HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գինդ» տպարանն ընդդեմ «Չորրորդ իշխանության». քաղաքական պատվե՞ր, թե՞ չվճարված պարտքեր

23_11-gindՆոյեմբերի 10-ից «Չորրորդ իշխանություն» օրաթերթը սկսվել է տպագրել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի հրատարակչությամբ, բայց արդեն այլ անվամբ` «Չորրորդ ինքնիշխանություն»: «Գինդ» տպարան ՍՊԸ-ն այս տարվա օգոստոսի 12-ին դիմել է դատարան «Չորրորդ իշխանություն» օրաթերթի պատվիրատու «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ի` պայմանագիրը լուծելու եւ գումարի բռնագանձման պահանջով:

Դատարանի նույն օրվա որոշմամբ արգելանք է դրվել պատասխանող «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ին պատկանող դրամական միջոցների եւ գույքի վրա, ինչպես նաեւ ընկերությանն արգելվել է օրաթերթն այլ տպարանում տպագրել: «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին եւս դատարանը ճանաչել է որպես «Օգոստոսի» իրավահաջորդ` երկրորդ պատասխանող, եւ ներգրավել գործում: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 5-ի որոշմամբ արգելվել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում: Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը դատարանին հայտնեց, որ «Գինդ» տպարանը բազմիցս` թե բանավոր, թե գրավոր դիմել է պատասխանող «Օգոստոս» գործակալությանը պարտքի մարման համար, եւ վերջինս խոստացել է, որ կվճարի, սակայն չի վճարել: «Գինդ» տպարանի եւ «Օգոստոս» գործակալության միջեւ կնքված պայմանագրերի համաձայն` մինչ 2008թ.-ի ավարտը թերթը (ի դեմս «Օգոստոս» գործակալության) տպարանին պարտք է մնացել 3 մլն դրամ: Դատարանն ընթերցեց նաեւ «Օգոստոս» գործակալության տնօրենի այս տարվա հունվարի գրությունը, որով նա պարտավորվել էր մինչեւ 2009թ. փետրվարի 1-ը վճարել 3 մլն դրամ գումար, սակայն չի վճարել: Գումարվել են նաեւ 2009 թ.-ի պարտքերը, եւ «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ի ընդհանուր պարտքը «Գինդ» տպարանին, 2008թ. եւ 2009թ. կնքված պայմանագրերի համաձայն, կազմել է 4 մլն դրամից ավելի մայր գումար եւ մոտ 1.3 մլն դրամ տույժ` ընդամենը մոտ 5.5 մլն դրամ: «Օգոստոս» գործակալությունն, առանց որեւէ զգուշացման, 2009 թ. հունիսի 20-ից դադարեցրել է թերթի տպագրությունը «Գինդ» տպարանում, եւ «Չորրորդ իշխանությունը» սկսել է տպագրվել այլ տպարանում: Թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենք այժմ թերթը տպագրում են իրենց տպարանում: «Համաձայն 2009թ. հունվարի 13-ին կնքված տպագրական ծառայության մատուցման մասին պայմանագրի 4-րդ կետի` մինչ պարտավորությունների կատարման ավարտը պատվիրատուն իրավունք չունի սույն պարբերականը, ինչպես նաեւ սույն պարբերականի անվան փոփոխությամբ այլ պարբերական տպագրության տալու ուրիշ տպարանում»,- դատարանում հիմնավորեց Տիգրան Պողոսյանը: «Օգոստոս» գործակալությունը արդեն վճարել է մոտ 2.8 մլն դրամ, եւ ներկայումս պարտքը կազմում է շուրջ 2.6 մլն դրամ: «ՉԻ»-ի ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, որ իրենք որեւէ պարտք կամ պարտավորություն չունեն տպարանի նկատմամբ եւ ամբողջությամբ վճարել են տպարանի ծառայությունների գումարը: «Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանի հիմնավորմամբ` «Գինդ» տպարանը չի ներկայացրել որեւէ փաստարկ, թե ինչի հիման վրա է առաջացել «Օգոստոս» գործակալություն վճարման պարտավորությունը: «Հայցվորի կողմից ներկայացվել են հաշիվ-ապրանքագրեր, եւ այդ հաշիվ-ապրանքագրերի մատուցված ծառայությունների համար վճարման ենթակա ընդհանուր գումարը կազել է 30 625 350 դրամ` 02.12.2008թ. մինչեւ 18.06.2009թ.: Հայցվորի կողմից ներկայացվել են նաեւ մեմորիալ օրդերներ, թե «Օգոստոս» գործակալությունը ինչ վճարումներ է կատարել, եւ ներկայացված մեմորիալ օրդերներով կատարված վճարումները գումարելով` ստացվում է, որ հայցվորներին կատարվել է ընդամենը մոտ 2.9 մլն դրամի վճարում, ներառյալ 2009թ. օգոստոսի 6-ին վճարված շուրջ 2.9 մլն դրամ գումարը, այսինքն` ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ «Օգոստոս» գործակալությունը վճարել է դեռ ավելին` մոտ 2 մլն դրամի չափով»,- ասում է Էդգար Հովհաննիսյանը: «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը հայցն անհիմն է համարում եւ կարծում, որ հարցը ամբողջությամբ քաղաքական եւ ոչ թե իրավական հարթության վրա է. «Հայցվորի կողմից ներկայացրած թվով 131 հաշիվ-ապրանքագրերի ուղղակի թվաբանական գումարման հաշվարկից ակնհայտ է դառնում, որ «Օգոստոս» գործակալությունը բարեխղճորեն կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, դեռ ավելին` վճարել է 2.2 մլն դրամին հասնող ավել գումար»: Հովիկ Արսենյանը դատարանին միջնորդեց հայցն ամբողջությամբ մերժել, ինչպես նաեւ վերականգնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության կենսագործունեությունը, քանի որ վերջինիս հետ կապված որեւէ խնդիր գոյություն չունի: Դատարանը միջնորդության լուծումը հետաձգել էր մինչեւ դատական վերջնական ակտի կայացումը: Դատավոր Գագիկ Խանդանյանը համարեց, որ հայցը պետք է բավարարել մասնակի: Դատարանը գտավ, որ տվյալ դեպքում պատասխանող «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ի կողմից պայմանագրերի համապատասխան կետով տպագրական ծառայությունների մատուցման դիմաց ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով, որը հիմք է պայմանագիրը լուծելու, 2008թ. եւ 2009թ. ընթացքում առաջացել է մոտ 2.6 մլն դրամ գումարի պարտք` հաշվարկված տույժերի հետ միասին, որը ենթակա է բռնագանձման պատասխանող «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ից հօգուտ տպարանի: 21 հազար դրամ գումարի բռնագանձման մասով հայցը անհիմն համարվեց եւ մերժվեց: Ինչ վերաբերում է «Օգոստոս» գործակալության ներկայացուցիչների այն պնդմանը, որ ընկերությունը «Գինդ» տպարանին որեւէ գումար պարտք չէ եւ դեռ ավելին` 2.2 մլն դրամ գումար է ավել վճարել, ապա դատարանը դա անհիմն է համարել. «Պատասխանողի կողմից որեւէ ապացույց դատարանին չներկայացվեց, որ «Գինդ» տպարան ՍՊ ընկերությունը 2 200 000 դրամ գումար է պարտք «Օգոստոս» գործակալություն ՍՊ ընկերությանը: Դատարանը ցանկանում է փաստել նաեւ, որ հայցվոր ու պատասխանող ընկերությունները տարիներ շարունակ աշխատել են հաշիվ-ապրանքագրերով, փոխանցումները եւ հաշվարկները կատարվել են այդ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, եւ երբեք պատասխանողը այդ փաստաթղթի օրինականությունը չի վիճարկել եւ որեւէ առարկություն չի ներկայացրել»: Քննարկելով պատասխանողների ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի միջնորդությունը` «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ` դատարանը համարել է, որ այն անհիմն է, քանի որ կողմերի միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց եւ «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը արգելելուց հետո, անտեսելով դատարանի որոշումը, այդ պարտավորությունը ստանձնել էր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն, որի արդյունքում դատարանի որոշումը, ըստ էության, չէր կատարվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` թերթի տպագրությունն արգելելու որոշումները դատարանը թողեց անփոփոխ մինչեւ վճռի կատարումը, այսինքն` մինչեւ գումարի վճարումը: Օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը վստահեցրեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է վերաքննիչ ատյանում վճիռը բողոքարկելը, բացասական արդյունքի դեպքում` վճռաբեկ դատարան, այնուհետեւ` Եվրադատարան դիմելը: «Ես պնդում եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված վճիռ է, որը դատավորը ընդամենը հրապարակեց»,- համոզված է Շողեր Մաթեւոսյանը: Մեր հարցին, թե եթե ԴԱՀԿ-ն պարտադրի, ինչպե՞ս են, ի վերջո, վճարելու պարտքը, Շողեր Մաթեւոսյանը հարցով պատասխանեց. «Որտեղի՞ց վճարեմ»: 05_10-k_avetyan«Այդ նույն թերթը ի վիճակի է գումար մուծել եւ տպագրվել այլ տպարանում, բայց հրաժարվում է իմ փողերը տալուց»,-ասում է «Գինդ» տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը: «Գինդ» ՍՊԸ-ի մյուս ներկայացուցիչը` Պողոս Թերզլյանը, բացառեց «ՉԻ»-ն փակելու քաղաքական դրդապատճառները: «Թող տան մեր գումարը, օրը երեք անգամ տպվեն, ո՞վ է բան ասում»,- ասաց Պողոս Թերզլյանը: Նոյեմբերի 17-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը ստացել է ԴԱՀԿ մեկ այլ գրություն, որով հետախուզություն է հայտարարվել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի նկատմամբ: ««Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն եւ հրատարակվող թերթը որեւէ այլ տպարանի, այդ թվում «Գինդի» հետ որեւէ վեճ կամ պարտք չունեն: Ըստ այդմ` անհասկանալի է, թե ինչպես է Միհրան Պողոսյանը «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանին հռչակել «պարտապան» ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Եվ սա այն դեպքում, երբ չկա դատարանի որոշում, թե պետք է արգելել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին հրատարակել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը»,- նոյեմբերի 18-ի համարում արձագանքել է «ՉԻ»-ն: «Գինդ» տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը «ՉԻ»-ի բարձրացրած աղմուկը շոու է համարում, որի նպատակն է ավելացնել թերթի ընթերցողների քանակը. «Եթե մարդն ունի իր կողմից ստորագրված փաստաթղթեր, որ ինքն ինձ այսքան փող է պարտք, ինչի՞ հիման վրա է հիմա այդ մարդը հերքում այդ փաստաթղթերը: Այս տպարանը 15 տարի ծառայել է թերթ տպագրելուն, «ՉԻ»-ն ծնվել է այստեղ, եւ խմբագիրը փորձեց քցել «Գինդ» տպարանին: Եթե «ՉԻ»-ն 12 տարի է, տպվում է, էդ ո՞նց մի անգամ չեղավ քաղաքական պատվեր, երբ որ ավելի թեժ պահեր են եղել մեր հանրապետությունում: Բերեին փողերը տային. եթե «Գինդը» դրանից հետո էլ շարունակեր չտպագրել թերթը, նոր ասեին` քաղաքական պատվեր է: Օրինակ` «Հայք», «Հրապարակ», «Տարեգիր», «Հայկական ժամանակ»` ինչո՞ւ ես նրանց դատի չեմ տվել, ինչո՞ւ ոչ մեկը չի գրում դրա մասին»,- հարցնում է տպարանի տնօրենը: Տնօրենի մեկնաբանմամբ` թերթը հանելով «Օգոստոս» գործակալությունից` խմբագիրը սկսել է թերթը տանել սնանկացման, այսինքն` դատարկել է հաշիվները, գրասենյակը, որպեսզի չվճարի պարտքերը: «Ինքը շատ լավ գիտեր, որ դատարանը որոշում է կայացնելու, որ ինձ այդ փողը վերադարձնեն. թերթը հանեց եւ տարավ ու սկսեց տպագրվել մի նոր ՍՊԸ-ով: Դրա համար դատարանը իմ պահանջով ճանաչեց, որ նոր ՍՊԸ-ն իրավահաջորդ է «Օգոստոսի»: Այսինքն` բոլոր պարտքերը, որ ուներ նախկին ՍՊԸ-ն, նոր ՍՊԸ-ն պետք է ինձ տա»,- ասում է տնօրենը: Կարեն Ավետյանը համոզված է, որ դատարանի այս վճիռը ինչքան էլ բողոքարկվի, միեւնույն է` բոլոր ակտերը իրենց օգտին են կայացվելու: Անդրադառնալով մեր հարցին, թե եթե, այդուհանդերձ, թերթը որեւէ գումար չկարողանա վճարել, ինչպե՞ս է լուծվելու խնդիրը` Կարեն Ավետյանը իրենց հաջորդ քայլերը գաղտնի պահեց. «Այ կտեսնեք, թե հետո ոնց կվճարեն մեր պարտքը, դա բոլորի համար դաս կլինի»: Փաստաբան Հովիկ Արսենյանը դատարանի այս ակտը քաղաքական համարեց եւ պնդեց, որ սա ընդդիմադիր թերթը փակելու միտում ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter