HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարգար Օհանյան. «Չեմ կարող ասել, որ մեր 670 աշխատող ոստիկանները 100 տոկոսով կոռուպցիայի չեն գնա»

23_11-m_ohanyan

-Պարոն Օհանյան, ճանապարհային ոստիկանության համակարգում կատարված փոփոխությունները նպատակ ունեին ճանապարհային ոստիկանների ծառայությունը դարձնել շրջիկ: Իրականում նրանք շարունակում են կանգնել ճանապարհներին, նույնիսկ թաքնվում են ծառերի ետեւում, որպեսզի աննկատ մնան վարորդներից եւ տուգանեն վերջիններիս: Ինչո՞ւ է շարունակվում նույն գործելաոճը:

-Ինձ մեկ օրինակ բերեք, որ ճանապարհային ոստիկանները կանգնած ծառայություն են իրականացնում: Մենք ունենք ուղեկցումներ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների եւ արտասահմանյան հյուրեր, որոնց համար էլ ապահովվում է անվտանգ երթեւեկությունը: Միգուցե դուք այդ ընթացքում եք տեսել, որ տեսուչները կանգնած են: Բացառություն են նաեւ Երեւան քաղաքի 4 կետերը` Սայաթ Նովա-Մաշտոց, Նալբանդյան փողոցի ոստիկանական շենքի դիմացը, Բաղրամյան-Դեմիրճյան եւ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկները, որտեղ սահմանված կարգով տեսուչները կանգնած են աշխատանքներն իրականացնում: Մենք ուրիշ անշարժ պահակակետ չունենք: Օրենքը թույլ է տալիս, որ նրանք կանգնեն, քանի որ չեն կարող օրը 70 լիտր բենզին ծախսել: Եթե նույնիսկ կանգնած են, այդ ընթացքում տեսուչներն ավտոմեքենա չեն կանգնեցնում: Երկար տարիներ ես էլ եմ աշխատել եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում անհարկի ավտոմեքենա կանգնեցնելը: Նույնիսկ ոստիկանապետի կարգադրությամբ եթե տեսուչները խախտում են արձանագրում ու ավտոմեքենայից իջել են եւ այդ պահին երկրորդ խախտումն են նկատում, իրավունք չունեն կանգնեցնել: Դա արվել է նրա համար, որ կոռուպցիոն ռիսկի չգնանք: Եթե նման դեպքեր էլ եղել են, ուրեմն տեսուչները խախտել են օրենքը, ինչը չի բացառվում, որ եղած լինի: Ձեզ ավելին ասեմ, «Երթեւեկության անվտանգության մասին» օրենքով իրավունք ունենք պահել ոչ գունամշակված ավտոմեքենա` օպերատիվ պետհամարանիշերով: Դրանք կանգնած չափում են մեքենաների արագությունն ու հաղորդում հաջորդ ճանապարհային ոստիկանության կետին: Այդ ավտոմեքենայի վարորդները նույնիսկ ոստիկանական հագուստ չեն կրում, եւ այդ միջոցառման կարգը հաստատում է գումարտակի հրամանատարը: Նման կարգ կա ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում: Ես անձամբ դրսում շատ եմ տեսել, որ ճանապարհներին նույնիսկ ոստիկանների մանեկեններ են կանգնեցված: Այնքան գեղեցիկ է պատրաստված, որ հեռվից եկող վարորդին թվում է, թե ոստիկան է կանգնած. արագությունն իջեցնում է ու մոտենալով նոր է տեսնում, որ մանեկեն է:

-Մարզերում ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, եւ վարորդները կամա, թե ակամա պետք է խախտում անեն, որպեսզի շրջանցեն փոսերը, ինչին հետեւում են տուգանքները: Արդյոք արդարացվա՞ծ է նման ձեւով վարորդներին պատժելը:

-Համաձայն եմ ձեզ հետ, եւ միգուցե կան նման բաներ: Եթե ճանապարհներին նման արգելքներ կան, դա նաեւ ճանապարհային ոստիկանության եւ այդ տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի մեղքն է, քանի որ հիմնականում նշաններ չկան տեղադրված, որպեսզի վարորդները տեսնեն եւ արգելքները շրջանցեն: Ես անձամբ չէի արձանագրի նման խախտումը եւ կհորդորեմ ճանապարհային ոստիկաններին, որ նման խախտումները չարձանագրեն եւ չտուգանեն: Նախ, այդ խախտումները վթարածին չեն, քանի որ արագությունը շատ ցածր է եւ վարորդին պատժելով` ոչ մի օգուտ չենք տալիս ոչ պետությանը, ոչ հասարակությանը: Եթե մի բանը պետության մեղքով է, ասենք` փոսը, ճանապարհին հայտնված քարը, անհարկի չպետք է քաղաքացին տուժի: Ճիշտ է` Երեւան քաղաքի ու միջմարզային ճանապարհները բարվոք վիճակում են, իսկ միջգյուղական ճանապարհները ես էլ գիտեմ, որ վատ են, եւ ով էլ լինի ղեկին, պետք է շրջանցի: Ինձ թվում է` ճանապարհային ոստիկանները կկարդան թերթը եւ հետեւություն կանեն:

-Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար որոշ դեպքերում տուգանքի չափն ավելացվեց, եւ հսկողությունը խստացվեց: Ի՞նչ եք կարծում, դա կոռուպցիոն ռիսկերի մեծացում չի՞ ենթադրում, քանի որ տուգանքի ավել գումարը վճարելու փոխարեն հնարավոր է` վարորդ-ոստիկան «համագործակցությունը» գործի:

-Ես չէի ասի, որ տուգանքները բարձր են: Եթե միգուցե ընդունենք, որ խաչմերուկի կանոնների խախտման համար տուգանքը մի փոքր բարձր է, բայց ամրագոտի չգցելու համար, կարծում եմ` տուգանքի չափը պետք է շատ ավելի բարձր լինի: Ամրագոտին միայն երթեւեկության կանոնների խախտում մի դիտեք. դա նաեւ կուլտուրա է, անվտանգություն է: Ամրագոտուց օգտվելը մոռանալու բան չէ: Հարբած մեքենա վարելու համար նույնպես տուգանքի չափը քիչ է: Թող խմած վարորդը չնստի ղեկին: Իրոք, կան այնպիսի խախտումներ, որոնց կարելի է ավելի մեղմ մոտենալ: Եթե բացառեմ կոռուպցիոն ռիսկը, հարցազրույցի իմաստը կորցրած կհամարեմ: Բայց կոռուպցիան բարդ բառ է` ճանապարհային ոստիկանության եւ վարորդի հետ կապված: Չգիտեմ, երեւի դա կոռուպցիա է, բայց հավատացած եղեք, որ ամեն օր երկրի ղեկավարության, ոստիկանապետի պահանջն է` դա արմատախիլ անել: Բայց չեմ էլ կարող բացառել, քանի որ դա կապված է 2 քաղաքացիների համաձայնության հետ: Ես չեմ կարող ասել, որ մեր 670 աշխատող ոստիկանները 100 տոկոսով կոռուպցիայի չեն գնա: Նախ եւ առաջ վարորդներից խնդրում եմ խախտում չանել: Եթե խախտում չեք անում, մեզ հետ չեք շփվում: Ես էլ եմ լսել, որ տուգանքի հարցում տեսուչ-վարորդ համագործակցություն կա, բայց դա միայն խոսակցություն է, եւ հաստատել է պետք: Ոչ ոք դա չի հիմնավորում: Եթե կա նման բան, խնդրում ենք զանգահարել 1-77: Ծառայողական քննություն կանցկացնենք, կհամոզվենք. եթե չկարողանանք էլ ապացուցել, գոնե կազատվենք նմաններից: Բայց դրա հիմնական դրդողը խախտում կատարած վարորդն է: Դա էլ գիտեմ. գալիս ասում են. «Ընկեր ջան, խախտում եմ կատարել, որի համար 20.000 դրամի ակտ պետք է գրեք, խնդրում եմ գրեք 5000-ի, ձեզ էլ 5000 կտամ, ու երկուսս էլ կշահենք»: Եթե գա ժամանակ, որ ճանապարհները հսկենք ոչ թե ոստիկաններով, այլ տեխնիկայով, հավատացած եղեք` այս մասին էլ խոսք չի լինի` կոռուպցիոն ռիսկ կա՞, թե՞ ոչ: Բայց, ի սեր Աստծու, այդ կոռուպցիան միայն մի դրեք ճանապարհային ոստիկանի վրա: Ոչինչ չի բացառվում, եւ կոռուպցիան նվազագույնից էլ ցածր մակարդակի վրա պահելու համար այժմ օգտվում ենք JPS համակարգից: Միգուցե աշխատանքային ժամին տեսուչն ավտոմեքենայով իր տան դիմաց կանգնած է, եւ տեսնում ենք, թե օրվա ընթացքում նա ինչով է զբաղված: Այդ JPS համակարգը թույլ է տալիս, որ տեսուչը իր կանգնեցրած եւ բաց թողած ավտոմեքենայի համար երեկոյան պատասխան տա, թե ինչ է արել: Միայն ձայնը չենք կարողանում լսել, թե ինչ է խոսում: JPS համակարգով հսկվում է հանրապետության տարածքում գտնվող ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր ավտոմեքենա:

-Շարքային տեսուչները երբեմն դժգոհում են, որ իրենց վրա «նալոգ» է դրված, թե օրվա ընթացքում քանի ակտ պետք է գրեն: Ինչո՞ւ են շարքային տեսուչները նման դժգոհություն հայտնում:

-Տեսուչների ասածի մեջ իրականություն կա: Որպես այդպիսին, թե այսօր պետք է 22 կամ 8 հատ ակտ գրեն` որպես «նալոգ», չկա: Բայց ես ինքս, իմ տեղակալները, պետերը, գումարտակի հրամանատարը դուրս ենք գալիս եւ մի քանի ժամվա ընթացքում տեսնում ենք 17-20 խախտում, իսկ տեսուչն օրվա ավարտին գալիս ասում է, որ 2 խախտում է հայտնաբերել: Պարզ է, որ այդ տեսուչին գրկաբաց չենք ընդունում: Ո՞նց կարող է Երեւան քաղաքում ամբողջ օրը պտտվի ու 2 խախտում հայտնաբերի, բայց ես 2 ժամում եմ 10 խախտում հայտնաբերում: Մեր պահանջն այն է, որ տեսուչն իր պարտականությունները կատարի, խախտումներ հայտնաբերի, ոչ թե նստի միայն պրոֆիլակտիկա անի: Դրանից ելնելով էլ` տեսուչները կարող են ասել, որ մեզ վրա պլան են դրել, թե այսքան ակտ գրեք: Եթե օրվա մեջ 30 խախտում նկատում է, գոնե դրանից 15-17 չարձանագրի՞: Իրոք, մենք որեւէ տեսուչի վրա պլան չենք դնում: Մենք հիմա ահագին դժվարությամբ ենք խախտումներ հայտնաբերում: Վարորդներն ավելի պատրաստված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter