տարածաշրջանում տեղակայված «Մեհրաբ» զորամասի «Ղոզլու» հենակետում ընդհատվել է լեյտենանտ Արտակ Նազարյանի կյանքը: Գործով մեղադրվում են 5 զինվորական, որոնցից երկուսը` սպա, երեքը` ժամկետային ծառայության զինվոր: Նրանից շարքային Հարութիկ Կիրակոսյանը կալանքի տակ չէ, գտնվում է զորամասի հրամանատարության հսկողության ներքո: Նրանք մեղադվում են Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ:
2011թ. hուլիսի 22-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր այս գործով դատական առաջին նիստը: Արտակ Նազարյանի հարազատներն այդ օրը Երեւանից հասել են Բերդ: Դատավոր Սամվել Մարդանյանը նրանց տեղեկացրել է, որ գործով դատախազը չի ներկայացել, արձակուրդի մեջ է, դատը հետաձգել է:
Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, զինդատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված դիմումի մեջ, տեղեկացնելով առաջին նիստի չկայացման մասին, խնդրել է. «Որդուս` Արտակ Նազարյանի թիվ 90758210 քրեական գործով դատավարությունը տեղափոխել Երեւան` նկատի ունենալով այն, որ հանցագործներն էլ Երեւանից են կամ մերձակա շրջաններից, իսկ արտագնա նիստ անցկացնող Մարդանյանը ճանապարհի դժվարությունը հաղթահարելուց հետո այդքան հեշտությամբ չի հետաձգի դատավարությունը»:
Արտակ Նազարյանի մահվան գործով դատական երկրորդ նիստը նշանակված էր սեպտեմբերի 5-ին` ժամը 14-ին: 14.10-ին դատական նիստը սկսվեց: Նիստը վարող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը հայտնեց, որ կալանքի տակ գտնվող 4 ամբաստանյալներին տեղափոխող մեքենան Երեւանից դուրս է եկել ժամը 13.15-ին եւ Բերդ կհասնի մոտ 16.30-ին, եւ հետաձգեց նիստը մինչ այդ ժամը:
Սա հարուցեց Արտակ Նազարյանի հարազատների եւ նրանց հետ դատին ներկայացրած խաղաղ պայմաններում զինվոր զավակ կորցրած ծնողների դժգոհությունը: Դատարանի շենքի առաջ լեզվակռիվ եղավ: 2010թ. Ստեփանակերտում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանան, կալանքի տակ գտնվող զինվորների հարազատներին նշավակեց. «Ձեր նման ծնողները երկրի երեսից պիտի վերանան, օձեր եք դաստիարակել, անմեղների նման հիմա կանգնել եք»:
Դատը վերսկսվեց ժամը 16.40-ին: Ի տարբերության այդ օրվա առաջին նիստին` դատին ներկայացել էին նաեւ ամբաստանյալների 3 պաշտպաններ: Դատարանում Արտակ Նազարյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում էր փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Այս գործով մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը, ով «հոկտեմբերի 27-ի» գործի քննիչներից է:
Դատավորը, նիստը վերսկսելով, ասաց, որ քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալներին տեղափոխող ավտոմեքենան գտնվում է ճանապարհին, այն Բերդ քաղաքում կլինի մեկ ժամից, որ աշխատանքային օրն ավարտվում է, իմաստ չկա այդ ժամին նիստ սկսելու:
Ամբաստանյալներից մեկի պաշտպան Հրանտ Գեւորգյան էլ դատարանին հայտնեց, որ իր տվյալներով ամբաստանյալներին տեղափոխող «ՈւԱԶ»-ը Երեւանից դուրս է եկել ժամը 14-ին: Դատավորը հայտնեց, որ ամբաստանյակներին դատարան տեղափոխելու հարցն իր իրավասությանը չի պատկանում: Դատարանում աղմուկ-աղաղակ բարձրացավ:
Դատը չկայանալու առթիվ դժգոհեցին նաեւ ամբաստանյալ զինվորների հարազատները: Արտակ Նազարյանի հարազատների եւ գործով ամբաստանյալ զինվորների բարեկամների միջեւ վիճաբանությունը շարունակվեց դատարանի շենքի առաջ:
Ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի հարազատները հայտարարում էին, որ իրենց զավակներն անմեղ են: Արտակ Նազարյանի քույրը` լրագրող Ծովինար Նազարյանը, հակադարձում էր, որ եթե անմեղ են, ինչո՞ւ նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ, ինչո՞ւ նույն հենակետում գտնվող 10 զինվորներից ոչ մեկը չի տեսել Արտակի զոհվելը:
Ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանի հոր ընկերն էլ ցույց տվեց անգրագետ մի նամակ` թվագրված հունիսի 29-ով: Աշակերտական տետրի էջի վրա նախկին զինծառայող Արթուր Մկրտչյանը հավաստել է, որ ինքը չի հիշում իր նախորդ ցուցմունքը, որ ծեծի ենթակվելու հետեւանքով է սուտ ցուցմունքներ տվել Ադիբեկ Հովհաննիսյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի դեմ, որ նրանք մեղավոր չեն:
Արտակ Նազարյանի մայրը` տիկին Հասմիկն ասաց, որ նախաքննությունը մեծ խախտումներով է կատարվել, դատարանում ի հայտ կգա այդ ամենը, այդ պատճառով էլ դատը չի կայանում:
«Դեպքի վայրը կեղծված է: Այն ժայռին, որին իբր ինքնասպանությունից առաջ հենվել է Արտակը, չկան գնդակի, արյան հետքեր, գնդակն էլ չկա, Արտակի ինքնաձիգի բոլոր փամփուշտները տեղում են եղել, ո՞վ է կրակել…»:
Արտակի հայրը` Սինար Նազարյանն, ասաց, որ իր որդուն տանջելով սպանել են: «Գլխում 7 գծային կոտրվածքներ են եղել, կրակոցը ինքնասպանություն նմանակելու համար են արել, 50-ից ավելի վնասվածքներ կան, ջնջխված գլխով մարդն ինչպես կարող էր իր վրա կրակել»,- ասաց Ս. Նազարյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ դատական նիստի չկայանալը ոչ հարգալից վերաբերմունք է պետության եւ դատարանի հանդեպ, պաշտպանության նախարարության տրամադրած միկրոավտոբուսով Արտակ Նազարյանի հարազատները Երեւանից չորս ժամում Բերդ են հասնում, սակայն ամբաստանյալներին դատարան չեն բերում: Դեռ նշանակված չէ այս գործով հաջորդ դատական նիստի օրը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել