HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անչափահասները հիմնականում գողության համար են հայտնվում ոստիկանությունում

2007 թվականին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցի 14 տարեկան աշակերտներից մեկը` Կարենը, տեւական ժամանակ դասերի ավարտից հետո բռնի ուժով սեռական շահագործման է ենթարկել նույն դպրոցում սովորող 12 տարեկան տղաներից մեկին` Արմենին:

Վերջինս ոչ մեկին չի ասել այդ մասին, նույնիսկ խուսափել է դպրոց գնալուց: Տղայի մայրն է զգացել 12-ամյա որդու վարքագծի փոփոխությունը, քանի որ տղան ամաչել է փողոց դուրս գալուց, ընկերների հետ շփվելուց: Որոշ կասկածներ ունենալով` Արմենի մայրը դիմել է Ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչին, եւ վերջինիս օգնությամբ դեպքը բացահայտվել է: «Հետքի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Հովիկ Գրիգորյանն ասաց, որ Կարենը դատարանի վճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ Արմենը ընտանիքի հետ միասին թողել է Թալին քաղաքն ու տեղափոխվել Ֆրանսիա: «Այդ դեպքից հետո դպրոցում խստացրել ենք ուշադրությունն ու հսկողությունը: Այդ միջոցառումներն իրենց արդյունքն արդեն տվել են»,- ասաց Հ. Գրիգորյանը: Կատարվածը ցնցել էր ոչ միայն Թալինի թիվ 2 դպրոցը, այլեւ ամբողջ Արագածոտնի մարզը: Մարզում մեկ այլ դեպք էլ անցյալ տարվա մայիսին էր գրանցվել: Այս անգամ եզդիաբնակ Շամիրամ գյուղի 2 անչափահաս տղաները սարում ոչխար պահելիս բռնաբարել էին իրենց ընկերներից մեկին: Նրանք հետագայում բացատրել են, որ բաց տեսարաններով ֆիլմ են տեսել եւ փորձել են դա իրական կյանքում կրկնել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ): Նախաքննության փուլում դպրոցի ուսուցիչները հրաժարվել էին ոստիկանություն ներկայանալուց, որպեսզի որեւէ մեկի դեմ բացասական կարծիք չհայտնեն, քանի որ 3 տղաներն էլ համագյուղացիներ էին: Ոստիկանությունում երեխաների կողքին եղել են մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մանկավարժն ու իրավաբանը: Սակայն, երեխաների ծնողները համաձայնության են եկել, եւ գործը փակվել է: «Հետքի» հետ զրույցում մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանն ասաց, թե իրենց բաժնի կողմից կարեւորվում են կանխարգելման աշխատանքները, որպեսզի հատկապես ավագ տարիքի երեխաները լավ իմանան, թե ինչպիսի պատիժներ են նախատեսված այս կամ այն օրինախախտման դեպքում: 23_11-g_danielyan

«Փողոցը հզոր ներգործություն ունի հատկապես դեռահասների վրա: Պետությունն առաջնահերթ պետք է մտածի, որ երեխաները մշտապես լինեն ուշադրության կենտրոնում: Անչափահասների հարցերով զբաղվող տեսուչները վերջերս սկսել են ավելի հաճախ դպրոցներում լինել: Նրանք ոչ միայն հանդես են գալիս զեկույցներով, այլեւ անհատական հանդիպումներ են ունենում երեխաների հետ եւ փորձում են հանցագործության կանխարգելման աշխատանքներ կատարել»,- ասաց Գ. Դանիելյանը:

Նա կարեւորեց, որ ընտանիքում, դպրոցներում երեխաների հետ աշխատելու ոճը փոխվի, քանի որ անչափահասները տարիքային առանձնահատկություններ ունեն: Շատ հաճախ խնդիրներ են ծագում զուտ այն պատճառով, որ տարիքով մեծերը չեն հասկանում, թե ինչ է ուզում դեռահասը, եւ դա կարող է ազդել երեխայի հոգեբանության վրա: Նույնը վերաբերում է նաեւ անչափահասների հարցերով զբաղվող տեսուչներին: «Օրինախախտ երեխաների հետ զրույցներ ենք ունենում: Սկզբից նրանք տեսուչներից չեն դժգոհում, բայց դեպքից մի քանի տարի անց պատմում են, որ տեսուչներն իրենց ծեծել են: Մենք կարեւորում ենք, որ անչափահասների տեսուչների հետ լուրջ աշխատանք կատարվի: Չեմ ասում` նրանց դաստիարակենք, բայց ցանկացած մասնագետ էլ դաստիարակվելու, վերապատրաստվելու տեղ ունի: Անչափահասների տեսուչները պետք է տարբերվեն մյուս տեսուչներից: Այլ երկրներում տեսուչները համազգեստով երեխաների մոտ չեն երեւում, ոստիկանության շենքում չեն նստում: Դրա նպատակը մեկն է` երեխային վախեցնելու միջոցով չպետք է դաստիրակենք»,- ավելացրեց Գ.Դանիելյանը: Նա կարեւորեց, որ մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը հնարավորություն ունենա զբաղվել նախաքննության ընթացքում եւ դատապարտվելուց հետո երեխային վերաբերող բոլոր խնդիրներով: «Սա առաջին հերթին երեխայի իրավունքները պաշտպանելու նպատակ ունի: Բացի դրանից` երեխան կիմանա, որ կա մեկ ուրիշ կառույց, որն իր կողմից է, եւ իրավապահ մարմինների հետ ինքը միայնակ չէ: Դա երեխայի շահերից է բխում»,- ավելացրեց Գ. Դանիելյանը: Արագածոտնի մարզում անչափահասները հիմնականում գողություն անելու համար են հայտնվում ոստիկանության ուշադրության կենտրոնում: Գ. Դանիելյանի կարծիքով` բոլոր երեխաներն էլ ուզում են, որ լավ հագնվեն, իրենք էլ ունենան հեռախոսներ եւ այլն: Այդ ցանկություններն էլ հաճախ դառնում են հանցագործությունների պատճառ: Հարցին, թե տնտեսական ճգնաժամը կարո՞ղ է պատճառ լինել անչափահասների կողմից գողություն անելու համար, Գ. Դանիելյանը պատասխանեց, թե նման քայլերի դիմում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, սակայն գողոնը ծառայեցնում են իրենց զվարճանքներին եւ տուն չեն տանում: «Այսօրվա քրեական սերիալները նույնպես բացասական են անդրադառնում երեխայի հոգեբանության վրա: Նրանց բառապաշարից սկսած` մինչեւ վարքն ու բարքը, ամեն ինչ բացասական առումով փոխվում է: Ցուցադրվող բոլոր ֆիլմերի մեջ կան նույն դրվագները` զենք պահելը, կրակելը, սպանելը, ահաբեկելը: Նման ֆիլմերը նպաստում են, որ անչափահասները հանցագործություններ կատարեն»,-համոզված է Գայանե Դանիելյանը: Մարզպետարանի կրթության վարչության պետ Սիրամարգ Ղուկասյանը նույնպես հեռուստաընկերություններին մեղադրում է երեխաների առողջ հոգեբանությունը փոխելու մեջ: Անդրադառնալով Թալինի թիվ 2 դպրոցում կատարված դեպքին` կրթության վարչության պետն ասաց, թե մարզի դպրոցներում ավելացվել են արտաժամյա պարապմունքները: Աշակերտների համար բացվել են երգի, պարի, ասմունքի եւ այլ խմբակներ: Դրանցում առաջնահերթ ներառվում են այն աշակերտները, որոնց մոտ նկատելի են վարքի որոշակի շեղումներ: 23_11-s_ghukasyan

«Այդ դեպքը ցնցել էր մեզ: Տնօրենը երեխայի նման լաց էր լինում ու չգիտեր` ինչ աներ: Դրա պատճառն այն է, որ ժամը 6-ից ինչ ասես հեռուստատեսությամբ ցույց են տալիս»,- ավելացրեց Ս. Ղուկասյանը: Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկանքի` 2008թ. ընթացքում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից գրանցվել է անչափահասների կողմից կատարված 14 հանցագործության դեպք, որից գողության` 9, իսկ մարմնական վնասվածքի, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործություն պարտակելու եւ խուլիգանության 1-ական դեպքեր: Նշված հանցագործությունները կատարած անչափահասների գործերը` 14 դեպքով, ուղղարկվել են դատարան, իսկ 1-ը վերցվել է պրոֆիլակտիկ հաշվառման` անչափահասների գործերով ծառայությունում: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մարզի ոստիկանության բաժանմունքներում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 7 հանցագործության դեպք, որից գողության, մարմնական վնասվածքի եւ սուտ մատնության` 2-ական եւ ծեծի` 1 դեպք: Թվարկված անչափահասների գործերը 2 դեպքում ուղարկվել են դատարան, իսկ 7-ը վերցվել են պրոֆիլակտիկ հաշվառման` անչափահասների գործերով ծառայությունում: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը գույքի հափշտակության (գողության) դեպքեր են: Անչափահասների կողմից կատարված հանցագործություններին նպաստող ամենակարեւոր պայմաններից են նրանցից շատերի ծնողների անտարբեր վերաբերմունքն ու անուշադրությունն իրենց երեխաների վարքի նկատմամբ, ինչպես նաեւ անչափահասների կողմից օրենքների չիմացությունն ու իրենց արարքների վտանգավորությունը չգիտակցելը»,- նշված է Ոստիկանության` «Հետքին» տրամադրած գրության մեջ: Հ.Գ. Բոլոր անչափահասների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter