9 ամիսների տվյալներով Հայաստանում չկա անչափահաս մարմնավաճառ, կան վարքի շեղումով աղջիկներ
Սոնա Մաշուրյան
2009թ. 9 ամիսների տվյալներով Հայաստանում չկա մարմնավաճառ անչափահաս, կան վարքի շեղումով աղջիկներ, որոնք իրենց ընտանիքներում չեն ընդունվում, ուստի տեղավորվում են Վարդաշենի կրթահամալիրում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղեկալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, չկան նաեւ անչափահասների ներգրավմամբ թրաֆիկինգի դեպքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել են այդպիսի 2 քրեական գործեր, որոնց նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է:
Այս տարվա տվյալներով ոստիկանության կողմից տարբեր իրավախախտումների կամ հանցագործությունների համար հաշվառման է վերցվել 912 անչափահաս՝ 844 տղաներ եւ 68 աղջիկներ: Աղջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 44, պետք է նշել նաեւ, որ հաշվառման վերցված իրավախախտ աղջիկների թիվն, օրինակ, 2007թ. ավելի մեծ է եղել՝ այդպիսիք 82-ն են եղել:
Եթե 1997թ. Հայաստանում կային 170 մուրացիկ անչափահասներ, ապա ներկայումս նրանց թիվը 21 է: Թափառաշրջիկ, այսինքն՝ դասերից չարամտորեն խուսափող երեխաները 96-ն են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 105-ի դիմաց:
Մուրացկանությունն ու թափառաշրջիկությունն ինքնին քրեական հանցանք չէ, նշում է Ն.Դուրյանը, սակայն երեխան փողոցում մնալով կամա-ակամա կարող է ներքաշվել հանցագործությունների մեջ:
Ուստի այլ շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանք է տարվում նրանց փողոցից կտրելու ուղղությամբ, արդյունքում՝ նման երեխաների թվում, ըստ Նելլի Դուրյանի, չկան կրկնահանցագործներ, որեւէ մեկը չի հայտնվել գաղութում:
Նելլի Դուրյանը նպատակահարմար է համարում, որպեսզի իրավախատում կամ հանցանք կատարած անչափահասը վերադաստիարակվի իր համայնքում, իր տանը. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ մեծ է հավանականությունը, որ մեկ անգամ գաղութում հայտնված անչափահասը հետագայում կդառնա նաեւ կրկնահանցագործ:
Այդ է պատճառը, որ վերջին մի քանի տարվա կտրվածքով գաղութներում պատիժ են կրում միայն 30 անչափահասներ, մյուսները պարզապես գտնվում են արդարադատության նախարարության եւ ոստիկանության համապատասխան կառույցների հսկողության ներքո:
Ն.Դուրյանը ներկայացրեց նաեւ արտերկրում դժվարին վիճակում հայտնված ծնողազուրկ երեխաներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ Ոստիկանության ձեռնարկած քայլերի արդյունքը՝ շուրջ 3 տարվա ընթացքում Հայաստան է վերադարձվել այդպիսի 18 երեխա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել