Ոստիկանության վաշտի հրամանատարը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատարի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության` ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հ. Հովհաննիսյանը նույն վաշտի առաջին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Թովմասյանին 2-րդ դասակի հրամանատար նշանակելու եւ ոստիականության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար վերջինից պահանջել եւ ստացել է 2500 ԱՄՆ դոլար կաշառք:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Ա. Թովմասյանը հոկտեմբերի 26-ին` ժամը 10 :00-ի սահմաններում, իր աշխատասենյակում Հ. Հովհաննիսյանին է հանձնել պահանջած կաշառքը` 25 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք ԱԱԾ աշխատակիցների կողմից նախապես մշակված են եղել հատուկ քիմիական նյութով:
Հոկտեմբերի 26-ին ոստիկանության ՀԿԱ վարչության շենքի 3-րդ հարկում գտնվող Հ. Հովհաննիսյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ` նրա նշած տեղում` մետաղյա պահարանում, հայտնաբերվել եւ առգրավվել է 2500 ԱՄՆ դոլար գումարը, աշխատասեղանի դարակում` ոստիկանության ՀԿԱ վարչության առանձին ոստիկանության վաշտի ավագ Ա. Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատարի թափուր պաշտոնին նշանակելու միջնորդության համար նախապատրաստված փաստաթղթերը:
Բացի այդ` մետաղյա պահարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ ապօրինի պահվող փամփուշտներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել