16-ամյա տղան է պահում ընտանիքը
«Ի՞նչ անեի: Որ դպրոցից դուրս չգայի, տունը չէի կարանա պահեի: Հիմա էլ ինչ գործ լինի անում եմ, մենակ թե փող աշխատեմ» -ասում է 16-ամյա Գարիկը, ով ապրում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում:
8-րդ դասարանից դուրս գալու որոշումը Գարիկի ծնողներն են ընդունել:
«Եթե Գարիկը չաշխատի, մենք չենք կարողանա ապրել: Նա է պահում հաշմանդամ հորը, ինձ, քրոջն ու եղբորը: Հա’մ խաղողի այգում է աշխատում, հա’մ կոնսերվի գործարանում, հա’մ էլ եզդիների գոմերն է մաքրում»-ասում է Գարիկի մայրը` Նարինեն:
Ընտանիքի հայրը` 39-ամյա Սասունը, երեք տարի առաջ բժիշկների կողմից ցրված սկրելոզ ախտորոշումն է ստացել: Նա առաջին կարգի հաշմանդամ է եւ տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: «Ես զգում եմ, որ ինձ մի չնչին բուժում է պետք, բայց ոչ ոք չի համաձայնում անվճար ինչ-որ բան անել, բժիշկներն էլ մենակ մի գլուխ թանկ դեղեր են գրում»,- ասում է Սասունը:
Առաջին կարգի հաշմանդամի թոշակը բարձրացումից հետո կազմում է 11.200 դրամ, իսկ հաշմանդամության նպաստը 26.000 դրամ է: Պետության կողմից ընտանիքին անվճար տրվել է միայն սայլակը, որի անիվները սակայն չեն աշխատում:
Հովհաննիսյանները զուրկ են անգամ սեփական կացարանից: Նրանք երկար ժամանակ ապրել են վագոն-տնակում, եւ միայն վերջերս գյուղապետը նրանց է հանձնել մի տան բանալիներ, որի բնակիչները վաղուց արտասահմանում են:
Ընտանիքը հույս ունի, որ տան տերերը այլեւս չեն վերադառնա, այլապես իրենք առանց օթեւան կմնան: «Էս տան մեջ հարմարվել ենք: Արդեն ոնց որ մերը լինի, ուրիշ տեղ ու՞ր գնանք»- ասում է Նարինեն, բայց խոստովանում է, որ ձմեռները տանը ցուրտ է լինում, եւ բոլորը ստիպված հավաքվում են մի սենյակում:
Նորամարգը գազաֆիկացված չէ, եւ բնակիչները, այդ թվում Հովհաննիսյանները, ամեն ձմեռ ստիպված են լինում փայտով ջեռուցել տունը: Երբեմն փայտը տրամադրում է գյուղապետարանը, հակառակ դեպքում այս հոգս էլ է ընկնում Գարիկի ուսերին: Տղան անտրտունջ ենթարկվում է այս ամենին, միայն երազում է մի օր այնքան փող ունենալ, որ կարողանա 14-ամյա քրոջը կրթության տալ:
«Մենք տղաներ ենք, առանց կրթության էլ կդիմանանք, բայց քույրիկս պիտի սովորի: Ուզում, որ գոնե նա մի մասնագիտություն ունենա»,-ասում է պատանին:
Ռուզան Գիշյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
3-րդ կուրս
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել