Վերաբացվեց Կալկաթայի հայկական ակումբը
Նոյեմբեր 22-ին հնդկահայոց համայնքում վերաբացվել է Հայկական ակումբը (Armenian Club): Ակումբի օրհնությանը և վերաբացմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչները: Գրեթե հարյուրամյա Հայկական ակումբը եղել և մնում է կալկաթահայերի ամենասիրված ժամանցի վայրերից մեկը:
Վերանորոգված և շքեղ կահավորված ակումբի բացումը և օրհնությունը տեղի ունեցավ հանդիսապետությամբ Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանի:
Վերանորոգչական աշխատանքների ողջ պատասխանատվությունը իր վրա էր վերցրել Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը:
Բացման և օրհնության կարգից հետո ներկաներին իր պատգամը և օրհնությունը հղեց Հնդկահայոց հոգևոր հովիվը` շնորհակալություն հայտնելով ակումբի նախագահ Փիթեր Հայրապետին և եկեղեցական վարչության անդամներին, բարձր գնահատելով նրանց նվիրումը և նախանձախնդրությունը` հայ համայնքի և հայոց եկեղեցու հանդեպ:
«… Նրանք, ովքեր ասում են, որ Հնդկահայ գաղութը կորցրել է իր կենսունակությունը, հետևելով մեր համայնքային ակտիվ անցուդարձին, վստահ եմ, փոխելու են իրենց կարծիքը: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և Սուրբ Էջմիածնի օրհնությամբ առաջ ենք ընթանում: Վերջապես, կարևորը քանակը չէ, այլ որակը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», մի առիթով ասել է հայ մեծ բանաստեղծը»,- իր խոսքը եզրափակեց Հայր Խորենը: Այս մասին տեղեկացնում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել