Առաջիկայում 26 հուշարձան կվերանորոգվի
Այն շենքը, որը կանգուն է, շատ փոքր ծախսի, նույնիսկ գյուղապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ, կարող է հարատևել: Սակայն անցյալ տարի Սիսիանի շրջանում փլվել է գյուղական եկեղեցի, որը տարիներ շարունակ չէր նորոգվել և ամրակայվել, ինչպես երեկ Թբիլիսիում փլված Մուղնու Սբ. Գևորգը: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Հայաստանում կա երկու բան` երբեմն միջոցների պակաս, բայց ավելի շատ` սրտացավության պակաս: Կա սեփական մշակույթի նկատմամբ ծով անտարբերություն»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ այս տարի Մշակույթի նախարարությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությանը հանձնարարել է իրականացնել «Առավել վտանգված հուշարձանների դիտանցում» ծրագիրը: Դիտանցման (մոնիտորինգ) ծրագրում 26 հուշարձան է ընդգրկված, ամեն մարզից 1-2-ական:
Այդ հուշարձաններից է Դսեղ գյուղի մոտ Բարձրաքաշ Սբ. Գրիգորի վանքը: Այս գլուխգործոցը, հուշարձանագետի գնահատմամբ, ահավոր վիճակում է. ոչ մի ուղիղ պատ չի մնացել, ամեն մեկը մի ուղղությամբ է թեքվել: Ծրագրում են ընդգրկված նույն գյուղի հարևանությամբ Քառասնից Մանկանց եկեղեցին, Սոլակ գյուղի մոտ Մայրավանքը, Թալինի Կաթողիկե եկեղեցին, Բյուրականին հարևան Անտառուտ գյուղի եկեղեցին: Վերջինը փակտաշեն ծածկ ուներ` փայտյա խոյակներով և սյուներով: Փայտածածկ եկեղեցիները հազվագյուտ են դարձել: Եկեղեցու ծածկը արդեն կիսով չափ չկա` ավիրված է: Դիտանցման ծրագրում է ընդգրծված նաև Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Կրասար գյուղի կամուրջը: 19-րդ դարի այս հուշարձանը, մասնագետի խոսքերով, կամրջաշինության գլուխգործոց օրինակ է:
«Մենք այցելել ենք բոլոր մարզերը: Ընդհանուր վիճակը իսկապես լավ չէ: Ամեն տեղ կամ խորացել է քայքայումը, կամ նույնիսկ արդեն վերականգնված հուշարձանները այնքան անորակ, անխիղճ ձևով են վերականգնվել ժամանակին, որ այսօր ուղղակի վթարային վիճակի են հասել: Այսինքն` աշխատանքը այս ուղղությամբ շատ-շատ է, և պետությունը, (ենթադրում եմ) պետք է ամեն տարվա բյուջեից ինչ-որ հատկացումներով անելով, կարողանա առաջիկա տարիներին առաջնահերթորեն այս 26 հուշարձանները ապահովել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
«Գոնե մի եկեղեցու վերանորոգման աշխատանքները արդեն սկսվա՞ծ են» հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մենք պարզապես այս 26 հուշարձանների ներկա վիճակը մանրամասնաբար (ներսից դրսից լուսանկարներով, չափագրություններով) և պետք եղած մեր առաջարկներն ենք տվել: Այսինքն` սա ընդամենը դիտանցում է: Եկող տարվա մեջ, օրինակ, վստահ եմ` այս 26-ից մի քանիսը կսկսեն արդեն, իսկ թե որոնք կլինեն` այս պահին ես տեղյակ չեմ»:
Սամվել Կարապետյանն ասաց, որ «վերականգնվող հուշարձաններում երբեմն ուղղակի աղաղակող սխալներ ենք տեսնում»: Օրինակ` Հաղարծին վանքի սեղանատունը, որի պատերին 13-րդ դարի արձանագրություններ կային, «շլիֆովկա» են արել այնպես, ինչպես թարմացնում են Երևանի շենքերը` տասնամյակների փոշուց սևացած տուֆ քարի վրայից մի շերտ վերցնելով: Հաղարծինի սեղանատունը «թարմացրել են» ճիշտ նույն ձևով, ինչի հետևանքով այժմ միայն հետքերն են երևում արձանագրությունների այն տառերի, որոնք խորը չէին փորագրված: «Արձանագրություններն են մաքրել, մեր պատմությունն ենք վերացրել մեջտեղից, և սա չի արել թուրքը, չի արել վրացին»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ կան նաև վերականգնման դրական օրինակներ: Ուրցաձոր գյուղի մոտ Տափի բերդ անունով հնավայր կա` հենց Խոսրովի արգելոցի մուտքին: Հնավայրի բերդամիջում եկեղեցի կա: Այս եկեղեցին վերականգնվել է գերազանց բարեխղճությամբ. օգտագործվել է միայն կիր, այսինքն` հարազատ շինանյութ, առանց հուշարձանի պատերի մեջ երկաթ ու բետոն մտցնելու: «Վերականգնելը ենթադրում է նաև շինանյութի ճիշտ օգտագործում: Օտար շինանյութ չի կարելի օգտագործել: Բայց մեր հուշարձանների մեծ մասում տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է»,- ասաց հուշարձանագետը:
Նա նշեց, որ դիտանցման շրջանակներում գնացել են Ապարանի ջրամբարի ափին գտնվող, 5-6-րդ դարերի Պողոս-Պետրոս եկեղեցի, որի մոտ եղևնիների անտառակ կա: «Որքան էլ ընդհանուր տեսարանը հաճելի է, ամբողջ անտառակը աղբի մեջ էր: 12 հոգուց բաղկացած մեր խումբը ուղղակի 3 ժամ միայն աղբ է հավաքել, և չեմ իմանում` որ փոքր տոկոսն ենք կարողացել մաքրել: Սա՛ ենք մենք: Մենք մեր բնության գեղեցկությունը չենք զգում: Անտարբեր ենք բոլորս»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ Ապարանի շրջանի մոտիկ գյուղերից երեխաներ էին եկել եկեղեցի` իրենց օրն անցկացնելու: Ուրախությունից, երգից, խորովածից հետո նրանք աղբ թողեցին ու հեռացան: «Այսինքն` ոչ թե միայն մենք` երևանցիներս ենք ապականում մեր հայրենիքը, այլ հողի մարդն էլ է արդեն ապականում իր հայրենիքը: Ամեն բան բնության մեջ շաղկապված է: Չի կարող իր հայրենիքը ապականող անհատը այդ հայրենիքում վեր հառնած հուշարձանի հոգսը քաշող լինել: Սրանք տարբեր վիճակներ են»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել