Տարածքային կառավարման նախարարությունը չկատարեց եղեգնուտցիներին տված խոստումը
Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ: Գյուղացիները դժգոհում էին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (մականունը` Ճոյտ) պատկանող «Բետարշին» ՍՊԸ-ի կազմի մեջ մտնող ավազի ձեռնարկության շահագործումից, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողամասեր տանող ճանապարհներից: Տարածքային կառավարման նախարարությունից եղեգնուտցիներին խոստացել էին, որ հաջորդ օրը կլինեն գյուղում եւ խնդրին կծանոթանան տեղում: Խոստումը կատարվեց, սակայն, պաշտոնյաները ոչ թե գնացին Եղեգնուտ, այլ հավաքվեցին Արմավիրի մարզպետարանում:
Արմավիրի մարզպետի տեղակալ Արայիկ Աղաբաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երեկ լսել են, ինչպես գործարանի, այնպես էլ Եղեգնուտի գյուղապետարանի ներկայացուցիչներին: «Երկու կողմերն էլ երեկ ներկայացրեցին փաստաթղթեր, որոնց մասին մինչ այդ չգիտեինք: Քանի որ գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ դատական քննություն է գնում, որոշեցինք գործընթացը սառեցնել` մինչեւ վճռի կայացումը: Պարզապես խորհուրդ ենք տվել հուզումները զսպել մինչեւ հարցին օրինական լուծում կտրվի»,-ասաց Ա. Աղաբաբյանը:
Նա նշեց, որ խորհրդակցությանը ներկա են գտնվել միայն մարզպետարանի աշխատակիցները, իսկ Տարածքային կառավարման նախարարությունից որեւէ մեկը ներկա չի գտնվել դրան: «Այդ դեպքում ինչո՞ւ էր նախարարի տեղակալը գտնվում մարզպետարանում»,-հարցրինք Ա. Աղաբաբյանին: «Չգիտեմ, իրեն չեմ տեսել ու ինքը խորհրդակցությանը չի մասնակցել: Երեւի Եղեգնուտ է գնացել»,-հնչեց պատասխանը:
Թեեւ մարզպետի տեղակալն ասաց, որ լսել են 2 կողմերին էլ եւ նրանց տրամադրած փաստաթղթերի հիման վրա են գործընթացը սառեցրել, Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը մեզ փոխանցեց, որ իրենցից ոչ մեկը խորհրդակցությանը հրավիրված չի եղել:
«Երեկ նաեւ մարզխորհրդի նիստ էր ես այդ նիստին եմ ներկա գտնվել, ոչ թե խորհրդակցությանը: Մարզպետարանում ես զրուցել եմ Բախշյանի (Տարածքային նախարարի տեղակալ-հեղ.) հետ ու նրան ավելի շատ հետաքրքրում էր ավազի օգտագործումն ու տարածքները: Նա ինձ խոստացավ, որ հարցին օրինական լուծում կտրվի»,-ավելացրեց Ռ. Մարգարյանը: Գյուղապետի հավաստմամբ, երեկ մինչեւ ժամը 18-ը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է եղել: Թե ինչու նախարարության ներկայացուցիչները չայցելեցին Եղեգնուտ գյուղ, այդպես էլ չպարզվեց:
Նշենք, որ երեկ Եղեգնուտ գյուղ էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք հսկում էին գործարանի տարածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել