Գետաշենից բացի ինձ ամեն տեղ օտար է
75-ամյա Լիպարիտ Սարաջյանը Քաշաթաղի շրջանի միակ դարբինն է: Նա ստիպված է եղել հեռանալ իր ծննդավայրից` Գետաշենից, եւ երկար դեգերումներից հետո բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում: Գետաշենից բռանգաղթել են ընտանիքով 1991-ին` թողնելով տունն ու ողջ ունեցվածքը:
Գետաշեն վերադառնալու մասին Լիպոն մտածում է ամեն օր ու զարմանում, թե ոնց են մարդիկ հեռուստացույցով խոսում տարածքների հանձնման մասին: «Մինչեւ հիմա շատ տարածքներ ենք տվել, մեզանից շատ տարածքներ են վերցրել թուրքերը, բա ինչո՞ւ հետ չեն տալիս: Դեռ մեզանից էլ ինչ-որ հողեր են ուզում, այն էլ` մեր հողերը: Ինչո՞ւ պետք է նորից տանք. որ նորի՞ց ամեն ինչ կորցնենք ու սկսենք կանաչ խոտի վրա կրակ անել»,- հարցնում է Լիպարիտ Սարաջյանը: Նա վերհիշում է այն օրը, երբ ադրբեջանցիները մտել էին իրենց գյուղը, վառել իրենց եւ շատերի տները: 95-ամյա մայրը, ով 15 տարի շարունակ գամված էր անկողնուն ու քայլել չէր կարողանում, այդ օրը քայլել է: Տան անդամներն առանձին-առանձին են թողել իրենց հայրենի գյուղը, ու որոշ ժամանակ է պահանջվել Հայաստանում իրար գտնելու համար:
«Ես ու փոքր տղաս անտառներով ենք փախել դեպի Հայաստան: Մորս էլ գտա Երեւանի կայարանում այն ժամանակ կախված ցուցակների միջոցով: Իմացա, որ նա գտնվում է Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում` մյուս գետաշենցիների հետ: Նրան որոշ ժամանակ անց մյուս բռնագաղթածների հետ բերեցին մեզ մոտ` Աղվերանի պանսիոնատ»,- պատմում է դարբին Լիպարիտը: Մեկուկես տարի Աղվերանում մնալուց հետո, Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանի հրավերով, տեղափոխվեցին Քաշաթաղ, որտեղ հիմա դարբին Լիպարիտն ապրում է իր երեխաների, թոռների ու ծոռների հետ: Նա պատմում է, որ առաջին տարիներին դժվարությունները շատ էին: «Ծանր տարիներ էին. աշխատանք չկար: Բայց բախտը ժպտաց մեզ: Օրերից մի օր մեզ այցելեց ամերիկացի մի կին` Բարրի անունով, նա 1000 դոլարով օգնեց մեր ընտանիքին: Հենց այդ գումարով էլ սարքեցի արհեստանոցս ու սկսեցի աշխատել: Ի՞նչ անեմ` պետք է աշխատեմ, երեխաներիս համար եմ անում, թե չէ իմ ինչի՞ն է պետք էս տարիքում աշխատելը»,- ասում է դարբինը:

Դարբին Լիպարիտի արհեստանոցը գտնվում է հենց Բերձորի ամենաբանուկ մասում` խաչմերուկում, որտեղով անցնում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Դարբնի մոտ են գալիս նույնիսկ Գորիսից, Սիսիանից ու Ստեփանակերտից: «Պատվերներ միշտ էլ լինում են: Մարդիկ գործի դիմաց տալիս են այնքան, որքան ցանկանում են, գնի մասին երբեք չեն խոսում, բայց դե, փառք Աստծու, հացի փող ունենում եմ»,- ասում է Լիպարիտ Սարաջյանը: Նա պատմում է, որ Գետաշենում շատ լավ էր ապրում, երկու մեքենա ուներ, իսկ հիմա, ինչպես ինքն է ասում, էշով է ման գալիս: Նրա տունը գտնվում է Բերձորից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարեգահ գյուղում, որտեղից ամեն օր էշով աշխատանքի է գալիս: Նա ափսոսանքով է նշում, որ իր մասնագիտությունը շարունակող չկա. չնայած թոռները սիրում են գալ պապիկի արհեստանոց եւ օգնել` բայց լուրջ մտադրություն նրանց մեջ պապը չի տեսնում:
«Հիմիկվա երեխաները, դե գիտեք, որ նախընտրում են կոմպյուտերով ամեն ինչ անել ու ձեռքերը չկեղտոտել»,- կատակով ասում է դարբինը: Չնայած որ հիմա Քաշաթաղում իրեն լավ է զգում` բայց ասում է, որ «Գետաշենից բացի ամեն տեղ օտար է», ու որ «ուշքն ու միտքը հայրենի գյուղում է», ու մտածում է, որ պետք է մի օր գնա այնտեղ, որտեղ հարազատների գերեզմաններն են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել