Վ. Հովհաննիսյան. «Մեզ փորձում են պառակտել, որպեսզի կորցնենք զգոնությունը եւ դիմադրողականությունը»
«Արցախն առանձնահատուկ է քաղաքակիրթ կայացած հասարակություններին բնորոշ գծերով: Կայացած հասարակությունը դեռեւս չկայացած, խմորումների մեջ գտնվող հասարակությունից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այնտեղ բոլորը գիտակցում են մեկ ընդհանուր նպատակ եւ վիճում են իրար մեջ այդ նպատակին հասնելու ճանապարհների մասին, բայց ոչ` նպատակի: Ցավոք սրտի, այլ միջավայրերում, եւ նաեւ Հայաստանում, բանավեճը քաղաքական ասպարեզում տեղի է ունենում ոչ թե նպատակին հասնելու ճանապարհների, այլ բուն նպատակի մասին, որովհետեւ նպատակը ճշտված չէ: Եւ հենց դա է բերում այնպիսի անցանկալի եւ վտանգավոր երեւույթների, ինչպիսիք մենք դիտում ենք այսօր Հայաստանում, եւ որոնք կարող են անցանկալի կերպով տարածվել նաեւ Սփյուռքի վրա»,-այսպես է ձեւակերպել ազգային ընդհանրական նպատակի գիտակցման ներկան ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` այսօր Ստեփանակերտում կայացած ՀՅԴ Արցախի 16-րդ շրջանային ժողովի բացման ժամանակ:
Նրա խոսքերով, Հայաստանում որոշ քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների, ինչպես նաեւ պետական այրերի մոտ պրագմատիզմի սխալ ընկալումը բերել է նաեւ սխալ որոշումների: «Հայաստանում կան որոշ մարդիկ, ովքեր կարծում են, որ ռեալ քաղաքականությունը դա չափից դուրս ճկունությունն է, երբ արդեն դադարում ես ողնաշար ունենալ, եւ զիջումների ամեն րոպե պատրաստակամությունը, որն իբր թե պիտի բերի խաղաղություն եւ բարօրություն: Իրական քաղաքականությունը դա չէ, այլ այն, որ ինչքան ամուր ես, կարծր, որքան սկզբունքային ես պաշտպանում քո դիրքերը, այնքան շատ բանի ես հասնում: Սկզբից պետք է ամուր պաշտպանես քո դիրքերը, նոր հետո ցույց տաս զիջումների պատրաստակամությունը, այլ ոչ թե հակառակը»,-գտնում է ՀՅԴ բյուրոյի անդամը:
Վ.Հովհաննիսյանի կարծիքով, այդ ամենի արդյունքում ի հայտ են գալիս հայ-թուրքական արձանագրություններ, որոնց վավերացումը, ըստ նրա, պայքարով պետք է կանխվի:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես իրեն քաղաքական գործիչ համարողն այս կամ այն ձեւով է մեկնաբանում տխրահռչակ մադրիդյան սկզբունքները: Յուրաքանչյուրը փորձում է ավելի առաջ վազել իր զիջողականությունը ցուցադրելու համար` այս կամ այն միջազգային ուժի առջեւ, եւ արդյունքում պատկերը լղոզվում է, ողնաշարը` անհետանում»,-ասում է ՀՅԴ անդամը, ով գտնում է, որ պետք է պայքարել հենց այդ ողնաշարը վերադարձնելու համար: «Մենք պետք է նորից կարողանանք ողջ հայությանը մեկ ընդհանրության մեջ ներկայացնել»,-ընդգծել է նա:
Վահան Հովհաննիսյանն, անդրադարձավ նաեւ մեր հակառակորդների կողմից հայ ազգը պառակտելու հետեւողական քայլերին, շեշտել է, որ դա ամենաքիչը հաջողվել է Արցախում, ինչը չի կարելի ասել հայկական մյուս հատվածների մասին:
ՀՅԴ բյուրոյի անդամը լուրջ վտանգ է տեսնում այն բանի մեջ, որ «արդեն արտասահմանյան գործիչները, առաջին հերթին` թուրք, փորձում են խորհուրդներ տալ, որ Հայաստանը չպետք է առաջնորդվի Սփյուռքի թելադրած շահերով, թե իբր Հայաստանի շահերը պահանջում են Արցախում այս կամ այն զիջումներն անել»:
«Սա է պառակտման եզրը, եթե անցնենք այդ սահմանը` այլեւս փրկություն չենք ունենա: Բայց հուսով եմ, որ չենք անցնի այդ սահմանը եւ կանգ կառնենք ճիշտ ժամանակին, որը հիմա է եւ կկարողանանք վերստեղծել միասնություն: Հայության առանձին հատվածների մեջ չի կարող լինել շահերի չհամընկնում»,-ընդգծել է Վ. Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` դա ուղղակիորեն հայությանը հրամցնում են «էրդողանների եւ դավութօղլուների ելույթներով, անուղղակիորեն` հայաստանյան ագենտուրայի, տարբեր շեղված քաղաքական գործիչների միջոցով»:
«Մեզ փորձում են պառակտել, որպեսզի կորցնենք զգոնությունը եւ դիմադրողականությունը»-գտնում է Վ. Հովհաննիսյանը` շարունակելով, որ պարտավոր են դա բացատրել ողջ հայ ժողովրդին, որպեսզի ժողովուրդը միասնաբար կանգ առնի:
Անդրադառնալով Ղարաբաղի զարգացմանը` Վահան Հովհաննիսյանը հայտնեց այն կարծիքը, որ Ղարաբաղը հայկական տարածքների այն հիմնական հատվածն է, որտեղ հաջողվել կամ հաջողվելուն մոտ է կոռուպցիայի դեմ պայքարը, տեսնում են, թե ինչպես է մաքրվում հասարակական մթնոլորտը, սակայն, ըստ նրա, «չի կարող Արցախում մի կղզյակ-դրախտ կառուցվել, իսկ մնացած հայությունը խորտակված լինի կոռուպցիայի, անհասկացողության, զիջողականության եւ բարոյական ախտոտության մեջ» :
«Եթե պետք է ինչ-որ տեղից գա ապաքինումը` թող դա Արցախից լինի, բայց այդ ապաքինումը պետք է գա: Եւ դուք չեք կարող, սիրելի արցախցիներ, անտարբեր լինել այն գործընթացների նկատմամբ, որ տեղի են ունենում Հայաստանում: Չեք կարող մտածել, որ Հայաստանը Թուրքիային ինչ-որ բան կզիջի, բայց փոխարենը ձեզ հանգիստ կթողնեն: Չեն թողնի, որովհետեւ այս չարաբաստիկ արձանագրություններից հետո /նույնիսկ չեն էլ սպասում ավարտվի/ արդեն Արցախի հարցը դնում են»,-հավելել է ՀՅԴ անդամը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել