HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՀՅԴ Արցախի ԿԿ. «Արցախը պետք է կազմաքանդի մադրիդյան սկզբունքները»

HYD-NKR_21.11.09«Ինչքան էլ զանազան միջոցներով փորձ արվի հերքել կամ անգույն ձեւացնել  տարածաշրջանային զարգացումների փոխկապակցվածությունը, շատ հստակ է ու պարզ, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա արցախյան հիմնահարցի կարգավորումը նույն ուղղությանը հետապնդող քաղաքական ուղեգիծ է: Այս փաստից ելնելով` Արցախն այս անգամ ուղղակի պետք է կազմաքանդի մադրիդյան սկզբունքները եւ այդ միջոցով նաեւ ոչ ուղղակի հարվածի հայ-թուրքական հարաբերությունների նմանօրինակ զարգացմանը:  ՀՀ արտաքին գործերի նախարարը եւ իշխող կուսակցության ներկայացուցիչները, դժբախտաբար, մադրիդյան սկզբունքներին ուղղված իրենց  ողջույնի հայտարարություններով անտեսեցին  Արցախի կամքի արտահայտման իրավունքը»,-հայտարարել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` այսօր Ստեփանակերտում մեկնարկած` ՀՅԴ Արցախի 16-րդ շրջանային ժողովի բացման արարողության ժամանակ: Բացման արարողությանը, որն առաջին անգամ է հրապարակային անցկացվում, հրավիրված էին նաեւ ԼՂՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու լրագրողներ: Ժողովին մասնակցելու նպատակով Արցախ էր ժամանել նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Դավիթ Իշխանյանը շարունակելով կուսակցության համար, իր որակմամբ,  օրախնդիր եւ ամենակարեւոր` Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման  մասին թեման, շեշտել է, որ Արցախը պետք է սկսի հակամադրիդյան արշավ, որը պետք է ունենա գործնական բնույթ: «Իսկ որպես ձայնակցման եւ միակամության արտահայտման միջոց, պետք է այդ արշավին միացնել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ղեկավարությանը, քանզի հարցը համահայկական է: Արցախը, որպես հայկական իրականության մեջ ազդեցիկ գործոն, պետք է գործնական աշխատանքներ   ծավալի երկու ուղղություններով. կապող օղակը հանդիսանա Հայաստան- Սփյուռք- Արցախ եռամիսանության վերահաստատման եւ զարգացման գործում եւ մադրիդյան սկզբունքների կազմաքանդման ուղղությամբ»,-ընդգծել է նա: Անդրադառնալով ՀՅԴ Արցախի կառույցի` անցած երկու տարիների գործունեությանը Դավիթ Իշխանյանը շեշտել է նաեւ, որ կառույցը փորձել է վեր հանել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցում թույլ քարոզչությունն ու դրանց վերացմանն ուղղված կոնկրետ ուղենշումը: Մասնավորապես, լուրջ հակադարձ է տվել վտանգավոր այն վարկածին, որ տարածքների զիջումը կհանգեցնի պատերազմի` շրջանառության մեջ դնելով  «փոխզիջում` առանց տարածքների» կարգախոսը: ՀՅԴ Արցախի կառույցի համար, ըստ Դ.Իշխանյանի, հուսադրող է Արցախի նախագահի մոտեցումները եւ տեսակետները Արցախի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ: «ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանման թեզն արմատավորվում է մեր հասարակության մեջ` հակադրվելով այն ուժերին, որոնք փորձում են հասարակության մեջ ստեղծել այլ պրագմատիկ հորջորջվող թեզի հասարակական կարծիք: Հավատացած ենք, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ համահունչ են ԼՂՀ քաղաքական բոլոր ուժերի տեսակետները. այն է`ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանում,  բանակցային գործընթացում ԼՂՀ-ի  լիիրավ կողմի ապահովում, մադրիդյան սկզբունքների կազմաքանդում եւ նոր սկզբունքների որդեգրում»-ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter