
Դեպի ո՞ւր է գնում Թուրքիան
Թուրքիայի նախաձեռնությունները Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, հարեւանների հետ «զրո խնդիրներ» ունենալու նրա արտաքին քաղաքական առաջնայնությունը, Իսրայելի հետ հարաբերությունների լարումը վերջին շրջանում վերլուծաբաններին ստիպեցին եզրակացնել, թե Թուրքան փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը եւ շարժվում դեպի Արեւելք:
Այս համոզմունքը աշխարհագրական այնքան մեծ տարածքներ ընդգրկեց եւ այնքան բարձր մակարդակներում արմատացավ, որ տպավորությունները փորձեց ցրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նոյեմբերի 3-ին կայացած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ:
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխում իր ուղղությունը, առանցքը կամ ընթացքը: Այն կարգավորվում է` հստակ եւ վճռական քայլերով առաջ շարժվելով անհրաժեշտ մակարդակի: ...Մենք ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ճանապարհին ենք, եւ կասկածից վեր է, թե մենք կհրաժարվենք բարեփոխումներից»,- հայտարարեց Էրդողանը:
Սակայն այն, ինչ կատարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում, իրոք, գոնե առաջին հայացքից, մեզ ստիպում է հաստատել, թե Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքական ուղղությունը:
Մոտ կես դար առաջ Թուրքիան առաջին անգամ եվրոպական միավորված ընտանիքի անդամը դառնալու ցանկություն հայտնեց, իսկ Թուրքիայի եվրոպականացման եւ արդիականացման գործընթացը սկսվել էր դեռ ավելի վաղ` Աթաթուրքի ժամանակներից: Այդ ժամանակներից էլ մինչեւ այժմ Թուրքիան դեռ չի հրաժարվել իր եվրոպական հավակնություններից:
Երբ Թուրքիայում իշխանության եկան իսլամիստները` ի դեմս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP), Թուրքիան որդեգրեց «զրո խնդիրներ հարեւանների հետ» բանաձեւը. արտաքին քաղաքական ուղղություն, որի կնքահայրը Թուրքայի ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն է:
Թերեւս 2002-ին ոչ ոք չէր պատկերացնում, թե հարեւանների հետ ոչ մի խնդիր չունենալու իսլամիստների ցանկությունը այդքան հեռուն կհասնի: Այդ քաղաքականության արդյունքում Թուրքիան, ըստ էության, կարգավորեց հարաբերությունները իր բոլոր անմիջական հարեւանների` Հունաստանի, Հայաստանի, Սիրայի, Իրաքի եւ Իրանի, ինչպես նաեւ մի շարք առանցքային պետությունների` Պակիստանի եւ Աֆղանստանի հետ:
Ոչ ոք չէր սպասում Թուրքիայի քաղաքականության նման շրջադարձի Մերձավոր Արեւելքում: Թուրքիան ակտիվորեն ներքաշվեց Մերձավոր Արեւելքի հակամարտություններում միջնորդի դեր ստանձնելու նախաձեռնությունների մեջ:
Անկարան ձեռք բերեց ողջ իսլամական աշխարհի հարգանքն ու վստահությունը` քննադատելով Իսրայելին Գազայում կատարած գործողությունների համար: Նախորդ ամիս Անկարան թույլ չտվեց Իսրայելին մասնակցել Թուրքիայում ՆԱՏՕ-ի զինավարժություններին` ի նշան Գազայի ռմբակոծությունների դեմ բողոքի:
Ավելին, նույն օրը Թուրքիան հայտարարեց, որ մոտ ապագայում համատեղ ռազմական զորավարժություններ կանցկացնի Սիրիայի հետ: Այսօր Անկարան ոչ միայն կարգավորում, այլեւ ըստ էության ռազմավարական հարաբերություններ է կառուցում Դամասկոսի հետ: Այս ամենով հանդերձ, սակայն, Թուրքիան չի հրաժարվում Սիրիայի եւ Իսրայելի միջեւ միջնորդի դերը շարունակելու ցանկությունից:
«Էրդողանի ազգը արդարության եւ ազնիվ խաղի կողմնակիցն է... Մենք ավելի շատ էրդողանների կարիք ունենք»,- այս օրերին գրում է արաբական «Ալ-Ահրամ» թերթը:
Թուրքիան որակապես այլ մակարդակի տեղափոխեց իր հարաբերությունները Իրանի հետ: Մոտ երկու շաբաթ առաջ` Թեհրան մեկնելուց առաջ, բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում, Էրդողանը պաշտպանեց Իրանի միջուկային ծրագիրը եւ Արեւմուտքին մեղադրեց Իրանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառելու մեջ:
Այս ամենից հետո վերլուծաբանները սկսեցին խոսել ոչ միայն Թուրքիայի` արեւմտամետ քաղաքական ուղեգիծը փոխելու, այլեւ ՆԱՏՕ-ից հեռանալու հնարավորության մասին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան ռազմավարական հարաբերություններ հաստատեց նաեւ Մոսկվայի հետ` ըստ էության պայմանավորվելով կիսել ազդեցության գոտիները Կովկասում:
Այսօր արդեն ստորագրված են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները` առանց Ղարաբաղին առնչվող նախապայմանների, տեղաշարժեր են նկատվում նաեւ Կիպրոսյան հիմնահարցի լուծման գործընթացում: Սակայն արդյոք Անկարայի այս քայլերը վկայո՞ւմ են այն մասին, թե Թուրքիան իր հայացքը շրջում է Արեւելք եւ մոռանում Եվրոպայի մասը դառնալու իր երբեմնի ցանկության մասին:
Պատմականորեն, իրոք, ամեն անգամ, երբ Եվրոպայի դռները փակվել են Թուրքիայի առջեւ, այն իր հայացքը թեքել է դեպի Արեւելք: Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ այսօր, երբ չնայած այն բոլոր ջանքերին եւ բարեփոխումներին, որ Թուրքիան կատարում է ԵՄ մուտք գործելու համար, Սարկոզին եւ Մերկելը Անկարային միայն «արտոնություններով համագործակցություն» են առաջարկում:
Ակնհայտ է, որ այսօր դեպի Արեւելք Թուրքիայի շարժը դադարել է վերջինիս համար արեւմտամետ քաղաքականության այլընտրանքը լինելուց: Անկարայում հասկացել են, որ «Բ պլանը» կօգնի «Ա պլանի» իրագործմանը: Այն, ինչ ձեռք կբերի Թուրքիան իր արեւելյան քաղաքականության արդյունքում, խիստ արժեքավոր լծակ կլինի նրա ձեռքերում:
Թուրքիան Եվրոպային կանի առաջարկություն, որից վերջինս չի կարողանա հրաժարվել: Թուրքիան Եվրոպային կառաջարկի իր կայուն եւ կանխատեսելի հարեւանությունը, մի բան, որ միշտ գերակշռել է ԵՄ արտաքին քաղաքական առաջնայնություններում, եւ որին հասնել Եվրոպային ոչ մի կերպ չի հաջողվում:
Շարժվելով Արեւելք` այսպիսով, Թուրքիան ավելի է մոտենում Եվրոպային` այդ ճանապարհին ձեռք բերելով լծակներ եվրոպական ընտանիքին իր անդամակցությունն անվիճարկելի դարձնելու համար: Անկախ ամեն ինչից` սակայն, Թուրքիան այս խաղից միայն շահած դուրս կգա` արդյունքում ձեռք բերելով տարածաշրջանային գերտերության կարգավիճակը:
Մեկնաբանել