ԲՀԿ. «Բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը արձագանքել է երեկ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի` Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած կարծիքին: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին չի մեկնելու Թուրքիա, Հայաստանի և մեր հարևան երկրի ֆուտբոլի ազգային հավաքականների մրցապայքարը դիտելու, քանի որ նախապես գիտի, որ մեր հավաքականը պարտվելու է: Այս առնչությամբ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանն ասել էր. «Օլիմպիական կոմիտեի նախագահը, երբ նման հայտարարություն է անում, իհարկե, դա շատ վատ է, դաժե բարոյական չէ, այն դեպքում, երբ օլիմպիական ցիկլում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականը և Թուրքիա-Հայաստան խաղից մեկ օր առաջ խաղում էին 21 տարեկանների երիտասարդների հավաքականը, որն իր իսկ մրցաշարն էր, Գագիկ Ծառուկյանի մրցաշարում էր հանդես գալիս»:
ԲՀԿ մամուլի ծառայությունը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։
«Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում։ Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում։ Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը։ Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնակապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին», – ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել