HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞մ ստորագրությունն է Կադաստրի տեղեկանքում

Համայնքապետը պնդում է, որ տեղեկանքը կեղծ է

«Հետքի» 4-րդ համարում տպագրված Լարիսա Փարեմուզյանի «Քոչինյանները դատարանում պաշտպանվում են Կադաստրի տրամադրած հակասական տեղեկանքներով» հոդվածին արձագանքել է Կադաստրի Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Նելսոն Գալստյանը:

Նա պահանջում է տպագրել հերքման իր տեքստը: Իրականում այն եւս մեկ անգամ հաստատում է հոդվածում արձանագրված փաստերը (տես` նկարը): 23_11-kadastr

Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավար Նելսոն Գալստյանին տեղեկացնենք, որ հոդվածում նշված բոլոր տեղեկությունները հնչել են դատարանում, եւ ցանկության դեպքում նա կարող է գնալ եւ ծանոթանալ արձանագրություններին, իսկ եթե արձանագրություններ չլինեն, խմբագրությունը նրան կտրամադրի ձայնագրությունները, որոնք արվել են դատական նիստերի ժամանակ: Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր Մեծ Այրումի համայնքապետի հայցն ընդդեմ Էդվարդ եւ Էրիկ Հովհաննեսի Քոչինյանների` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ գումարի բռնագանձման պահանջների վերաբերյալ: Հոդվածն անդրադարձել է նաեւ Քոչինյանների կողմից Մեծ Այրումի փախստականների հողօգտագործման իրավունքների ոտնահարման այլ փաստերի: Հոդվածում հղումները կատարված են դատարանում Մեծ Այրումի համայնքապետ Պապիկ (Սաշիկ) Առուշանյանի, փաստաբաններ Ռոման Կոնինյանի, Ռուբեն Նիազյանի միջնորդություններից ու հայտարարություններից, ինչպես նաեւ դատավոր Սուրեն Բաղդասարյանի իրավական գնահատականներից: Ուստի, Կադաստրի Ալավերդու ստորաբաժանման ղեկավար Ն. Գալստյանին խորհուրդ ենք տալիս տեղեկանքի հետ կապված իր խնդիրները նրանց հետ քննարկել: Կադաստրի Տ/Ս ղեկավար Նելսոն Գալստյանի ստորագրությամբ 31.08.2009 թ.-ին տրված տեղեկանքին դատական նիստում առաջինն արձագանքել է Մեծ Այրումի համայնքապետ Պապիկ Առուշանյանը: Նա տեղեկանքը համարել է կեղծ եւ հայտարարել, որ դատի է տալու Կադաստրի Ալավերդու ստորաբաժանման ղեկավարին: Պ. Առուշանյանը նոյեմբերի 10-ին «Հետքի» Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանի հետ հարցազրույցում նորից պնդել է, որ տեղեկանքը կեղծ է, եւ տվել իր հիմնավորումը. «Եթե էս տեղեկանքը կեղծ չի, նա (Կադաստրի Ալավերդու ստորաբաժանման ղեկավարը) ո՞ր իրավունքով է 85 քաղաքացիների հողերը տվել վարձակալության: Ինքն է տեղեկանք տվողը, մեկ էլ գյուղապետարանը: Նախկին գյուղապետը չկա, մահացած է, ինքը թող ասի` ի՞նչ իրավունքով է քաղաքացիների հողերը տվել վարձակալության, թող հիմքերը` քաղաքացիների գրավոր դիմումները` նոտարական գրանցումներով, ցույց տա: Եթե ես ասեմ, որ դա պահուստային հող չի, թող Նելսոն Գալստյանը բացատրի` ուրիշի հողերը Էդվարդ Քոչինյանին ի՞նչ հիմունքներով է տվել վարձակալության, թող որեւէ քաղաքացու իր հողը վարձակալության տալու գրավոր համաձայնություն ներկայացնի»: Ն. Գալստյանը իր հերքման մեջ հայտնում է. «Առավել զարմանք է առաջացնում հոդվածագրի այն պնդումը, թե, իբր «ստորաբաժանման» կողմից տրվել է միմյանց հակասող 2 տեղեկատվություն (տեղեկանք)»: Նա հատկապես զայրացած է հոդվածի վերնագրից: Հոկտեմբերի 16-ի դատական նիստում վկա ներգրավելու պահանջի մասին միջնորդությամբ համայնքապետարանի շահերի պաշտպան, փաստաբան Ռոման Կոնինյանը դատարանին հայտնել եւ պահանջել է. «ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու ստորաբաժանումը 31.08.09 թ.-ին տեղեկանք է տվել, որ Էդվարդ Քոչինյանի անվամբ վարձակալության իրավունքով գրանցված է 8,0 հա, 9,5 հա, 2,8 հա հողամաս, եւ նրան հատկացված հողամասում առկա են սեփականաշնորհված, իրավունքի պետական գրանցում ստացած կամ հաշվառված հողամասեր` քաղաքացիների անվամբ, ճանապարհներ, անօգտագործելի եւ պահուստային հողեր, եւ ներկայացված է թվով 85 քաղաքացիների ցուցակ: Ինչպես նաեւ` մեկ այլ տեղեկանք այն մասին, որ Է. Քոչինյանի փաստացի հողամասի չափը կազմում է 14.362 ք.մ.: Գտնում եմ, որ Կադաստրի կողմից տրված տեղեկանքներն աղավաղված են, չեն կարող համապատասխանել իրականությանը, Կադաստրի կողմից փաստացի չափագրումներ չեն իրականացվել, ուստի միջնորդում եմ դատարանին որպես վկա ներգրավել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին` որոշակի հարցերի պարզաբանման նպատակով»: Անհասկանալի պատճառով դատավոր Սուրեն Բաղդասարյանը մերժեց այս միջնորդությունը: Իր հերքման մեջ Նելսոն Գալստյանը նաեւ հայտնում է. «Իրոք, Էդվարդ Քոչինյանի դիմումի հիման վրա, Կադաստրի Ալավերդու Տ/Ս մասնագետների կողմից կատարվել է համապատասխան հսկայածավալ ուսումնասիրություն»: Վերջինիս արդյունքում է պարզվել, որ իրապես Է. Քոչինյանին 2001 թ. Մեծ Այրումի համայնքապետարանի կողմից վարձակալությամբ տրամադրված 20 հա հողատարածքների սահմաններում առկա են նույն գյուղապետարանի կողմից 85 քաղաքացիների սեփականաշնորհված եւ Կադաստրի Տ/Ս-ի կողմից 2004 թ. պետական գրանցում ստացած հողատարածքներ: Թե ինչու են դատարանում լսվող հայցի համար լայնածավալ ուսումնասիրություները կատարվել պատասխանողի` Էդվարդ Քոչինյանի դիմումով, այլ ոչ թե դատարանի միջնորդությամբ, լիցենզավորում ունեցող անկախ փորձագետի կողմից, եւ Կադաստրի Ալավերդու Տ/Ս-ն հարկ չի համարել ներգրավել Մեծ Այրումի համայնքապետարանին, առնվազն զարմանք է առաջացնում: Զավեշտալին այն է, որ տեղեկանքը, որի մասին խոսում է Կադաստրի պետը, տրվել է այն ժամանակ, երբ նա արձակուրդում է եղել, մինչդեռ փաստաթղթի վրա առկա են իր անունն ու ազգանունը եւ ստորագրությունը: Հենց այս տեղեկանքն է հիմք եղել դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից 16.10.2009 թ.-ի վճռով Մեծ Այրումի համայնքապետի հայցը ընդդեմ Էդվարդ Քոչինյանի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ գումարի բռնագանձման մասին, մերժելու համար: Տվյալ պարագայում ճիշտ կլիներ, որ Կադաստրի պետը պարզեր, թե ինչպե՞ս է իր անուն ազգանունով եւ ստորագրությամբ տեղեկանքը հայտնվել դատարանում, երբ ինքն արձակուրդում էր: Ալավերդու քննչական բաժնում Լարիսա Փարեմուզյանի հարցմանը պատասխանել են, որ վերը նշված տեղեկանքի վերաբերյալ կատարվում են քննչական աշխատանքներ: Մեծ Այրումի համայնքապետ Պապիկ Առուշանյանը տեղեկացրել է, որ քննիչը` Ռուդիկ Ստեփանյանը, իրեն հարցրել է` արդյոք պնդու՞մ է, որ տեղեկանքը կեղծ է: «Ես էլ ասել եմ` այո: Քննիչը բանավոր ասավ, բայց հիմի ես գրավոր տանում եմ, տամ իրան»,- ասել է Պապիկ Առուշանյանը: Նելսոն Գալստյանն էլ «Հետքի» թղթակցի հարցին պատասխանել է. «Ճիշտ է, քննչական բաժնում է, բայց մարդիկ երկու խոսքից ինձ հասկացան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter