Հարուցվել է քրեական գործ` ջոկի հրամանատարի կողմից կեղծիք կատարելու եւ սուտ ցուցմունք տալու համար
Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության` Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ` պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ: Պարզվել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ոստիկանության` Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ս. Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի գյուղապետ Ս. Ղազարյանի եւ գյուղապետարանի քարտուղար Կ. Դավթյանի հետ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկանքներ եւ նախկին գյուղխորհրդի գործկոմի որոշման կեղծ քաղվածք:
Հիշյալ կեղծ փաստաթղթերը Իջեւան քաղաքի «Արցախ» ռեստորանին հարակից 0.8 հա հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու հայցադիմումի հետ Ս. Ենգիբարյանը ներկայացրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետեւ որպես հայցվոր հանդես է եկել դատարանում եւ շահադիտական նպատակներով սուտ ցուցմունք տվել` ներկայացնելով արհեստական ապացույցներ:
Ըստ Գլխավոր դատախազության կայքէջի՝ փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 2-րդ, 38-325-րդ հոդվածի 2-րդ եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Քրական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել