Իջեւանի քաղաքապետը ավագանու նիստն անցկացնելու համար ոստիկանների աջակցությանը դիմեց
Նոյեմբերի 11-ին Իջեւանի քաղաքապետը ավագանու նիստ էր հրավիրել: Օրակարգում 10 հարց էր. հաղորդում` համայնքի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին, 2010 թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը հաստատելու մասին, քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակների եւ պաշտոնական դրույքաչափերի հաստատման մասին եւ այլն:
Սակայն օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չքննարկվեցին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ավագանու 13 անդամներից 8-ը նիստ էին գումարել եւ պահանջել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պաշտոնանկությունը: Նոյեմբերի 11-ի նիստին ներկա շուրջ երկու տասնյակ Իջեւանի բնակիչների համար աթոռները չէին բավականացնում: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նիստից առաջ ներկաներին առաջարկեց գրանցվել: Նիստը բացված հայտարարելով` Վ. Ներսիսյանը, վկայակոչելով ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածը, ավագանու նիստերի կեսից ավելիին ներկա չգտնվելու պատճառաբանությամբ ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վարդան Ղալումյանի եւ Էդգար Ասլանյանի լիազորությունները դադարեցված համարեց: Իրականում, նա չկարողացավ իր որոշումն ընթերցել, որովհետեւ ավագանու անդամները մեծ աղմուկ բարձրացրին: Վ. Ներսիսյանը փորձում էր նրանցից ավելի բարձր գոռալ: Ավագանու անդամները ծափահարում էին քաղաքապետին, ով շարունակում էր գրեթե գոռալով կարդալ որոշումը: Միանգամից տասնյակ գոչյուններ էին լսվում: «Դուք դրածո կերպար եք, մենք Ձեզ չենք ընտրել»,- քաղաքապետին ասում էին ավագանու անդամները: «Իջեւանցիների մեծամասնությունն ընտրել է»,- հակադարձում էր Վարուժան Ներսիսյանը: Ի պատասխան` ավագանու անդամները քաղաքապետին հիշեցրին, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից 3-ը դատապարտվեցին, որպեսզի նա զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը: Ավագանու անդամները քաղաքապետին մեղադրում էին ոչ թափանցիկ աշխատաոճի, քաղաքի հողերը շուկայականից շատ ցածր գներով օտարելու մեջ: Ավագանու անդամներին զայրացրել էր նիստից երկու օր առաջ տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում Վարուժան Ներսիսյանի ելույթը, որի ժամանակ նա իր հրաժարականը պահանջող ավագանու անդամներին «բողոքող բրիգադ» էր անվանել: Նույն ելույթում քաղաքապետն ավագանու անդամների համար պատմել էր որսորդական մի պատմություն այն մասին, որ արջին պետք է նախ սպանել, հետո բաժանել մորթին, որ վիրավոր արջը շատ վտանգավոր է: Քաղաքապետը դրանով ակնարկել էր, որ իրեն պաշտոնանկ անելը հեշտ գործ չէ: «Ես եկել եմ ասելու, որ արջ սպանելու որսորդական թույլտվություն ունեմ»,- նիստում հայտարարեց ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը: «Այս հարցը քննարկված-ավարտված է, անվստահությունը հայտնել ենք, այս մարդն այստեղ իրավունք չունի»,- քաղաքապետի մասին ասաց ավագանու անդամ Վարդան Օրդինյանը: «Ինչո՞ւ եք հեռախոսով վիրավորել Սուրեն Մանուկյանին»,- քաղաքապետին դիմեց ավագանու անդամ Վահե Ղալումյանը: «Մենք չենք ուզում, որ մեր քաղաքը ձեզ նման քաղաքապետ ունենա»,- ասաց նիստին մասնակցող իջեւանցիներից մեկը: «Իհարկե, քաղաքում կլինեն ձեր նմանները»,- հակադարձեց Վարուժան Ներսիսյանը, ապա դառնալով ավագանու անդամներին` ավելացեց. «Ոսկան Սարգսյանին մի զարմացրեք»: Ավագանու անդամները քաղաքապետից պահանջեցին ներկայացնել ավագանու նիստերի վերջին 4 տարիների արձանագրությունները: Նախկինում էլ ավագանու անդամ Վահե եւ Վարդան Ղալումյանները պահանջել էին այդ արձանագրությունները, սակայն` ապարդյուն: Վարուժան Ներսիսյանն էլ Վահե Ղալումյանին ասում էր, թե նա չի ստորագրել այդ արձանագրությունները: «Սա քաղաքապետարա՞ն է, թե՞ բազար»,- տեսածից զարմացած` հարցրեց նիստին ներկա իջեւանցիներից մեկը: «Մանկապարտեզ երեխաներն են իրենց տներից աթոռներ տանում, մանուկներին սնունդը չի հերիքում, մի բուլկին 4 մասի են բաժանում, բնակելի շենքերի խողովակներն անօրինական հատում եք, չնայած մեր պահանջին` քաղաքում ոչ մի տեղ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տարածք չհատկացրիք»,- քաղաքապետին մեղադրում էր ավագանու անդամ Վարդան Ղալումյանը: Վարուժան Ներսիսյանն իր աշխատասենյակում դրության տերը չէր: Ներկա գտնվող ավագանու ավելի քան մեկ տասնյակ անդամների մեջ նա միայն երկու կողմնակից ուներ` իր եղբայրը` ավագանու անդամ, «Իջեւանի բուժմիավորման» տնօրեն Հրաչ Ներսիսյանը, որը չէր խոսում: Քաղաքապետին պաշտպանում էր միայն ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը, որի քույրն էլ Վարուժան Ներսիսյանի քարտուղարուհին է: Վարուժան Ներսիսյանը կատարվածից հուզված էր, «բջջայինի» հեռախոսահամար որոնելիս ձեռքը դողում էր: Նա մի քանի րոպե առանձացավ իր հանգստի սենյակում, որից հետո հայտնվեցին ոստիկանության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ: Նրանք հայտնեցին, թե եկել են ոստիկանության մարզային վարչության պետի հրամանով: Ոստիկաններն աշխատում էին մեղմել լարված մթնոլորտը` ավագանու անդամներին հորդորելով քաղաքապետի դեմ պայքարել միայն իրավական եղանակով: Նիստից հետո ավագանու անդամներ Վարդան Ղալումյանը, Վարդան Օրդինյանը եւ Էդգար Ասլանյանը փոստով ստացել են քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի որոշումը` ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Ավագանու երեք անդամներն ասացին, որ ավագանու նիստերից իրենց բացակայելու քաղաքապետի պատճառաբանությունը չեն ընդունում, որովհետեւ նիստերին մասնակցելու համար իրենք օրենքով սահմանված կարգով չեն իրազեկվել, բացի դրանից` քաղաքապետի այդ որոշումներն իրավաբանական առումով գրագետ չեն ձեւակերպված: Ավագանու վերոհիշյալ անդամները մտադիր են քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի որոշումը բողոքարկել դատարանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել