HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները Հայաստանում աճել են, Երեւանում՝ 27 դեպքով նվազել

Սոնա Մաշուրյան

2009թ. 9 ամիսների տվյալներով Հայաստանում կտրուկ աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը եւ կազմել 10719 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմում էին ընդամենը 6825: Աճել են նաեւ անչափահասների կողմից կատարված  հանցագործությունները՝ 18 դեպքով եւ կազմել 383՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք 365-ն են եղել:

Իրավապահները կտրուկ աճը բացատրում են այն հանգամանքով, որ նախկինում հանցագործությունների որոշ մասը թաքցվում էր  հաշվառումից, ուստի ներկայացվող տվյալները չէին համապատասխանում հանցագործությունների իրական թվին: Ընդունելով հանդերձ հանցագործությունների կտրուկ աճի իրողությունը` իրավապահները միաժամանակ նշում են, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների տոկոսը հանցագործությունների ընդհանուր թվաքանակում նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,3 տոկոսից այս տարի հասնելով  3,5 տոկոսի: 9 ամիսների տվյալներով 2009թ. անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճ է նկատվել Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում՝ համապատասխանաբար 33, 12 եւ 19 դեպքով, հակառակը, նվազում է նկատվել Երեւանում՝ 27 դեպքով: Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ով 1990-ական թվականներից զբաղվում է անչափահասների շրջանում հանցավորության խնդիրներով, մեզ հետ հարցազրույցում նշեց, որ հիմնականում հանցագործության են դիմում  ընտանիքում ինչ-ինչ խնդիրներ ունեցող, ինչպես նաեւ ծնողական ուշադրության պակաս ունեցող  անչափահասները: «Վատ շրջապատ ընկնելը»  նույնպես, ըստ Նելլի Դուրյանի, ծնողի անուշադրության կամ ոչ բավարար ուշադրության հետեւանք է:  Ն.Դուրյանը այնքան էլ չի կիսում այն տեսակետը, թե  անչափահասների շրջանում հանցավորությունը  բացառապես սոցիալական արմատներ ունի, քանի որ գյուղում իրար հետ կողք-կողքի ապրող, ծայրահեղ անապահով վիճակում գտնվող երկու ընտանիքներից մեկի երեխան կատարում է հանցագործություն, մյուս ընտանիքի երեխան՝ ոչ: Ուստի մեղքի իրենց բաժիններն ունեն թե ընտանիքը,  եւ թե դպրոցը՝  անչափահասը տնից դուրս է գալիս եւ դպրոց մուտք գործում կտրող-ծակող գործիքով «զինված«, որով հեռուստասերիալներից սերտած հնարքները կիրառում է իրական կյանքում՝ մարմնական վնասվածքներ հասցնելով իր տարեկիցներին: Պատահական չէ, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում գողություններից հետո երկրորդ տեղը զբաղեցնում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը: Այսպես, այս տարվա 9 ամիսների տվյալներով, 383-ից 199-ը կազմում են գողությունները,  մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը՝ 33-ն են՝ այդ թվում՝ 16-ը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն են, համեմատաբար ավելի փոքր թիվ են  կազմում խուլիգանության դեպքերը՝ 14 , ավտոմեքենա փախցնելու՝ 3  դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 365 հանցագործության դեպքերից գողության դեպքեր են եղել  273-ը,  24-ը՝ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր են եղել (ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը մնացել են նույնը՝ 16), խուլիգանության՝ 7  եւ ավտոմեքենա փախցնելու  4 դեպք: Էական աճ է արձանագրվել կողոպուտների դեպքերով 35՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13-ի դիմաց: Ն.Դուրյանը հավաստիացնում է, որ Ոստիկանության կողմից կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում հատկապես մարմնական վնասվածքների եւ կողոպուտի դեպքերը հնարավորինս բացառելու համար՝ դրա համար հատկապես ամառային ամիսներին ոստիկանության կողմից հսկողություն է իրականացվում հասարակական վայրերում, հատկապես՝ այգիներում, որտեղ ավելի հաճախ կարելի է տեսնել  անչափահասներին: Ծանր հանցագործությունների թվաքանակում՝   անչափահասի կողմից կատարված  սպանության եւ ոչ մի դեպք չի արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է սպանության եւ սպանության փորձի մեկական դեպք, նվազել են նաեւ ավազակության դեպքերը եւ կազմել 3-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15-ի դիմաց: Ընդ որում,  հանցագործություն կատարած անչափահասներից  թմրանյութի ազդեցության տակ է  եղել 1, ալկոհոլի ազդեցության տակ՝ 4-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում չէր արձանագրվել թմրանյութի ազդեցության տակ հանցագործություն կատարած անչափահաս,  ալկոհոլի ազդեցության տակ եղել էր  6 անչափահաս: Այս տարվա տվյալներով,  անօրինական զենք է կրել  3 անչափահաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի դիմաց: Այս տարի արձանագրվել է  չափահասների կողմից անչափահասներին հանցագործության մեջ  ներգրավելու 8 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12-ի դիմաց: Ընդ որում, ի հայտ է եկել «նորամուծություն»՝ դրամանենգության մեջ ներքաշելու դեպք. կեղծ թղթադրամներ պատրաստել է 18 տարին չլրացած անչափահասը, եւս 4 անչափահասներ իրացրել են «արտադրանքը»՝ չափահասի պատվերով: Ավելացել է  նաեւ անչափահասների մասնակցությամբ հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը եւ  կազմել 106՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92-դիմաց, իսկ միայն անչափահասների մասնակցությամբ հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունները  կազմել են  50՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 49-ի դիմաց: Գ րեթե կրկնակի աճել է նաեւ կրկնահանցագործ անչափահասների թիվը եւ կազմել 16՝ նախորդ տարվա  9-ի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter