Միայնակ կինը փնտրում է գոյատեւման ճանապարհներ
Ալավերդիում մեծ թիվ են կազմում այն տարեցները, որոնց երեխաներն իրենց ընտանիքներով արտագաղթել են արտերկրներ` աշխատելու եւ ապրելու: Մեկնողներից ոմանք հիշում եւ հեռուներից դրամական օգնություն են ուղարկում իրենց ծնողներին: Շատերը դա էլ չեն անում:
Կյանքի մայրամուտին հայտնված այդ մարդկանցից ոմանք, որոնք ոչ այնքան փողի, որքան ջերմության, հոգատարության եւ հարազատ երեխաների կարոտն ու աջակցության կարիքն են զգում, դեպքեր են եղել, երբ միայնության մեջ մահացել եւ այդպես մի քանի օր մնացել են իրենց բնակարաններում, մինչեւ որ հարևանները զգացել են նրանց բացակայությունը: Ալավերդիում ոչ ոք չի նկատում տխուր ապրելակերպի ու ծանր զգացողության մեջ տառապող այդ մարդկանց: Բարոյական և նյութական դժվարությունների մեջ հայտնված շատ կենսաթոշակառուներ հավուր պատշաճի չեն արժանանում քաղաքապետարանի և սոցիալական մյուս մարմինների ուշադրությանը: Պետությունը իր տարեց քաղաքացիների անվրդով ծերության երաշխավոր հանդիսանում է ընդամենն իր սահմանված` անգամ դեղորայքի չբավարարող, չնչին կենսաթոշակի չափով և ողորմելի նպաստով, որն էլ անմատչելի է շատ անօգնական ծերերի: Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի 3/7 շենքի բնակչուհի 68-ամյա Լուսյա Օգանովան Ալավերդու այդ կենսաթոշակառուներից մեկն է: Ազգությամբ նա ռուս է: «Իմ հերը, Սեմյոն Գալալոբովը, 1954թ.-ին «նապրավլենիա» է ստացել աշխատելու սկզբում Ձաղիձորի (ներկայումս Թումանյան քաղաք), ՕՐՍ-ի գլխավոր հաշվապահ, հետո եկել ենք Ալավերդի, որտեղ հերս աշխատել է «Ախթալշին» տրեստի գլխավոր հաշվապահ»,- պատմեց տիկին Լուսյան: Ծնողների հետ Հայաստանում բնակություն է հաստատել նաեւ 13 տարեկան Լուսյան: «Ես փաստորեն Հայաստանում եմ մեծացել, դրա համար ես ինձ չեմ առանձնացրել հայ ժողովրդից: Իմ ամուսինը`Ժորա Օգանովան, երբ 2001թ.-ին Լենինգրադում մահացավ, ես նրա աճյունը բերեցի և հուղարկավորեցի Ալավերդիում»,- պատմում է Լ.Օգանովան: Ալավերդիում հանրահայտ եւ հարգանք վայելող ֆուտբոլի մարզիչ Ժորա Օգանովին երիտասարդ ու գեղեցիկ Լուսյան հանդիպել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջն. դպրոցում` ռուսաց լեզվի ուսուցչուհի աշխատաելու տարիներին: Ամուսնացել են 1968թ.-ին: Ամուսինները համատեղ կյանքում ունեցել են 3 երեխաներ: Տղաներից մեկը`Ռուբիկը, երիկամի քաղցկեղով երկար ժամանակ տառապելուց հետո, 17 տարեկանում մահացել է: Լուսյա Օգանովայի աղջիկը`Տանյան ապրում է Լենինգրադում և ժամանակ առ ժամանակ նյութապես օգնել է մորը. «Հիմա գործարանը բոլորը փակվել է, նա չի աշխատում, միշտ էլ օգնել է, հիմա չի կարողանում: Հիմա իմ ապրելու միակ միջոցը իմ 20 հազար դրամ թոշակն է: Տղաս` Սերգեյը, Նովորոսիյսկում է ապրում: Սկզբում չգիտեմ` ինչի համար բանտարկվեց: Նամակ էր գրում, որ բանտից դուրս գալուց հետո փող կաշխատի եւ ինձ կտանի իր մոտ: Հիմա ոչ մի տեղեկություն չունեմ նրանից»,- արտասուքների մեջից ասաց որդու նամակին սպասող մայրը: Իր կյանքի երջանիկ տարիները Լուսյա Օգանովան կապում է ամուսնու հետ: Ալավերդիում շատերն են հիշում ֆուտբոլի մարզիչ Ժորա Օգանովի հոգատար վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Սակայն 2001թ.-ին մահանում է ամուսինը, որից հետո սկսվում է Լուսյա Օգանովայի միայնության տարիները: 2001թ.-ին ամուսնու աճյունի հետ վերադառնալով Լենինգրադից, իր 3 սենյականոց առաջին հարկի բնակարանը տեսավ ավերված: 
«Մեր բացակա եղած ժամանակ եւ հիմա էլ, վերեւիս հարկի հարևանուհի Արփիկ Իսրայելյանը մշտապես ջուրը բաց է թողնում, որի պատճառով առաջին հարկի բնակարանս ամբողջությամբ խոնավության մեջ է: Վերջին անգամ 2008թ.-ի օգոստոսին է բաց թողել ջուրը: Ես դուռը բացել եմ, ամբողջ տունս հեղեղված էր ջրով: Ես բողոքել եմ քաղաքապետարան: Պահանջել եմ հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը տեսնի ինչ վիճակում է հայտնվել բնակարանս: Քաղաքապետարանի հանձնաժողովը եկել է տեղում նայել, բարձրացել է Արփիկի տուն և ինձ այլևս ակտ չեն տվել: Ես քաղաքապետարանին մի քանի անգամ դիմել եմ, որ բնակարանս կարգի բերեն: Ինձ պատասխանել են` մենք ոչինչ անել չենք կարող, դիմեք դատարան, իսկ դատարան դիմելու համար քաղաքապետարանում ինձ այդպես էլ ակտ չեն տվել»,- իր բնակարանի անհրապույր վիճակի պատճառները բացատրում էր միայնակ ու անօգնական կինը: Բնակարանի երեք սենյակների հատակն էլ ցեմենտապատ էր: Տիկին Լուսյան բացատրեց, որ կրկնվող ջրհեղեղներից սենյակների մանրահատակը բարձրացել է. «Աչքս չի տեսնում, ես անընդհատ վայր էի ընկնում»: Ստիպված խնդրել է հարևանների երեխաներին մանրահատակը հավաքել: Լուսյա Օգանովան իր 20 հազար դրամ թոշակով չի կարողանում ապահովել բնակարանի ջեռուցումը. «Արփիկը և նրա վերևի հարեւանը թույլ չեն տալիս փայտի վառարանը վառելու: «Ասում են «դիմախոդները» խցանված են: Բնակշահագործման տեղամասի աշխատողները ադյալներ են հանել դիմախոդից: Հա գնացել եմ քաղաքապետի մոտ, օգուտն ի՞նչ: Ասում է` մենք քեզ օգնելու վիճակ չունենք: Սկզբում ասաց` դիմում գրի, դիմում գրեցի, էդ դիմումը տվեց ճարտարապետին: Բայց ոչնչով չօգնեցին»,-ասաց տիկին Լուսյան: Այդուհանդերձ ձմռանը սառնամանիքին դիմակայելու համար նա դիմել է նաև Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին, որը իր մահացած տղայի ընկերն է եղել. «Ձմեռը յոլա գնալու տաքացուցիչ տվեց և ասաց` 2 հազար ես կտամ, մնացած 4 հազարը դու»: Պահանջված գումարը վճարելուց հետո տիկին Լուսյան ստացել է տաքացուցիչը: «Հիմա ես ուզում եմ, որ ինձ հաշմանդամության խումբ տան: Եթե խումբ ունենամ կարամ պահանջեմ, որ գազ քաշեն: Ես աչքի բժշկին ասել եմ` ինձ էպիկրիզ տվեք, գնամ հաշմանդամության խումբ հանեմ` ինձ ասացին` մենք աչքի համար խումբ չենք տալիս: Իսկ ես որքան գիտեմ աչքի համար առաջին հերթին են տալիս հաշմանդամության խումբ»,- սոցիալական իր հիմնախնդիրների լուծման ճանապարհներ էր որոնում տիկին Լուսյան: Իսկ իր թաղամասի տնային բժշկից հիվանդության էպիկրիզ ստանալու եւ այն Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին ներկայացնելու մեր խորհրդին տիկին Լուսյան պատասխանեց. «Ինձ ասել են հանձնաժողովում 100 դոլար են ուզում: Ես ճիշտն ասած չունեմ: Ես անձամբ չեմ դիմել հանձնաժողովի նախագահ Դաղբաշյանին, բայց բժիշկներից բռնացրած` ասել են: Թաղամասային բժշկուհին էլ ասավ, դու փող, որ ունենաս, կնստես` կուտես: Ասի` հլա ուտելու մասին չեմ մտածում, թող ինձ մի միջոց տան, որ ես կարողանամ ապրել: Ում հարցնում եմ, ասում են 100 դոլար ա խումբը»: Լուսյա Օգանովային, այնուամենայինիվ, խորհուրդ տվեցինք իր առողջական վիճակից ելնելով (նա ասաց, որ տառապում է արյան բարձր ճնշմամբ եւ ուժեղ գլխացավերից) դիմի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահին, հուսադրելով, որ գուցե իր դեպքում 100 դոլարը չգործի: Մեր զրույցի վերջում Լուսյա Օգանովան կրկին անդրադարձավ իր երեխաներին: «Տղաս Ռուսաստանում պասպորտ չունի, պտի դասավորի նոր գա: Ասավ` կաշխատեմ երկու կոպեկ աշխատել, որ գամ քեզ տանեմ: Հլա տեսնենք, էլի: Ես հավատում եմ: Թող իմ տղի գործերը դզվի, թող ինքը աշխատի մի երկու կոպեկ: Ես փետ կառնեմ հատակը կքաշեմ, թող ինձ հանգիստ թողնեն, թող թույլ տան, որ ես օգտագործեմ դիմախոդը»,- արդեն ինքն իրեն խոսում էր միայնակ ու մոռացված կինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել