HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարբիում խնձորը չի վաճառվում, եւ գյուղացիները դիմում են վարկերի օգնությանը 

apple_24.11.09 «Մեր մոտ հիմնականում բերքի իրացման խնդիրն է, շուկան փակ է, եւ չենք կարողանում բերքն իրացնել: Գյուղը այգեպտղաբանջարաբուծական է, եւ մարդիկ հիմնականում խնձոր են արտադրում: Խնձորը չի արտահանվում եւ լճացում է գնում գյուղում: Գյուղացին այսօր շուկայում տեղ չունի»,- կարբեցիների մտահոգությունը «Հետքին» փոխանցեց Կարբիի գյուղապետարանի մասնագետ Հրաչյա Արշակյանը: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը հրաժարվեց մեզ հետ զրուցել, իսկ գյուղապետն աշխատանքի չէր եկել: Կարբին Արագածոտնի մարզի այն գյուղերի թվին է պատկանում, որտեղ բացի խնձորի բերքից` գյուղացիներն այլ ակընկալիք չունեն գյուղատնտեսությունից: Երբ այցելեցինք Կարբի, գյուղացիները պարապությունից հավաքվել էին գյուղամեջ եւ իրար հետ խոսում են մոտալուտ ձմռան խնդիրներից: H_Arshakyan_24.11.09«Նախորդ տարիների ընթացքում գյուղից խնձորն արտահանվում էր Ռուսաստան, Վրաստան եւ այդ առեւտրով գյուղացին լավ էլ ապրում էր: Գյուղում գումարներ էր շրջանառվում, իսկ հիմա գրեթե յուրաքանչյուր տնտեսություն վարկերի տակ է: Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ մեր կառավարությունը տրամադրի երկարատեւ վարկեր եւ աջակցի գյուղացուն արտադրանքի իրացման հարցում»,-ասաց Հ. Արշակյանը: Նա հստակ չգիտեր, թե այս տարի ինչու խնձորը չի արտահանվում, բայց ինչքանով տեղեկացված էր` «սահմանի վրա է դժվարությունն առաջանում: Ամբողջ խնդիրը մաքսատան հետ է կապված»: Կարբեցիները խնձորը փչացնելու եւ աղբանոցները թափելու փոխարեն, այն իրացնում են «պապական» եղանակով: Խնձորը փոխանակում են այլ մթերքների հետ: «Ամբողջ Հայաստանի տարածքով մեր գյուղացիները շրջում են ու խնձորի փոխանակում են կատարում` կարտոֆիլի, կաղամբի եւ այլ մթերքների հետ: Այս տարի միայն խնձորի իրացման խնդիրը չէր: Մեր գյուղն ու Օհանավանը միասին 500-600 տոննա կեռասի բերք է ունենում տարեկան, այս տարի կեռասն էլ չկարողացանք իրացնել: Դրանից 3 անգամ ավել ծիրան ունեինք, նորից իրացման խնդրի առաջ կանգնեցինք: Գնալով գյուղացին գոնե առաջ գնա, ընդհակառակը` հետ է գնում: Դրա պատճառով էլ դիմում են վարկերի օգնությանը: Այսօր գյուղացու գոյատեւման հիմնական միջոցը վարկերն են: Կարճաժամկետ վարկերն իրենց չեն արդարացնում,իսկ երկարատեւ վարկերն էլ` գյուղացուն հասանելի չի: Հենց հիմա իմ սեղանին մի քանի գործ կա, պետք է լրացնենք, որ մարդիկ բանկերից վարկ վերցնեն: Խնձորը չի իրացվել, մարդիկ պետք է այդ վարկերով ձմռան հոգս հոգան, վառելիք առնեն»,-ավելացրեց գյուղապետարանի աշխատակիցը: Հ. Արշակյանի համոզմամբ, եթե կարբեցին խնձորը 100 դրամով էլ վաճառի, միեւնույն է, ինքնարժեքը չի հանում, քանի որ պարարտանյութն ու թունաքիմիկատները թանկ են: Գյուղամիջում հավաքված կարբեցիներն էլ դժգոհում էին, որ այս տարվա բերքը համեմատած նախորդ տարիների հետ լավ էր, սակայն, գարնանն ու ամռանը տեղացած կարկուտը ամբողջությամբ փչացրել է: «Ճիշտ է` 3 հակակարկտային կայան ունենք, բայց այս տարի եղանակը գյուղացուց երես էր թեքել: Կարկուտի պատճառով այս տարվա խնձորը որակ չունի»,-ավելացրեց Հրաչյա Արշակյանը: olders_24.11.09 Կարբեցի Գեւորգ պապի ասելով` իր 1 հեկտար խնձորի այգուց ոչ մի կիլոգրամ չի վաճառել: «Պահածոների գործարանից գալիս, տակի թափված խնձորը կիլոգրամը 8 դրամով տանում են: Ավելի լավ է այդ եղանակով խնձորից ազատվենք, քան մի հատ էլ ավտո բռնենք, որ խնձորը հավաքենք տանենք աղբանոցները լցնենք: 1 հեկտարից մի քանի յաշիկ նորմալ խնձոր եմ հավաքել, էդ էլ երեխեքիս բաժինն ա»,-հուսահատ ասաց Գեւորգ պապը: Նմանատիպ կարծիք հայտնեցին գյուղում հավաքված գրեթե բոլոր տղամարդիկ: Հրաչյա Արշակյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը կնպասի, որպեսզի կարբեցիներն իրենց բերքը իրացնեն եւ առեւտրով զբաղվեն: «Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի նման խնդիրներ էլի կառաջանան: Գյուղացու արտադրանքը դարձյալ կէժանանա ու հիմնականում դրսից կներմուծեն: Գյուղացին դարձյալ կոտրված տաշտակի առաջ կկանգնի ու չենք ունենա առաջընթաց: Գյուղացին կարծես այս հասարակության խորթ մասնիկը լինի: Մենք անտեսվել ենք կառավարության կողմից, եւ Փառք Աստծո, որ վերջին 10 տարիների ընթացքում վարկերի շնորհիվ կարողանում ենք գոյատեւել»,-պատասխանեց գյուղապետարանի աշխատակիցը: Կարբիում գտանք  մի քանի ընտանիքների, որոնք հայաստանյան բանկերից վարկ են վերցրել ու հիմա կանգնել են տունը կորցնելու վտանգի առջեւ: Երբ վարկառուներին խնդրեցինք այդ թեմայով զրուցել և հոդված պատրաստել` կտրուկ հրաժարվեցին, ասելով, որ թերթում նման նյութ հայտնվելուց հետո բանկերըը կսկսեն իրենց հետ հաշիվները մաքրել ու հաջորդ անգամ իրենց վարկ չեն տա: Հրաչյա Արշակյանը նույնպես չհամարձակվեց նման ընտանիքի հետ մեզ ծանոթացնել: «Ես գործ չունեմ, դուրս եկեք փողոց հարց ու փորձ արեք ու նման ընտանիքներ շատ կգտնեք»,-խորհուրդ տվեց նա: Այն, որ կարբեցիները հայտնվել են անելանելի դրության մեջ, պարզ երեւում է ամեն երկրորդ հողամասի գլխամասում փակցված ցուցանակից` «հողը վաճառվում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter