HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Մարտիրոսյան. «Ազատագրված տարածքները մեր իշխանությունների ակտիվ մասնակցությամբ կհանձնվեն ադրբեջանական կողմին»

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը` նշելով, որ մյունխենյան հանդիպումից շատ մեծ սպասելիքներ պետք չէր ունենալ: «Դեռևս հայ-թուրքական արձանագրությունների համատեղ հայտարարման ժամանակ  մենք նշեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հարցն առկա է այդ արձանագրություններում, և այդպես էլ տեղի  է ունենում բանակցության պրոցեսում»,- ասաց նա` նշելով, որ քանի դեռ հայ-թուրքական  արձանագրությունների հետ կապված բոլոր խնդիրները չեն լուծվել, ղարաբաղյան խնդրի հետ կապված փաստաթուղթ իշխանությունները չեն ստորագրի: «Հակառակ դեպքում` ընդհանրապես որևէ կերպ հնարավոր չէր լինի իշխանությունը պահպանել: Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունները կյանքի կոչելուց որոշ ժամանակ անց նոր տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հետ կապված փաստաթղթի ստորագրում և դրա կյանքի կոչելու գործընթաց: Կարծես թե խոսք է գնում ազատագրված տարածքների հանձնման մասին, և բացառությամբ Լաչինի միջանցքի և ոչ թե շրջանի, պետք է ազատագրված տարածքները մեր իշխանությունների ակտիվ մասնակցությամբ հանձնվեն ադրբեջանական կողմին»,- ասաց նա` նշելով, որ «Ժառանգության» համար սա միանշանակ անընդունելի է, քանի որ ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են: Անդրադառնալով Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի ազգային ժողովների նախագահների հանդիպմանը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ինքը դրական է գնահատում հանդիպումը, ողջունում է ցանկացած պետությունների երկորդ դեմքերի հանդիպումները, հատկապես` եթե զրուցելու նյութ կա: «Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացման հետ կապված արտահայտությանը, ապա մեզ համար անընդունելի են արձանագրությունները, որովհետև այնտեղ կան նախապայմաններ, և միայն հայկական կողմն էր, որ զիջումներ կատարեց այս արձանագրությունների ընթացքում»,- ասաց նա: Ա. Մարտիրոսյանը մատնանշեց Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունը, թե` թուրքական կողմն ինչ ցանկանում էր, ստացավ, այն է` սահմանի ճանաչումը: «Ե´վ Դավութօղլուն, և´ Ալիևը մի հետաքրքիր խնդրի վրա էին իրենց ուշադրությունը կենտրոնացրել, դա վերաբերում է Հայաստանի բնակչության թվաքանակին: Դավութօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն աղքատ երկիր է, մեծ արտագաղթ կա: Ալիևն էլ բերել է 1,7 միլիոն մարդ բնակվելու փաստը, և հիմնավորել, որ այս թվի պայմաններում հնարավոր չէ ազատագրված տարածքները բնակեցնել: Նա դա տեսել է որպես ազատագրված տարածքները վերջնականորեն հանձնելու ուղի»,-ասաց նա` նշելով, որ մեր ողջ քաղաքական դաշտը պետք է ուշադիր լինի այս վերլուծական գնահատականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter