
Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու` վարչապետ Տիգրան Սարգսյանի քայլը ներիշխանական ճամբարում առաջացած նոր իրողությունների, կուլիսներում ընթացող պրոցեսների արտաքին ցուցիչն էր: Այն ջերմաչափի դեր կատարեց՝ ցույց տվեց, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ և դրա պատճառների ու հնարավոր հետևանքների բացահայտման խնդիր դրեց:
Միամտություն կլիներ կարծել, թե վարչապետն սկսել էր դավանել ՀՀԿ- կողմից իրեն վերագրվող ազգային-պահպանողական գաղափարախոսությունը: Իր ողջ աշխարհընկալմամբ ու փիլիսոփայական հայացքներով Տիգրան Սարգսյանն ազատական-առաջադիմական մտածողություն ունեցող անհատ է:
Պարզ է, որ Ազգային ժողովրդավարական միությանն անդամակցելիս նա ավելի անկեղծ էր ինքն իր և հանրության հետ, քան՝ հիմա: Այս որոշումը ոչ թե հայացքների ու քաղաքական կողմնորոշումների փոփոխության, այլ պրագմատիկ քաղաքական հաշվարկների արդյունք է: Իսկ դրա համար ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանը ունեին առավել քան բացատրելի պատճառներ:
1. Կառավարության կողմից վարվող ֆինանսատնտեսական քաղաքականությունն ի զորու չեղավ հաղթահարելու ներկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Դա պայմանավորված էր ոչ այնքան համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որքան հայրենի տնտեսության օլիգարխահեն համակարգով:
Սակայն քննադատության թիրախում հայտնվում էր ոչ թե այդ օլիգարխահեն համակարգը, այլ հենց երկրի վարչապետն ու կառավարությունը, որոնց տարատեսակ հայտարարությունների, նախաձեռնությունների և առկա իրողությունների միջև հսկայական հեռավորությունը ընդամենը մեկ բան էին ապացուցում. գործադիր իշխանությունն անզոր է այս համակարգի դեմ:
Ըստ էության, կառավարության նախաձեռնությունների ձախողման ողջ պատասխանատվությունն ընկնում էր ոչ թե կոալիցիոն քաղաքական ուժերի, այլ անհատապես Տիգրան Սարգսյանի վրա:
Գործադիր իշխանության համակարգում նա միակ տեխնոկրատն էր, ինչը մեծացնում էր կոալիցիայի կողմից վարչապետին քավության նոխազ դարձնելու հավանականությունը: Այսպիսով, դառնալով իշխող կուսակցության անդամ, Տիգրան Սարգսյանն ստիպեց, որ իշխանությունն իր հետ կիսի պատասխանատվությունը բոլոր ձախողումների համար:
2. Վարչապետի վերջին հայտարարությունները ԱԺ-ում, ինչպես նաև վերջին նախաձեռնությունները՝ պետական կառավարման համակարգում քաղաքական և պրոֆեսիոնալ դաշտերի, գործառույթների տարանջատման, պետական իշխանության 500 ամենաբարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված, ցույց են տալիս, որ առաջիկայում հնարավոր են որոշակի փոփոխություններ:
Կառավարության ֆորմալ և ոչ ֆորմալ լիազորությունների մեծացումն ուղղված է լինելու քաղաքական կոալիցիոն կառավարման համակարգի բերած վնասների դեմ: Դա, անկասկած, հզոր դիմադրողական ռեակցիա է առաջացնելու թե պետական մարմինների ղեկավարների, թե նրանց թիկունքում կանգնած կոալիցիոն քաղաքական ուժերի կողմից:
Վարչապետը չի կարող դրանց դիմակայել, եթե չունենա համապատասխան քաղաքական աջակցություն: Մյուս կողմից ակնհայտ է, որ կառավարության լիզորությունների մեծացման հավակնություններ նա կարող էր դրսևորել միայն մեկ դեպքում. եթե ունենար հանրապետության նախագահի աջակցությունը, ավելին՝ նրա շահագրգռվածությունը:
Ներկայիս քաղաքական հեղհեղուկ կայունության պայմաններում Սերժ Սարգսյանը, սակայն, չէր կարող անձամբ իրականացնել այդ ծրագիրը: Նախագահի համար այդ խնդիրը պատվիրակելու առումով մշտապես կառավարման արդյունավետությունը բարձրացնելու դիրքերից հանդես եկող վարչապետն ամենահարմար «գործիքն» էր:
Սակայն Տիգրան Սարգսյանը նման մեծ խաղի մեջ կարող էր մտնել միայն կոնկրետ քաղաքական աջակցություն, հենարան ստանալուց հետո, ինչը և արվում է նրան հանրապետական դարձնելու ճանապարհով: Այլ կերպ ասած՝ այդ փոփոխությունների համար հիմա ոչ թե միայն նախագահը, վարչապետը, այլ նաև կուսակցությունը պատասխանատվություն կստանձնեն:
3. Երևանի քաղաքապետարանի ավագանում ստեղծված իրավիճակը պարզորոշ ուրվագծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնախույս քաղաքական պահվածքը: Թե դրանից առաջ, թե հետո ԲՀԿ-ն երբևէ չի դադարել հայտարարել իշխանական կոալիցիայից դուրս գալու հնարավորության մասին:
Սա Սերժ Սարգսյանին մշտապես «ցցերի վրա» պահելու նպատակ ունի, որը ցանկացած պահի կարող է հանգեցնել իշխանության երկպառակտման: Դա կարող է տեղի ունենալ միայն այն պարագայում, եթե Հանրապետական կուսակցության դեմ ուժեղ քաղաքական բևեռ ձևավորելու իրական հնարավորություն ստեղծվի:
Առկա իրավիճակում նման դաշտ կարող են ապահովել միայն հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդիրը հետ կապված վարվող պետական քաղաքականության դեմ առկա հասարակական-քաղաքական ուժեղ դիմադրությունը:
Եթե ԲՀԿ-ին հաջողվի այս դաշտում ընդհանուր լեզու գտնել Դաշնակցության և «Ժառանգության» հետ, ապա ի դեմս այս եռյակի՝ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի նոր քաղաքական բևեռ ստեղծել:
Այն ոչ միայն ուղղված կլինի նախագահի արտաքին քաղաքականության դեմ, այլև նոր համապետական ընտրությունների անցկացման նախադրյալներ կստեղծի: Չի կարելի բացառել, որ հենց այս սցենարը նկատի ուներ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ իր վերջին ելույթի միջոցով առաջ էր քաշում «հայդատական» նոր իշխանություն ձևավորելու աննպատակահարմարության ու դա թույլ չտալու անհրաժեշտության հարցը:
Այս առումով վարչապետ Տիգրան Սարգսյանի դերը գուցե այնքան էլ նկատելի չէ: Սակայն նրա ապաքաղաքական ֆիգուր լինելու հանգամանքը լավ հնարավորություն է այդ ուժերի կողմից գործադիր իշխանությունն ինչ-որ պահի պարալիզացնելու և նախագահին պատին դեմ տալու համար:
Այսինքն՝ իշխանությանն անհրաժեշտ էր երաշխիք, որ կրիտիկական պահին Տիգրան Սարգսյանը փաստի առջև չի կանգնեցնի նախագահին և կառավարության հրաժարականի միջով քաղաքական վերադասավորումների առիթ չի տա:
Մյուս կողմից, վարչապետին ընդգրկելով իր շարքերը, ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստան»-ին զրկեց մանևրելու հնարավորությունից: Նախկինում, հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի անկուսակցական լինելու հանգամանքը, ԲՀԿ-ն անխնա քննադատում էր կառավարության նախաձեռնությունները:
Դրանով վերջինսն փաստացի փախչում էր կառավարության գործունեության համար պատասխանատվության իր մասնաբաժնից: Մինչդեռ հիմա ԲՀԿ-ն կանգնում է երկընտրանքի առաջ. կամ շարունակում է նույն մարտավարությունը և այս դեպքում արդեն բացահայտում ՀՀԿ-ի դեմ իր տրամադրվածությունը, կամ համակերպվում է փաստի հետ և ամբողջությամբ ՀՀԿ-ի հետ ստանձնում է վարչապետի և նրա գլխավորած կառավարության գործունեության համար պատասխանատվությունը: Ամեն դեպքում ՀՀԿ-ն կարող է հասկանալ՝ որքանով է իրական ԲՀԿ-ից սպասվող թիկունքից հարվածը:
Այնպես որ Տիգրան Սարգսյանի հանրապետականացումը բխում էր թե վարչապետի, թե կուսակցության հետաքրքրություններից: Տիգրան Սարգսյանը հասկացավ, որ Հայաստանում «միայնակ գայլի» քաղաքականություն վարելը նշանակում է անընդհատ գլուխն անիմաստ խփել հսկայական պատին: Իսկ Հանրապետական կուսակցությունը, ստանձնելով վաչապետի գործունեության համար պատասխանատվությունը, փորձում է պղտոր ջրերում ցանցեր նետած արկածախնդիրներին զրկել որսից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել