Հակոբ Հակոբյան. «Ես ամենամաքուր գործարարներից մեկն եմ»
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի մի խումբ բնակիչներ` գյուղապետի գլխավորությամբ: Նրանք բողոքում էին Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (մականունը` Ճոյտ) պատկանող «Բետարշին» ՍՊԸ-ի ավազի հանքի շահագործումից, քանի որ ձեռնարկությունը սահմանափակում է գյուղացիների իրավունքները եւ զավթել է գյուղի հողամասերը:
Այս առնչությամբ «Հետքը» զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները շատ են դժգոհում, որ գյուղում գտնվող եւ սեփականության իրավունքով ձեզ պատկանող «Բետարշին» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնող ավազի լվացման արտադրամասը վնաս է տալիս իրենց եւ չեն կարողանում օգտվել ինչպես ճանապարհից, այնպես էլ իրենց արոտավայրերից, քանի որ արտադրամասի պահակները զենքով արգելում են գյուղացիներին անցնել տարածքով: Ինչպե՞ս եք պարզաբանում գյուղացիների դժգոհությունը:
Ինչ վերաբերում է հողեր զավթելուն, միանշանակ կարող եմ ասել, որ ինչպես իմ, այնպես էլ «Բետարշին» ՍՊԸ-ի կողմից ոչ մի քառակուսի մետր հող չի զավթվել: Բացի գործարանի տարածքից եւ կառավարության կողմից լիցենզավորված հանքից` որեւէ այլ տարածք չունենք Եղեգնուտում: Գյուղացիների պնդումների առնչությամբ էլ կարող եմ ասել, որ նման բան չկա: Ամբողջը կազմակերպվել է գյուղապետի կողմից: Իրենք գյուղում 5-6 եղբայրներ են ու եթե ընտանիքի անդամներով հավաքվեն` կլինեն 60-70 հոգի: Գործարանը գտնվում է գյուղի տարածքից դուրս եւ երբեւէ չի կարող վնաս պատճառել գյուղացիներին, ինչպես բնապահպանական ու ձայնի առումով, այնպես էլ բոլոր առումներով: Գործարանին ամենամոտ գտնվող տունը 500 մ հեռու է: Պարզապես կարողանում են մարդկանց հավաքագրել, նրանք էլ դժգոհում են` առանց իմանալու, թե ինչից են դժգոհում:
Այդ դեպքում, ինչո՞ւ է գյուղում «արտակարգ դրություն» հայտարարվել եւ գործարանի պահակները ավտոմատներով փակում են ճանապարհները ու Եղեգնուտ գյուղում լարվածություն առաջացնելում հարցում մեծ դերակատարում ունի գործարանի փոխտնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Սուսանը ոչ մի բան էլ չի արել: Երբ 2006 թվականին ձեռք բերեցի այդ գործարանը, դրանից հետո երեւի կհիշեք` ինձ հետ կապված տեղի ունեցան միջադեպեր: Մեր գործերն այնպես էին, որ մենք չէինք կարողանում զբաղվել գործարանի գործունեությամբ: Դրանից օգտվելով` գյուղապետը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր եւ դրանց հիման վրա գործարանի մի մասը նվիրել է իր հարազատ եղբորը: Ամիսներ անց, երբ տեսանք, որ իմ գործերը պակասել են, եւ ես կարող եմ զբաղվել գործարանով, նրանք ինձ ցույց տվեցին մի վկայական, թե իբր իրենք 1991թ-ին են սեփականաշնորհել, ինչ-որ մի կառավարական հանձնաժողովի կողմից:
Դատական բոլոր 3 ատյաններին դիմելուց հետո, ապացուցվեց, որ իբր 1991 թվականին տված փաստաթղթերը գրվել են 2 տարի առաջ եւ փորձագետները գրել են, որ չի կարող լինել 1991 թվականին տրված, քանի որ թանաքի փորձաքննությունը հաստատել է 2 տարի ժամանակը: Բացի դա, կադաստր էին ներկայացրել չեկերի պատճեները, ինչը չի կարելի: Մի բան էլ էին ասում, թե իբր կառավարության որոշմամբ, այդ հողերն ու տարածքները տիրազուրկ են եւ իրենք իրավունք են ունեցել սեփականաշնորհել: Դատարանի կողմից դա էլ ապացուցվեց, քանի որ Աբովյանի դատարանի կողմից 2001 թվականին սնանկ է ճանաչվել գործարանը: Սնանկացման արդյունքում 2002 թվականին այն ձեռք է բերել մի ուրիշ կազմակերպություն: Հետագայում էլ նրանք վաճառել են «Բետարշին» ՍՊԸ-ին: Դրանից հետո նվիրատվություն է ձեւակերպվել իմ վրա: Այսինքն` այդ գույքը տիրազուրկ չէր կարող համարվել, քանի որ սնանկացման վարույթում գտնվելու ժամանակ գործողություններ են իրականացվել: Բացի դա, այդ տարածքը հիմնվել է 1985 թվականին: Ախուրյանի ջրամբարը կառուցելուց հետո գործարանն ապամոնտաժել եւ կառուցել են Եղեգնուտ գյուղում: Հողը նույնպես մեզ է տրամադրվել կառավարության որոշման հիման վրա: Դրա համար հարկեր է վճարվել, հո այլմոլորակայինները չեկա՞ն ավազ լվացին ու գնացին:
Այս տարի էլ գյուղապետը մի վկայական է հանել, թե 1991 թվականի եսիմ ինչ որոշմամբ` գործարանը տվել են գյուղապետարանին: Վկայականն էլ նոր է հանել: Այսինքն` 1991 թ-ից հետո ոչինչ չի արել, միայն 2 ամիս առաջ է հիշել, որ պետք է վկայական հանի: Մենք էլ դիմել ենք վարչական դատարան, որպեսզի չեղյալ համարեն այդ վկայականը, քանի որ կեղծիքը կատարել է նույն գյուղապետը, նույն մեթոդներով: Գործարանի բակում կանգնած կամազ ավտոմեքենան ամբողջությամբ թալանեցին, ավտոների լարերը պոկել մեջը սալյարկա են լցրել ու այդ մեքենան հազիվ ոտի հանեցինք: Առանց խիղճ ունենալու 12 մատոռների վրա կիսլատա լցրեցին: Ինչ որ ասում եմ, բոլորի համար Արմավիրի ոստիկանության բաժնում հայտարարություններ ենք տվել եւ ունենք բոլոր կտրոնները: Իմ ասածը բամբասանք չի: Քանի որ գործարանը գյուղին մոտիկ է, մի 30 հոգով գալիս են կռանովչիկին ծեծում, վախացնում են, նա էլ թողնում գնում է, հետո ուրիշ կռանովչիկ ենք ճարում ու այդպես շարունակ:
Որպես «Բետարշին» ՍՊԸ-ի սեփականատեր ձեր նկատմամբ տարիներ առաջ քրեական գործ էր հարուցվել: Ինչպե՞ս է ստացվում, որ հանցագործություն կատարելու մեջ միշտ դուք եք կասկածվում եւ հայտնվում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Մինչեւ դատարան դիմելը, դիմեցինք դատախազություն: Նախկին կատարած արարքների համար քննություն տեղի ունեցավ, սակայն գործը կարճվեց, քանի որ չպարզվեց, թե ովքեր են այդ թղթերը ներկայացրել կադաստր: Այժմ Եղեգնուտ գյուղի ավագանու անդամ Վարդան Մարգարյանը, ով գյուղապետի հարազատ եղբայրն է, ասաց, թե ինքն այդ թուղթը չի տարել կադաստր, գյուղապետն էլ ասաց, թե չի հիշում` ինքն է տարել, թե ոչ: Արդեն քրեական գործը հարուցված է գյուղապետի նկատմամբ եւ քննություն է գնում: Եթե իրենք ամեն գնով ուզում են գործարանը դարձնել իրենցը, միեւնույն է, օրենքը մնում է օրենք: Օրենքից մեր ուղեղն էլ հասնում է, բռունցքներով հարց չենք լուծում: Մենք հարկ ենք վճարում, պետությունն էլ թող պաշտպանի մեր շահերը:
Ասեմ, որ իմ դեմ ընդհանրապես քրեական գործ չի հարուցվել: Բացի այս գործարանի հետ կապված, ես որեւէ իրավիճակներում չեմ հայտնվել եւ որեւէ խնդիր չունեմ: Չմոռանանք, որ 1993 թվականից մինչեւ 2007 թվականն իմ մոտ ստուգումներ անցկացվեցին եւ ինչ-որ հայտնաբերեցին, թեեւ որոշ մասի վաղեմությունն անցել էր, ամբողջ գումարները, նույնիսկ ուրիշների փոխարեն, վճարել եմ: Ես ամենամաքուր գործարարներից մեկն եմ: Չմոռանանք նաեւ, որ ես միայն գործարանի սեփականատերն եմ եւ գործարանն ունի գործադիր տնօրեն: Ես ունեմ մի քանի ձեռնարկություններ: Այս վեճերից հետո, ճիշտն ասած, այս գործարանն աչքիցս էլ է ընկել: Եթե գյուղապետը կլյաուզիայով է զբաղվում, արդեն հոգնում եմ հարցեր տալուց ու այդ գործարանում բիզնոսով զբաղվելուց: Գործարանը ձեռք եմ բերել 2006 թվականի սեպտեմբերի 4-ին: Իսկ մեր հետ կապված դեպքերը տեղի ունեցան հոկտեմբերի 8-ին: Այսինքն` այդ գործարանն ունեցել եմ ընդամենը 34 օր, որից հետո սկսել ենք չաշխատել: 34 օրում ի՞նչ կարող էի անել, որ քրեական գործ հարուցվեր, սկի ընդունում-հանձնում էլ չենք արել: Քրեական գործ հարուցվել է նախկին տնօրենի` Եղեգնուտի գյուղապետի եղբոր կատարածների համար, որն իմ հետ կապ չի ունեցել, սակայն, լինելով ՍՊԻ-ի իրավահաջորդը. հարկեր քիչ վճարելու համար 8 միլիոն դրամ տուգանքը ես եմ վճարել:
Դուք անընդհատ վկայակոչում եք, որ դիմել եք դատարաններ եւ միշտ ձեր օգտին է գործը լուծվել: Գյուղապետ Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով ձեզ է ենթարկվում եւ օբյեկտիվ վճիռ չի կարող կայացնել:
Գիտեք ինչ, եթե «իմ գրպանում» որեւէ դատավոր լիներ, կարող եմ ասել, որ բիզնեսը կթարգեի եւ իրավաբանական ծառայություն կբացեի ու «իմ գրպանում» եղած դատավորներին կօգտագործեի ոնց որ պետք էր: Կազատեի, կօգնեի ու հազար մի հարցեր կլուծեի: Խելոք գյուղապետը նման բան կարո՞ղ է ասել: Չմոռանանք, որ դատական համակարգը եռաստիճան է, ու եթե գյուղապետի մտածելով առաջին ատյանի դատարանը կողմնապահություն է արել իմ նկատմաբ, չէ՞ որ կա վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ: Բողոքարկելու տարբեր եղանակներ կան, ուստի նրա ասածները հիմնավոր չեն, քանի որ օրենքներից, իրավաբանությունից ոչինչ չի հասկանում: Մի կեղծիք է անում ու մեզ գցում է դատարանի դռները, դա բացահայտվում է, նորից է անում:
Այսօր 36 միլիոն դրամի վնասի հատուցման պահանջով մտել ենք դատարան` ընդդեմ գյուղապետի ու նրա եղբոր: Երբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանք գործարանի մի մասը սեփականաշնորհել էին, ու նրանք պահանջեցին, որ ձեր մատնանշած դատարանի կողմից արգելանք դրվի եւ հարկադիր կատարողների կողմից արգելվեց մեր մուտքը գործարանի տարածք: Մոտ 1 տարի մենք չենք օգտվել մեր գործարանից ու սեփականությունից: Մեկ տարվա ընթացքում, երբ դատական պրոցեսներն ավարտվեցին եւ դատարանը գտավ, որ մենք պետք է գործարանը տիրապետենք, նոր հետ վերադարձրեցին: Այդ մեկ տարվա ընթացքում մեր գործարանը չի աշխատել: Մենք շահույթ հետապնդող կազմակերպություն ենք, ունեինք պայմանագրեր, որը չկարողացանք կատարել, քանի որ իրենց հայցով ու դատարանի որոշմամբ գործարանը փակ էր: Այդ մեկ տարվա համար հաշվարկներն արել ենք, թե ինչ վնասներ ենք կրել: Հենց հիմա էլ դատական պրոցեսները գնում են: Վարդան Մարգարյանը խուսափում է դատարան գալուց եւ հոգեկան հիվանդի փաստաթղթեր է հանում: Դատարանը որոշում էր կայացրել նրան բերման ենթարկել, հարկադիր կատարողները գնացել, տեսել են, որ ինքը պարկած է, սեղանի վրա էլ դրված են եղել հոգեմետ դեղեր:
Իմ բոլոր ասածները սիրողական մակարդակի չեն, բոլորը փաստաթղթերից եմ մեջբերում: Այսինքն` նրանք խուսափում են դատարան գնալուց եւ արհեստական ձգձգում են դատական պրոցեսը: Այ հիմա մենք իրենց հիստերիան հասկանում ենք, քանի որ չեն կարողանում իրենց իրավաբանների միջոցով ապացուցել, որ իրենք մեղավոր չեն: Այդ վայնասունը հենց այդ պատճառով է: Գյուղապետը շատ այլ հանցագործություններ է կատարել եւ միայն մեր արածքի հարցը չէ այսօր:
Հ. Գ. Հ. Հակոբյանը խոստացավ «Հետքին» փոխանցել ամբողջ փաստաթղթերի փաթեթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել