HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մեղադրական ճառ՝ առանց ամբաստանյալների

Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով մեղադրող-դատախազ Հովսեփ Սարգսյանը նախորդ նիտում հրապարակել է մեղադրական ճառը: Սակայն 10 ամբաստանյալներից 8-ը եւ նրանց պաշտպաններն այն չեն լսել` իբրեւ բողոքի նշան լքելով նիստերի դահլիճը:

Հիշեցնենք` նախավերջին նիստը հետաձգվել է ամբաստանյալններից Արա Կարապետյանի միջնորդությամբ. Նա հրաժարվել էր իր պաշտպանից եւ նոր պաշտպան ներգրավվելու համար դատարանից ժամանակ խնդրել: Երկու շաբաթ անց հրավիրված հերթական նիստում Կարապետյանի նոր պաշտպանը` Լուսինե Գրիգորյանը, դատարանին խնդրել էր սեփական հայեցողությամբ որոշակի ժամկետ տրամադրել` գործի ամբողջ նյութերին ծանոթանալու համար:

«Հետքի» հետ զրույցում վերջինս նշեց, որ թեեւ օրենքով սահմանված կարգով ինքը տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածում գործում իբրեւ պաշտպան ներգրավված չէր, այնուամենայնիվ, ընդառաջելով դատարանի խնդրանքին` ծանոթացել է գործի նյութերի որոշակի մասին:

«Բայց բնական է, որ ես չէի կարող երկու շաբաթում ծանոթանալ 13 հատորից բաղկացած քրեական գործին` չհաշված դատաքննությամբ ձեռք բերված բոլոր նյութերը, նիստերի արձանագրությունների լազերային կրիչները: Այդ իսկ պատճառով խնդրեցի ժամանակ տրամադրել, սակայն դատարանը որոշեց, որ միջնորդությունս կքննարկի մեղադրական ճառի հրապարակումից հետո: Այսինքն` դատարանը խախտեց իմ պաշտպանական իրավունքը»,- պարզաբանում է փաստաբան Լ. Գրիգորյանը:

Արա Կարապետյանն իր նախկին պաշտպանից հրաժարվել էր, ըստ էության, մեղադրական ճառի հրապարակումը տվյալ պահին կանխելու համար: Այդ նիստում հրապարակվեց Հարություն Ալեքսանյանի գրությունը, որով վերջինս հայտնում էր, թե որեւէ կապ չունի Արմեն Ավետիսյանի տան գողոնի վերադարձման հետ, ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում:

Ուրեմն որտեղի՞ց է այն հայտնվել ԱԱԾ-ում, գուցե հենց ինքը` Արմեն Ավետիսյանն է փոխանցել: Այս հարցն ամբաստանյալները դատաքննության ժամանակ բարձրացրել են, ավելին` նրանցից Բագրատ Սողոմոնյանը հայտարարեց, որ եթե իրոք այդպես է, ուրեմն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պայուսակի պարունակությունը չի ավելացել կամ պակասել. «Կամ եթե ապրանքը Արմեն Ավետիսյանի տանն էր, այդքան ժամանակ ԱԱԾ-ն փնտրում էր, իսկ ինքը չէր հանձնում, նշանակում է, որ ինքն էլ է հանցակից»:

Արմեն Ավետիսյանին դատարանը չհարցաքննեց, եւ այդպես էլ անհայտ մնաց նրա տան գողոնի երթուղին: Մինչդեռ վերջինս դատարանին կարող էր նաեւ ասել, թե ամբաստանյալներից ում է ճանաչում եւ ով կարող էր այդքան մանրամասնորեն կազմել իր տան գծագիրը:

Իսկ Արա Կարապետյանը, դատարանին խնդրելով վերսկսել քննությունը, վստահեցնում էր, որ այդ դեպքում կբացահայտի ոչ միայն Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման, այլեւ գործի մյուս դրվագները` մասնավորապես ոսկու շուկայից Վաղարշակ Վարդեւանյանի սրահի թալանն ու «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ  Հարությունյանի բնակարանի չհաջողված գողությունը. «Սաղ գործերը փակ են, բերեք բացեմ, դնեմ դեմներդ: Ոսկեղենը տանողին էլ գտնեմ տամ ձեզ, Համլետի գործն էլ բացեմ, տամ ձեզ: Այ մարդ, թույլ տվեք բացեմ, սաղ գործերը փակ ի՞նչ դատ եք անում, սենց ի՞նչ ճառ եք ասում»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, մնաց իր որոշմանը, եւ անցյալ նիստում նրա պահանջով մեղադրող Հովսեփ Սարգսյանը հրապարակեց մեղադրական ճառը:

«Իրականում ես չգիտեմ` դատարա՞նն է շտապում, թե՞ դատախազությունը»,- ասում է փաստաբան Մարինե Թովմասյանը: Նրա պաշտպանյալին` Սուրեն Մելքոնյանին մեղադրողը միջնորդել է դատապարտել 12 տարվա ազատազրկման:

«Ուղղակի շոկի մեջ եմ»,- ասում է Մարինե Թովմասյանը եւ նկատում, որ սա պարզապես ԱԱԾ-ի «հետեւողականության» արդյունքն է:

Սուրեն Մելքոնյանն ամբաստանյալններից միակն է, որ կալանավորված չէ: Նա արդեն պատմել է, որ նախաքննության ժամանակ իրեն գործարք են առաջարկել` գրում է այն, ինչ «պետք» է, փոխարենը մնում է ազատության մեջ:

Սակայն դատարանում նա հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից եւ մանրամասնեց, թե դրանք ինչպես, ում ուղղորդմամբ եւ ինչ պայմաններում է գրել: Հիմա էլ, ըստ փաստաբանի, «հետեւողականություն» է դրսեւորվում, եւ Սուրենի համար նման խիստ պատիժ պահանջելն ուղղակի պայմանավորված է վերջինիս նախաքննական խոստումի դրժմամբ:

Դատախազ Հովսեփյանը միջնորդել է մյուս ամբաստանյալներին` Արա Կարապետյանին եւ Արմեն Նիկողոսյանին դատապարտել 15, հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններին` 14, Արշակ Գրիգորյանին եւ Հայկ Մելքոնյանին` 13, Աշոտ Խաչատրյանին եւ Հովհաննես Նազարյանին` 12, իսկ Նիկոլայ Խաչիկյանին` 9 տարվա ազատազրկման:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 8-ին: Նախատեսվում է, որ փաստաբանները հանդես կգան պաշտպանական ճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter