Սենսացիաներ չե՞ն լինելու
Թերթի տեղեկություններով` նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ արդեն հանրապետական վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգրկվելու է նաև կուսակցության գործադիր մարմնում:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է դառնալու նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, ՀՀԿ կանոնադրության մեջ կատարվելու են որոշ փոփոխություններ, որոնց արդյունքում փաստացի որոշումներ կայացնող ՀՀԿ խորհրդին փոխարինելու է գործադիր մարմինը:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը «168 ժամի» թղթակցի հետ զրույցում չի մեկնաբանել վերը նշված փոփոխությունների մասին լուրերը: «Ամեն ինչ որոշելու է համագումարը` պատվիրակների առաջարկությունների հիման վրա: Սենսացիաներ չեն լինելու»,- ասել է նա:
Վիճակը նույնն է
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը վատացել էր մոտ մեկ շաբաթ առաջ և շարունակում է մնալ ծանր:
Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին` առաջարկելով քննարկել Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը:
Սասուն Միքայելյանը մի քանի տարի առաջ սրտի կաթված է տարել, և նրան ճշգրիտ բուժում է անհրաժեշտ, ինչը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովվել` համապատասխան սարքավորումների և մասնագետների բացակայության պատճառով:
Թույլ չտալ նոր պայթյուններ
«Եթե կարճ ձևակերպենք, ապա մենք կարծում ենք, որ շատ կարևոր են երկու գործոններ. առաջին` Ռուսաստանը պետք է խաղա կարևոր, անվիճելի դեր մեր տարածաշրջանի կայունացման գործում, և երկրորդ` Ռուսաստանը, Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն պարտավոր են համագործակցել` թույլ չտալու համար նոր պայթյուններ, որոնք ի վիճակի են հանգեցնելու անկայունության: Հայաստանը ծայրաստիճան շահագրգռված է` ունենալու կայուն տարածաշրջան, և դա տնտեսական զարգացման ու բարգավաճման գլխավոր հիմքն է»,- ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում:
Չեղավ, Ժոր
Օրերս Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում գտնվող հնավայր-դամբարանից անհետացել է պատմական բացառիկ արժեք ներկայացնող, 14-րդ դարի հուշարձան` արաբական արձանագրությամբ, քարի երկու կողմերում առյուծի և վագրի պատկերներով, ինչը ժողովրդի հիշողության մեջ մնացել է «ասլան և ղափլան» անունով:
Նոյեմբերի 20-ին ոստիկանները հայտնաբերել են հուշարձանը Գավառ քաղաքի բնակիչ Ժորա Ղարաբաղցյանի բակում:
Գյուլը շուտով կվերացնի հայ-թուրքական սահմանի խոչընդոտը
«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտը շուտով կվերանա: Իհարկե, որոշ ժամանակ է պետք, որպեսզի լուծվեն տեխնիկական խնդիրները. երկու երկրում էլ ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն խորհրդարանում»,- իտալական «La Stampa» թերթին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նա վստահեցրել է, որ մոտ ապագայում Հայաստանն ու Թուրքիան կփոխանակեն դեսպաններ, և ցամաքային սահմանը կբացվի: «Իսկ մեր օդային սահմանը վաղուց արդեն բաց է»,-վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Գյուլը նշել է նաև, որ ամբողջ աշխարհը փոխվում է, այդ թվում և Թուրքիան. «Մենք մտադիր ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ: Այս առումով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին` Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտության լուծման համար ներդրած ջանքերի համար: Չնայած Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ, սակայն ես հույս ունեմ, որ Երևանն ու Բաքուն կդրսևորեն համապատասխան քաղաքական կամք` վերջապես լուծելու»,- եզրափակել է Աբդուլլահ Գյուլը:
Իմաստուն որոշում
Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խորհրդական` մշակույթի, կրթության և սպորտի հարցերով:
«ՉԻ» - Սա, անշուշտ, իմաստուն որոշում էր: Գոռ Վարդանյանը սպորտի հետ էլ անմիջական առնչություն ունի, մշակույթի հետ էլ (եթե իհարկե, նրա ֆիլմերը կարելի է մշակույթ համարել): Մի քիչ դժվար է կրթության խնդիրը, բայց այստեղ նույնպես պրոբլեմ չկա. դպրոցներում ֆիզկուլտուրայի ժամերը կավելացնեն և վերջ:
Ի վերջո, Գագիկ Բեգլարյանի պատկերացմամբ, հենց այս ուղղությամբ էլ պիտի զարգանան կրթությունն ու մշակույթը. «մատաղ սերնդի» հիմնական նպատակը պիտի դառնա բիլակները հաստացնելը ու հակառակորդներին աջ ու ձախ կոտորելը: Բա հո խզիկ չեն, որ դաս-մաս սովորեն, ջութակ-մութակ լսեն և այլն:
Այլ հարց է, որ Գագիկ Բեգլարյանն իր այս որոշմամբ մի քիչ հետ է մնացել կյանքից: Եթե հաշվի առնենք ներքաղաքական վերջին իրադարձությունները, ապա նա իր խորհրդական պիտի նշանակեր ոչ թե Գոռ Վարդանյանին, այլ հրաձգային սպորտի ֆեդերացիայի նախագահին:
«Էս ո՞ր թիվն է», որ հնարավոր լինի իշխանությունը պահպանել ձեռնամարտով:
Փաշինյանին գրանցել են
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը հանձնվել են ԱԺ թիվ 10 ընտրատեղամասի տարածքային ընտրական հանձնաժողով` նրան որպես պատգամավորության թեկնածու գրանցելու համար:
Բացի Փաշինյանից, երեկվա դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն հանձնել է ևս 2 թեկնածու` Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի` փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 26-ն է, որից հետո դրանք կուսումնասիրվեն, և դեկտեմբերի 1-6-ը կտևի գրանցման գործընթացը: Իսկ թեկնածուների նախընտրական քարոզչությունը կսկսվի դեկտեմբերի 7-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել