HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Մուկուչյան. «Եթե կողմը գալիս է դատարան, նա գոնե իր համար գտնում է, որ ինքը ճիշտ է»

20_11-T-Mukuchyan«Հանրային վեճերում բավականին մեծ թիվ են կազմում հարկային, մաքսային մարմինների հետ կապված հայցադիմումները, քաղաքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն: Վարչական դատարանի 1,5 տարվա գործունեության ընթացքում բոլոր մարմինների հետ կապված դիմումներ ստացվել են»,- «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Անդրադառնալով դատարանների հանդեպ առկա անվստահությանը` Տ. Մուկուչյանը նշեց, որ ինքը համաձայն է, որ որոշակի առումով խնդիր կա: Բայց պետք է նկատի ունենալ, որ Վարչական դատարանի ստեղծումն էլ որոշակի նպատակ էր հետապնդում նաև այդ խնդրի կարգավորմանն ուղղված, որպեսզի այդ վստահությունը մեծանա: «Դատական նախադեպերը հենց այն գործոնն են, որոնք նպաստելու են այդ վստահության, հեղինակության բարձրացմանը: Բայց միանշանակ ասել, թե բոլորը պետք է վստահեն, չի լինի: Դատական վեճում մենք միշտ ունենում ենք երկու կողմեր, և եթե կողմը գալիս է դատարան, նա գոնե ինքն իր համար գտնում է, որ ինքը ճիշտ է ու եթե պարտվեց, ուրեմն արդեն խնդիրներ կան: Այս գործոնը միշտ կա, և այն իր ազդեցությունը նման հարցերում միշտ ունենում է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ թեև խնդիր կա, սակայն օրենսդրական քայլերը, որոնք արվում են, ուղղված են նպաստելու դատարանի դերի բարձրացմանը»,- ասաց նա: Արդյոք կան դատարանում կոռուպցիայի խնդիրներ: Ի պատասխան` Վարչական դատարանի նախագահը նշեց, որ այո, կան: Իսկ դրա կարևորագույն գործոններից մեկը, Տ. Մուկուչյանի պնդմամբ, դատավորների աշխատավարձերի զգալի չափով բարձրացումն էր, ինչն ուղղված էր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Վարչական դատարանի նախագահը գտնում է, որ մենք այսօր հասարակության իրավագիտակցության հետ կապված լրջագույն խնդիր ունենք: «Այսօր դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ցավոք, շատ հաճախ մարդիկ, առանց իրավաբանի դիմելու, տարբեր քայլեր են կատարում: Դա էլ բերում է նրան, որ այլևս որևէ իրավական մեխանիզմով, համակարգով անհնար է փրկել գործը: Օրինակ` փոխառության գործարքը, որ հստակ գործարք է, և որի պայմաններում ասվում է, որ նույնիսկ պարզ, հասարակ ձևով գրված ստացականը բավարար հիմք է, որպեսզի պահանջեն փոխառությունը: Ինչ է տեղի ունենում: Քաղաքացին գումարը տալիս է, վստահում է, ինչից հետո գալիս է դատարան, ասում, թե` հարյուր հատ վկա կբերեմ ու կապացուցեմ, որ էդ փողը տվել եմ: Օրենսդրությունը հստակ պահանջ է պարունակում, որ չի կարելի նման կարգի հարաբերություններում վկայակոչություններ իրականացնել: Հետևաբար դուրս է գալիս, որ մի ստացականը օրենսդրական կարգավորման տեսանկյունից ունենում է շատ ավելի կարևոր նշանակություն: Եթե ժամանակին սա պատշաճ կերպով վավերացվեր, որևէ խնդիր չէր առաջանա»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter