«Ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստան»
«Ոչ մի երկիր շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- երեկ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը: Նա ասել է, որ առաջատար քաղաքական ուժերը ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի չափորոշիչներ են կիրառում:

«Բալկանների խնդիրը ՆԱՏՕ-ն լուծեց շատ արագ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը հանձնարարվել է Մինսկի խմբին. Մինսկի խումբն արդեն 18 տարի է, ինչ չի կարողանում լուծել դա, սակայն կան ադրբեջանական ազգը եւ բանակը, որոնք կարող են լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Ասկերովը:
Նա հիշեցրել է, որ միջացգային ուժերը Ադրբեջանին հրավիրում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որից հետո տեղեկացրել է. «ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշոտանական ներկայացուցիչն ինձ ասաց, որ ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստան»:
Ո՞ւմ հետ պետք է բանակցի Հայաստանը
«Սահմանի բացումը կապելով Ղարաբաղի հարցի հետ, Թուրքիան հանդես է գալիս որպես հակամարտության կողմ: Եթե այդպես է, ի՞նչ գործ ունի Մինսկի խմբում, եւ դեռ մի բան էլ միջնորդի դերակատարություն ստանձնելու հավակնություններ է դրսեւորում: Հակամարտող կողմ է` թող ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին չի կարող խոսք լինել, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել:
Ադրբեջանական կողմն էլ թող հրապարակավ ընդունի, որ ոչ միայն Նախիջեւանն է Թուրքիայի պրոտեկտորատի տակ, այլեւ ամբողջ Ադրբեջանը: Եւ թող միջազգային հանրությունն էլ որոշի` Հայաստանը որ երկրի, որ կառավարության հետ պետք է բանակցի` Բաքվի, Անկարայի, թե միգուցե Ադրբեջանում հորինված Գյոկչա-Զանգեզուրի հանրապետության վտարանդի կառավարության հետ»,- հարցնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Գտնվում են ՍԴ-ում
Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է` գտնվում է են Սահմանադրական դատարանում:
Առաջիկա քսան օրերի ընթացքում պետք է գումարվի լիագումար նիստ, որի ընթացքում որոշվելու է արձանագրությունների քննության ընդունելու ժամկետը:
Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Երեկ Միքայելյանի հարազատներից թերթը տեղեկացել է, որ Սասուն Միքայելյանը շարունակում է գանգատվել սրտից: Արցախյան պատերազմից հետո «Սասուն» ջոկատի հրամանատարի սիրտը մեկ անգամ զոնդավորվել է, եւ երբ նա տարիուկես անցկացրեց Ազգային անվտանգության խոնավ մեկուսարանում, արդեն սրտի հետ կապված այլ խնդիրներ էլ առաջացան, որոնք ամեն օր իրենց մասին հիշեցնում են` տարաբնույթ ցավերով:
Միքայելյանը գանգատվում է նաեւ լյարդից: Այդ շրջանում նա հաճախ ցավեր է ունենում: Բացի այդ` կտրուկ տատանվում է նաեւ Սասուն Միքայելյանի արյան ճնշումը: Մեկ շատ բարձր է լինում, մեկ էլ` ցածր, որը, ըստ տարբեր բժիշկների գնահատականների, խիստ վտանգավոր երեւույթ է: Միքայելյանի հարազատները պատմել են, որ քաղբանտարկյալը ճակատի մասում հաճախ սուր ցավեր է ունենուն:
Բայց չնայած նրա այս վիճակին, մինչեւ օրս որեւէ մեկը նրան այցի չի գնացել ու չի հետաքրքրվել Միքայելյանի առողջությամբ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ թերթին ասել է, որ արդեն այսօր ինքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին կուղարկի դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց` Միքայլեյանի առողջական վիճակի մասին անձամբ նրանից մանրամասները ճշտելու եւ դրանից հետո արդեն համապատասխան գործողություններ իրականացնելու համար:
Հացի մաֆիան ամենահզորներից է
Երեւանում հացն ավելի թանկ արժե, քան Սեւանում: Նույն փռում թխվող, նույն տեսակի ու քաշի հացը մայրաքաղաքի բնակիչները 60 դրամով ավելի թանկ են գնում, քան Սեւանում: Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը զարմացած էր. «Մենք նույն գնով ենք բաց թողնում հացը թե էստեղ, թե Սեւանում, Երեւանում էլ արտադրամաս ունենք, ու հացը տեղում է թխվում, այնպես որ ճանապարհածախսի ավելացման տարբերակն էլ է բացառվում»:
Նա խոստացավ ուսումնասիրել իրացնողների աշխատանքը: Նշենք, որ հացի որակի, քաշի, վաճառքի ու պահման պայմանները չափազանց անբավարար են: Այս կարծիքին է նաեւ սննդի անվտանգության տեսչության պետ Գրիշա Բաղյանը: Ոլորտին առնչվողները հավատացնում են, որ հացի մաֆիան մեր երկրում ամենահզորներից է:
Ուրիշ է, էլի
Երեկ թերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նոր խորհրդական ունի: Քաղաքապետն իրեն խորհրդական է նշանակել ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հաստատեցին սույն տեղեկությունը: Ըստ այդմ, Գոռ Վարդանյանը Գագիկ Բեգլարյանի խորհրդական է նշանակվել նոյեմբերի 18-ին:
Կարատեիստը քաղաքապետին խորհուրդներ է տալու մշակույթի, կրթության, սպորտի գծով: Ենթադրվում է, որ սույն նշանակումն արվել է` հաշվի առնելով Գոռ Վարդանյանի բարձր ինտելեկտուալ հնարավորությունները:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գոռ Վարդանյանին է հատկացվել քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանի աշխատասենյակը: Վերջինս գնացել է արձակուրդ, եւ հայտնի չէ` կվերադառնա, թե` ոչ:
Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում
Թերթը Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Նոյեմբերի 21-ի ցերեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Արարատյան դաշտում եւ Երեւան քաղաքում ձյուն չի ակնկալվում: Օդի ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, սկսած 21-ի ցերեկվանից: 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, բացառությամբ Սյունիքի եւ Տավուշի մարզերի, որտեղ տեղումները կշարունակվեն նաեւ նոյեմբերի 23-ին:
Մինչեւ նոյեմբերի 25-ը կգերակշռի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանի բարձրացում կնկատվի նոյեմբերի 22-ից ու կդառնա +8 +13 ցերեկը, 0 -3 աստիճան ցուրտ Արարատյան դաշտավայրում: Նոյեմբերի 25-ի գիշերը մի քանի աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա` մինչեւ +5 աստիճան:
Իրականությանը չի համապատասխանում
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց, որ թերթերից մեկում տպագրված տեղեկությունը, ըստ որի` «Խոսրովի անտառի» տնօրենը սպանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ «Բելաջիո» ռեստորանում ճաշելուց հետո, իրականության չի համապատասխանում. «Տվյալ լրատվամիջոցում հետեւողականորեն, կրկնում եմ` հետեւողականորեն սուտ, զրպարտանք եւ հերյուրանք է տպագրվում, թե կուսակցության, թե կուսակցության նախագահի հասցեին, ինչը այսուհետ ունենալու է խիստ լուրջ իրավական հետեւանքներ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել