HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

14 տարի իրավական համակարգի սարդոստայնում

23_11-p_gulgulyan57-ամյա Պարույր Գուլգուլյանը 1994 թվականից ներքաշվել է մի պատմության մեջ, որի արդյունքում զրկվել է ընտանիքից, տնից եւ 53 հազար ԱՄՆ դոլարին համարժեք վնաս է կրել: Գուլգուլյանի պատմությունը քննիչների ձեռքով վերածվել է 5 հատորից բաղկացած քրեական գործի, տեղի են ունեցել մոտ երեք տասնյակ դատական նիստեր, որոնք շարունակվում են մինչ օրս:

«1994 թվականին 53 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանք էի բերել Վարդենիսից, որ վաճառեմ «Արմենիա-Լադա» ընկերության նախկին տեր Ռաֆիկ Շահմուրադյանին: Երբ Երեւան հասա, մութն ընկել էր, ապրանքը տեղավորեցի Սամվել Կարախանյանի տան բակում, որի հետ շատ մտերիմ էի: Ռաֆիկն ասեց, որ չի կարող հիմա ապրանքն առնի, պիտի Ռուսաստան գնա, ասեց` մի շաբաթից կգամ կառնեմ: Ես էլ ուզում էի տուն առնեի էդ փողով. մտածեցի, որ մի շաբաթից Ռաֆիկը փողը կտա, Սամվելից տոկոսով 8 հազար դոլար փող վերցրի, Սամվելն էլ իր քավոր Մանուկից էր վերցրել էդ փողը»,- հիշում է Պարույր Գուլգուլյանը: Պարույրը տոկոսով վերցրած գումարով տուն է ձեռք բերում, բայց Ռուսաստանից մեկ ու կես ամիս անց վերադարձած Ռաֆիկ Շահմուրադյանը չի գնում նրա ապրանքները, իսկ Սամվելը թույլ չի տալիս, որ դրանք տեղափոխի իր բակից: «Սամվելն ասեց` մինչեւ փողը տոկոսով չտաս, ոչ մի բան այստեղից չես տանի, շատ խոսաս` կուղարկենք Ղարաբաղ, գլուխդ կուտեն: Վեց ամսում ես 15 հազար 500 դոլար փող եմ տվել, բայց ապրանքս չի տվել: Իրա փեսեն` Արարատ Խրիմյանը, էժան գներով ծախել է իմ ապրանքները եւ փողը դրել գրպանը: Ում դիմել եմ` իմ դեմ են դուրս եկել, անգամ Զեյթունի նախկին ոստիկանապետն ինձ ասեց` վիզդ կկտրեմ, եթե Արարատի ասածով չես արել, որովհետեւ նա հայտնի «տրաքացնող» Արարատն է, բոլորին ասում է` խելոք մնա, թե չէ կտրաքացնեմ, Էրեբունու նախկին թաղապետն է, պատգամավոր էլ է եղել: Դրա համար էլ ում դիմեցի, բան դուրս չեկավ, ասում էին` Լեւոնն ա մեր մեջքին կանգնած, ի՞նչ կարաս անես: Ինձ ասում էր` խելոք մնա, անչափահաս էրեխա ունես, չե՞ս վախենում: Կինս էլ հետս վիճում էր, ասում էր` հրաժարվի էդ ապրանքից: Ես էլ տնից թողեցի, գնացի Ռուսաստան, մինչեւ Լեւոնի նախագահության ժամկետն անցնելը: Էն էլ Վոլգոգրադ-Սարատով գնացքի մեջ լսեցի, որ Լեւոնը հրաժարական է տվել, վերադարձա Հայաստան»,- պատմում է Պարույրը: 1998 թվականին Գուլգուլյանը Պարույր Հայրիկյանին դիմում է գրել եւ տեղեկացրել կատարվածի մասին: Վերջինս էլ նամակը դատախազություն է ուղարկել: Հարուցվել է քրեական գործ է եւ ուղարկվել Արաբկիր համայնքի դատախազություն: «Այդ ժամանակ դատախազը Վլադիմիր Գրիգորյանն էր: Նա տեղափոխվում է Մալաթիայի դատախազություն, գործն էլ իր հետ տեղափոխում են այնտեղ` պատճառաբանելով, թե մասնագիտացված դատախազություն են ուղարկում, հետո տեղափոխում են Դավիթաշենի դատախազություն: Այստեղ քննիչ Հայկազ Գեւորգյանը սկզբունքային քննություն է անցկացնում եւ պնդում է, որ իմ եւ Արարատի միջեւ առերես հարցաքննություն լինի: Առերես հարցաքննությունը նշանակված էր 99 թվի օգոստոսի 8-ին, դրա հաջորդ օրը քննիչը ավտովթարից մահացավ, ասեցին, թե քնել է ղեկին: Դրանից հետո դատախազությունում ինձ հանձնեցին քրեական գործի կարճման որոշում` թվագրված օգոստոսի 5-ին: Ամոթ էլ էր` մահացած քննիչի ստորագրությունը կեղծել էին. նա չէր կարող ամսի 5-ին գործը կարճել, եթե ամսի 8-ին առերես հարցաքննություն էր նշանակել: Երբ ես ասացի այդ մասին, առերես հարցաքննության ամսաթիվը փոխեցին` 8-ը դարձնելով 5, բայց սրանից հետո գործի կարճման որոշումը վերացնում են, որ իրենց կեղծիքը ծածկեն, սակայն օրեր անց կրկին կարճում են գործը»,- ասում է 57-ամյա Պարույրը: Դրանից հետո նա դիմում է տարբեր մարմինների, թերթերը գրում են այս մասին, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության կողմից վերացվում է կարճման որոշման օրինականությունը: «Սակայն դատախազությունը նաեւ պարտակել է ակնհայտ կեղծիքն ու խարդախությունը, որովհետեւ չի նշանակել ձեռագրաբանական փորձաքննություն, որ հայտնաբերի մահացած քննիչի ստորագրության կեղծումը»,- վստահ է Պարույրը: Քրեական գործն ուղարկում են քննության այս անգամ Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազություն: «Սա այն դատախազությունն է, որին ես նախկինում ինքնաբացարկ էի հայտնել` քրեական գործ չհարուցելու համար. ակնհայտ էր, որ 2-րդ անգամ եւս արդար քննություն տեղի չէր ունենալու»,- ասում է Գուլգուլյանը: Այս անգամ քրեական գործ է հարուցվում ԱՄՆ-ում բնակվող Սամվել Կարախանյանի քավորի` Մանուկ Մարտիկյանի նկատմամբ, որից էլ փող էր վերցրել Սամվելը` Պարույրին տոկոսով տալու համար: «Ինձ իրավունք տվեցին Մանուկի վերադառնալուց հետո նրանից ստանալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը` 53 հազար դոլարը: Նրանք ցանկանում էին, որ ես բացասական ցուցմունք տամ Մանուկի դեմ եւ հրաժարվեմ Արարատի նկատմամբ իմ տված ցուցմունքներից: Տեսնելով, որ ես չեմ հրաժարվում` երիտասարդ քննիչ Արշակ Պետրոսյանը հայհոյելով եւ քաշքշելով դուրս հանեց ինձ իր աշխատասենյակից: Ես բացարկ հայտնեցի այդ դատախազության նկատմամբ, բայց իմ դիմումը բանի տեղ չդրեցին»,- պատմում է երկու երեխաների հայր Պարույր Գուլգուլյանը: 2001 թվականին քրեական գործը տեղափոխվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ Մանվել Ալեքսանյանի վարույթ: Քննիչը կազմում է 40 էջանոց մեղադրական եզրակացություն Սամվել Կարախանյանի նկատմամբ, բայց դատախազ Վլադիմիր Գրիգորյանը չի հաստատում այն եւ ուղարկում է քաղաքի դատախազություն` ստուգման: 2002 թվականին արդեն ստուգված քրեական գործը տեղափոխվում է Վ.Գրիգորյանի ավագ օգնական Ամիրխանյանի վարույթ: «Ապրիլի 16-ին Սամվել Կարախանյանն ինձ տալիս է 2000 ԱՄՆ դոլար` որպես վնասի հատուցում: Դա կազմակերպել էին հատուկ նպատակով, որպեսզի ինձանից խաբեությամբ կորզեն «քրեական հետապնդումը դադարեցնել» խոսքերը: Դրանից հետո գործը կարճում են,- ասում է Պարույր Գույգուլյանը:- Ես դիմեցի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով: Բայց չստացվեց: Մեկ այլ հայցով բողոքարկեցի քրեական գործը կարճելու որոշումը: Միայն Վերաքննիչ դատարանում ինձ տրամադրեցին քրեական գործի 5-րդ հատորը, որի էջերի արանքում կարված էին 5 հատ մաքուր թերթեր: Սա արել էին, որպեսզի հետագայում ավելացնեին իրենց հարմար տվյալները եւ գործը փակեին: Երբ ստացա քրեական գործի բոլոր նյութերը, պարզեցի, որ դատախազ Վլադիմիր Գրիգորյանը ստել է ինձ եւ դատարանին` ասելով, թե Արարատը ինձ պատկանող տրակտորը վաճառել է օրինական ձեւով, սակայն գործում որեւէ փաստաթուղթ չկար վաճառքի վերաբերյալ»: Պարույրի խոսքով` իր նախկին փաստաբան Արմեն Սողոմոնյանն, առանց իր համաձայնության, կնքել է հաշտության պայմանագիր` հրաժարվելով Սամվել Կարախանյանից եւ Արարատ Խրիմյանից պահանջած հատուցումից: «Դատախազ Գրիգորյանը, ով ամենամեծ մեղավորն է այս ամենի, դատարանին ներկայացրեց այդ պայմանագիրը, եւ դրա հիմքով էլ դատական բոլոր ատյանները մերժեցին իմ հայցերը: Ես դիմեցի դատարան` պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջով: 13 դատավորներ, որոնք քննել էին գործը, չէին նկատել, որ պայմանագիրը կեղծ է, իսկ 2005 թ. դատարանի վճռով պայմանագիրը անվավեր ճանաչվեց, դատախազը նույնիսկ չբողոքարկեց»,- ասում է Պարույր Գուլգուլյանը: 2003 թ. ապրիլի 7-ին Պարույր Գուլգուլյանի վրա են հարձակվում անհայտ անձինք եւ դաժան ծեծի ենթարկում նրան: «Տեսան, որ ես չեմ նահանջում, որոշեցին ծեծով հարցերս լուծել: Այնպես էին ծեծել, որ 4-5 օր անգամ պառկած տեղս չէի կարողանում շարժվել, սակայն ոստիկանությունն ամեն ինչ արեց, որ մեղավորներն անպատիժ մնան»,- շարունակում է իր պատմությունը Պարույր Գուլգուլյանը: Պայմանագրի անվավեր ճանաչվելուց հետո Գուլգուլյանը բազմաթիվ դիմումներ է գրել դատախազությանը եւ մերժվել: «Դատախազությունն ինձ մերժում էր, բողոքարկում էի դատարան, հետո 3 ատյաններով անցնում էի, բոլորն էլ մերժում էին, եւ այսպես մի քանի անգամ պտտվում էինք նույն շրջանով: Սակայն հերթական շրջապտույտի ժամանակ Վերաքննիչ դատարանը բողոքս չմերժեց եւ գործը հետ ուղարկեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան»,- ասում է Պարույր Գուլգուլյանը: Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել քրեական գործը կարճելու եւ պայմանագիրն օրինական ճանաչելու որոշումները, պատասխանատվության ենթարկել բոլոր օրինազանցներին, այդ թվում նաեւ իրեն, եթե մեղավոր է, եւ Սամվել Կարախանյանից ու Արարատ Խրիմյանից բռնագանձել 53 հազար դոլար` հաշվարկելով օրենքով սահմանված տոկոսները: Նոյեմբերի 18-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը եւս մերժեց Պարույր Գուլգուլյանի պահանջը` հիմք ընդունելով նախկինում կայացրած դատական վճիռները եւ դատախազության բացատրությունները, թեեւ Վլադիմիր Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստերին: «Գրիգորյանը չէր եկել, իսկ դատին ներկա դատախազը չէր պատասխանել իմ հարցերին` ասելով, որ տեղյակ չէ: Եթե Գրիգորյանը արդար լիներ, կներկայանար եւ կապացուցեր, որ ես սխալ եմ, բայց նա այդպես էլ չեկավ, որովհետեւ ասելիք չունի: Իսկ դատարանը ինձ մերժեց` առանց գործում առկա կեղծիքների վերաբերյալ փորձաքննություն նշանակելու,- ասում է Պարույր Գուլգուլյանը:- Դատարանը նաեւ հաշվի չառավ, որ նախորդ դատական վճիռները հիմնված էին կեղծ պայմանագրի վրա, որը 2005 թ. անվավեր է ճանաչվել դատարանի կողմից: Ինձ միայն իմ գումարն էր պետք, բայց քանի որ ինձ կրկին մերժեցին, բողոքարկելու եմ որոշումը եւ գրելու եմ օրենքը խախտած բոլոր մարդկանց անուններն ու նրանց կատարած հանցագործությունները, թող բոլորը պատժվեն: Եթե մինչ օրս ես պատրաստ էի ընդունել օրինական առաջարկություններ` վնասի հատուցման վերաբերյալ, ապա այլեւս որեւէ առաջարկություն չեմ ընդունի եւ կշարունակեմ պայքարս օրենքով նախատեսված կարգով»,- դատարանի կողմից իր պահանջը մերժելուց հետո «Հետքին» ասաց Գուլգուլյանը: Քաղաքացին իր հարցի արդարացի լուծման միակ հնարավոր տարբերակը համարում է Հանրապետության նախագահի միջամտությունը գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter