Մարտիմեկյան գործով ամբաստանյալ ոստիկաններն իրենց մեղավոր չեն ճանաչում
Սոնա Մաշուրյան
Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գեղամ Հարությունյանն ու Հովհաննես Ղուկասյանը անցյալ տարվա մարտի 1-ին իրենց վերապահված լիազորություններից անցնելու մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում, նրանք ընդամենը իրենց աշխատանքն են կատարել: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված դատաքննության ժամանակ:
Մեղադրող Հարություն Հարությունյանը ճիշտ հակառակ կարծիքի է. ըստ մեղադրական եզրակացության` ոստիկանները մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հրապարակում` Ազգային պատկերասրահի հարեւանությամբ ռետինե մահակներով մի քանի անգամ հարվածել են ինքնությունը չպարզված, փախուստի փորձ կատարող մի տղամարդու, ով մինչ վնասազերծվելը հայհոյանքներ էր տալիս եւ քարեր շպրտում ոստիկանների ուղղությամբ: Մեղադրանքի կողմը գտնում է, որ այդ պահին ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ գործադրելու հիմքեր չկային, իրավախախտն արդեն վնասազերծված էր, ուստի ամբաստանյալները ակնհայտորեն անցել են իրենց լիազորությունների շրջանակը, կատարել հանրորեն վտանգավոր արարք` իրենց գործողություններով արատավորելով ոստիկանության հեղինակությունը եւ էական վնաս պատճառելով անձի եւ պետության շահերին:
Մինչ մեղադրական եզրակացության հրապարակումը պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություն քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ըստ պաշտպանական կողմի, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով արդեն իսկ հաստատված է, որ մարտի 1-2-ին Երեւանում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում դիմադրություն է ցույց տրվել ոստիկաններին` իշխանության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ գործադրվել կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն, իսկ մարտիմեկյան երեկոյան դեպքերի ընթացքում եղել են նաեւ զոհեր. պաշտպան Արշակ Թովմասյանը հիշեցրեց, որ մարտիմեկյան մի շարք գործերի մասնակցել են նաեւ գործով մեղադրողը եւ նախագահող դատավորը: Ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ ոստիկանների գործողությունները պետք է դիտարկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:
Մեղադրողը չառարկեց մարտիմեկյան իրադարձությունների որակումների դեմ, միաժամանակ պնդեց, որ տվյալ գործի պարագայում չի եղել վտանգավոր ոտնձգություն կամ դրա սպառնալիք, դա է հիմնավորում, ըստ մեղադրողի, «փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությունը»: Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը մինչեւ գործի էական հանգամանքների պարզումը` ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի` նախ ցուցմունքներ կտան վկաները, կհետազոտվեն գործի նյութերը, ապա կհարցաքննվեն ամբաստանյալները: Այսօրվա նիստին ներկայացել էին երկու վկա` տաքսու վարորդը (իրավախախտ քաղաքացին փորձում էր փախուստի դիմել տաքսիով) եւ մեկ ոստիկան` երկուսն էլ առանց անձնագրերի: Մինչեւ հաջորդ դատական նիստը` դեկտեմբերի 1-ը, բոլոր վկաները նորից պատշաճ կծանուցվեն նիստի օրվա մասին, որին պարտավոր են ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով, նշեց նախագահող դատավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել