Մահվան պատճառը «Խոզի գրի՞պն» է
Այսօրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 25 հիվանդ: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա:
Այսօրվա մամուլում, սակայն, տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանում «խոզի գրիպի» հետևանքով առաջին մահվան դեպքն է արձանագրվել: Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը «Հետքին» ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի:
Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ մեզ կապվել չհաջողվեց: Սակայն վերջինը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ մահացած 51-ամյա հիվանդը ընդամենը «խոզի գրիպով» վարակված լինելու մեջ կասկածվողների շարքում էր, և երբ լինեն հյուսվածքաբանական հետազոտությունների պատասխանները, նոր միայն հնարավոր կլինի ասել` հիվանդը իրականում ունեցե՞լ է H1N1 վիրուս, և արդյոք դրա՞ հետևանքով է մահացել: Ա. Ասոյանի խոսքով` հետազոտությունների պատասխանները կլինեն երեք շաբաթ հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել